Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները երեքշաբթի օրը Ուլյանովսկում մանրամասն քննարկել են Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան: Ըստ նրա` Իլհամ Ալիեւը Դմիտրի Մեդվեդեւին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կիրակի օրը Մյունհենում կայացած հանդիպման մանրամասները: ՌԴ նախագահը ողջունել է բանակցային գործընթացում դրական տեղաշարժը եւ վստահեցրել Ալիեւին, որ պաշտոնական Մոսկվան այսուհետ եւս շարունակելու է Ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված անհրաժեշտ ջանքեր գործադրել: Տիմակովայի փոխանցմամբ` նախագահները քննարկել են նաեւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը եւ առաջիկա հանդիպումների գրաֆիկը: Հանդիպման առիթը Ուլյանովսկի հրապարակներից մեկը Ադրբեջանի նախկին նախագահի անունով կոչելու արարողությունն էր: Իլհամ Ալիեւին Դմիտրի Մեդվեդեւը դիմավորել է օդանավակայանում, եւ այնտեղից նախագահները մի ավտոմեքենայով շարժվել են դեպի միջոցառման անցկացման վայր, որտեղ ՌԴ նախագահը ծաղիկներ է դրել Հեյդար Ալիեւի հուշարձանին: Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները երկու երկրների միջեւ հարաբերությունները մատնանշել են որպես բարեկամական հարաբերությունների օրինակ: «Այս կամուրջն ու Հեյդար Ալիեւի հուշարձանը բարեկամության խորհրդանիշ է, սա օրինակ է, թե ինչպես պետք է կառուցել հարաբերությունները հետխորհրդային տարածքում»,- ըստ «Ազատության»` հանդիպումից առաջ հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը: Իսկ ավելի վաղ Ի. Ալիեւն ասել էր. «Եթե աշխարհի բոլոր երկրներն ունենային այնպիսի հարաբերություններ, ինչպիսին են Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները, աշխարհում խնդիր չէր լինի»: