Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Սերկեւիլի ոսկե խնձորները
Դեռ հնում` 4000 տարի առաջ, սերկեւիլի համեղ ու բուրավետ պտուղներն անվանում էին «ոսկե խնձորներ»: Դեռ այն ժամանակ այդ պտուղները համարվում էին սիրո, գեղեցկության, պտղաբերության ու ընտանեկան ջերմության խորհրդանիշ: Նույնիսկ Հին Հունաստանում, հարսանիքի օրը նորապսակները պետք է անպայման սերկեւիլ ուտեին, որպեսզի նրանց ողջ կյանքն անցներ համերաշխ ու բարի մթնոլորտում:
Սերկեւիլը շատ ջերմասեր բույս է, սակայն կարող է նաեւ դիմանալ 30-40 աստիճան սառնամանիքին: Այս համեղ ու բուրավետ պտուղներից պատրաստում են հյութեր, կոմպոտներ, մուրաբա եւ այլ պահածոներ: Օգտագործվում է նաեւ գինեգործության ու հրուշակեղենի արտադրության մեջ:
Բուժական նպատակով օգտագործվում են սերկեւիլի պտուղները: Դրանք պարունակում են մինչեւ 12 տոկոս ֆրուկտոզա, գլյուկոզա, սախարոզա, օրգանական թթուներ` խնձորաթթու, գինեթթու, կիտրոնաթթու, պեկտինային ու դաբաղային նյութեր, ասկորբինաթթու եւ շատ միկրոտարրեր: Սերմերը պարունակում են մոտ 20 տոկոս լորձ. օսլա, ճարպայուղեր եւ այլ օգտակար նյութեր:
Սերկեւիլի սերմերն ու պտուղները օգտագործվում են որպես կապակցող դեղամիջոց աղեստամոքսային տրակտի հիվանդությունների` լուծի, արյունահոսությունների ժամանակ: Որպես միզամուղ միջոց` այն լայնորեն կիրառվում է սրտանոթային հիվանդությունների վիճակը թեթեւացնելու համար, իսկ սերմերից պատրաստած թեյը` մրսածության, հազի, բրոնխիտի, ինչպես նաեւ՝ սպաստիկ կոլիտի բուժման համար: Սերկեւիլը նաեւ հանդիսանում է սրտխառնոցը հանգստացնող միջոց, իսկ թարմ պտուղները երկաթի բարձր պարունակության շնորհիվ կիրառվում են սակավարյունության դեպքում: Պտուղներն օժտված են նաեւ հականեխիչ հատկությամբ: Նույնիսկ փաստեր կան, որ միջնադարի հայկական իրականության մեջ սերկեւիլից պատրաստված եփուկներով բուժում էին հազը, թոքախտն ու այլ դժվար բուժվող հիվանդություններ:
Իսկ ահա մեզ ուղարկված նամակներից մեկում նույնիսկ նշվում է, որ լնդերի արյունահոսության համար շատ լավ միջոց է սերկեւիլի ցողունների կեղեւներից պատրաստված եփուկով ողողումը: Դրա համար անհրաժեշտ է 1 թեյի գդալ ծառի ցողունների կեղեւը լցնել 300 մլ ջրի մեջ ու մարմանդ կրակի վրա եփել:
Սերկեւիլի թարմ պտուղներից պատրաստված օշարակն անեմիայի ժամանակ շատ օգտակար է, իսկ դրանք խորոված կամ եփած վիճակում օրը 100-ական գրամ կարելի է ուտել բրոնխիտի դեպքում, ինչպես նաեւ լավ լեղամուղ միջոց է:
Սերկեւիլի լորձաթուրմը (որի պատրաստման համար անհրաժեշտ է 5:100 հարաբերությամբ ամբողջական սերմերի վրա ջուր լցնել ու մի քիչ թողնել), շատ լավ է աչքերի լվացման համար, բրոնխիտի, շնչուղիների շատ հիվանդությունների, սպաստիկ կոլիտի եւ նմանատիպ այլ հիվանդությունների բուժման համար: Այն նաեւ շատ լավ սնուցող դիմակ կարող է հանդիսանալ դեմքի մաշկի համար:
Պետք է ասել, որ, իհարկե, սերկեւիլ խորհուրդ չի տրվում օգտագործել կերակրող մայրերին, քանի որ այն կարող է փորկապության պատճառ դառնալ:
Ինչո՞ւ են եղունգների վրա սպիտակ բծեր առաջանում
Եղունգների վրա սպիտակ փոքրիկ բծերը, որպես կանոն, հայտնվում են այն ժամանակ, երբ ձեր կերակրացանկից պակասում է պրոտեինը կամ ցինկը: Սկսեք շատ օգտագործել ձու, պանիր, տավարի միս եւ ծովամթերք: Քանի որ եղունգները դանդաղ են աճում, բծերը կսկսեն անհետանալ մոտ 6 ամսից:
Աղը հեշտությամբ կարելի է փոխարինել
Աղի փոխարեն կարելի է օգտագործել տարբեր համեմունքներ` պղպեղ, քացախ, կանաչի: Մսի համար պատրաստվող սոուսին կարելի է ավելացնել սխտոր, որ եւ համեղ է, եւ օգտակար: Սխտորը սազում է նաեւ միջերկրածովյան կծու սննդամթերքների հետ: Մանր կտրատված մաղադանոսն ու կանաչ սոխը առանց երկմտելու կարելի է ավելացնել եփած կարտոֆիլին: Շատ լավ համեմունք է թարխունը, հատկապես ձկան հետ: Շատերն աղի փոխարեն օգտագործում են պատրաստի սոյայի սոուս կամ մանանեխ, դա այնքան էլ ճիշտ չէ: Պատրաստի սոյայի սոուսի ու մանանեխի անընդհատ օգտագործումը կարող է հանգեցնել երիկամների խնդիրների: Կարելի է նաեւ բանջարեղեններով ու մրգերով սոուս պատրաստել: Կարելի է 2 հատ լոլիկը, 1 հատ կիտրոնը, 1 հատ կանաչ խնձորը կտրատել ու հարիչով հարել: Ստացվում է շատ համեղ սոուս: Այն հատկապես համեղ է մսից պատրաստված կերակրատեսակների հետ: