«Հաշմանդամություն ունեցող մարդը քո հասարակության անդամն է, որը պաշտոնապես հայտարարված միամսյակի կարիք չունի»,- ասում է Գայանե Կլեկչյանը:
Չորուկ կազմվածքով կույր տղան մարդկանց օգնությամբ բարձրանում է բեմ: Նա ինքնավստահ է. մտածում եմ` ուրիշների օգնությունը ոչ այնքան իրեն է պետք, որքան հենց այդ ուրիշներին, որովհետեւ այդ մարդիկ թերահավատորեն են վերաբերվում մթության մեջ ապրող տղային: Լեւոնը մոտենում է դաշնամուրին: Մատներով շոշափելով` ակնթարթորեն հարմարվում է իրեն շրջապատող գործիքի չափ ու ձեւին: Առաստաղի վրա մի գծով տեղադրված մեծ ու փոքր լուսարձակները մարում են: Լույսը շաղվում, մշուշվում է, բայց ոչ տղայի համար, որովհետեւ նրա աչքերի մթության մեջ լուսարձակների «խաղն» անտեսանելի է: Մատների շշմելու պլաստիկ շարժումներով դաշնամուրի ստեղնաշարը նա դարձնում է իր համար փոքրիկ մի բեմ: Մատների եւ ստեղնաշարի հպումից Լեւոնն ինքն իրեն վերագտնում է, կարծես խոսում, կիսվում, թեթեւանում է: Լեւոնի ու դաշնամուրի երկխոսությունից բոլորը կարծես տխրում են ու մտքերով հեռուներն են գնում: Բախ, Մոցարտ, Բեթհովեն, Շոպեն, Գրանադոս, Չայկովսկի, Ռախմանինով, Բաբաջանյան, Խաչատրյան… Ակումբի սեղանների շուրջ նստած մարդիկ միմյանց հետ նույնիսկ շշուկով չեն զրուցում, նրանք լուռ են: Լեւոնն իր կատարումներով ինչ-որ խորհրդավոր բան է արթնացնում, ու լսարանն անխոս հետեւում է նրա մատների «խաղին»: Ակումբը փոքր է, իսկ մարդիկ` շատ: Ոմանք ծխախոտի գլանակների մեջ որսում են իրենց կյանքի հեքիաթը, որովհետեւ Լեւոնը բոլորի մեջ հեքիաթ է արթնացրել: 20-ամյա Լեւոնը կույր է, բայց մատների ճկունությամբ, դաշնամուրի օգնությամբ պատմում է իր կյանքի հրաշքի մասին: Սեղանների շուրջ նստած մարդիկ տեսնում են, բայց հանկարծ հասկանում են, որ վաղուց կորցրել են հեքիաթներին ու հրաշքներին հավատալու իդեալը: Լեւոնն արտասովոր բան է արթնացնում մարդկանց մեջ: Ու հրաշքը թափանցում է բոլորի մեջ:
Լեւոն Կարապետյանը սովորում է Կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնի չորրորդ կուրսում: Պրոֆեսոր Քեչակի ուսանողն է: Տեսողության խանգարում ունեցող այս երիտասարդը սիրում է կյանքը, ապրում է մենակ եւ ինքնուրույն կարողանում է հոգալ իր կենցաղային խնդիրները: Լեւոնն ամեն օր իր համար կերակուր է պատրաստում, իր ձեռքերով հարդարում է օրվա հագուստը եւ Կոնսերվատորիա է հաճախում ընկերների օգնությամբ: Ծնողների` հանրապետությունից բացակայելու հանգամանքն ամենեւին էլ չի բարդացնում նրա առօրյան, քանի որ վերջինս լինելով կույր, այդուհանդերձ, իր կյանքը տնօրինում է միայնակ:
«Մանկության մոլորակ» ինտերնետային կայքէջի հեղինակ եւ «Նռանի» հարսանյաց սրահի տնօրեն Գայանե Կլեկչյանը Լեւոնի հետ երեք տարի առաջ ծանոթացել է «Խոսող գրքեր» նախագիծն իրականացնելու ժամանակ: «Խոսող գրքեր» տեսողության խանգարում ունեցող երեխաների համար նախատեսված նախագծի (այն իր մեջ ներառում է համաշխարհային գրականությունը) գեղարվեստական, երաժշտական մասում մասնակցելու համար Գայանեն հրավիրել էր նաեւ Լեւոնին, որից հետո նրանց միջեւ ամուր բարեկամական կապ է ստեղծվել: Նոյեմբերի 22-ին «Ուլիխանյան» ակումբում Գայանե Կլեկչյանը դասական երաժշտության երեկո էր կազմակերպել, որտեղ հանդես եկավ Լեւոն Կարապետյանը: Ընդհանրապես ակումբային ֆորմատով դասական երաժշտություն ներկայացնելը մեր քաղաքում, կարծես թե, ընդունված երեւույթ չէ: Մինչդեռ, Լեւոնի ելույթը ցույց տվեց, որ դասական երաժշտությունը եւ ակումբային միջավայրն ամենեւին էլ չեն հակասում իրար, ճիշտ հակառակը՝ այն յուրօրինակ կուլտուրա է: Ջազի, ռոքի, ռոքընռոլի երեկոներ կազմակերպած «Ուլիխանյան» ակումբի ղեկավարները նույնպես հաստատեցին, որ դասական երաժշտություն սիրող միջավայրը կիսադատարկ դահլիճներից կարելի է տեղափոխել փոքրիկ ակումբներ: Սա այն կոմպակտ սրահն է, որտեղ լսարանը գտնում է իր երաժշտությունը, իսկ երաժշտությունը գտնում է իր ունկնդրին: Հակառակ դեպքում դասական երաժշտություն ներկայացնողները շարունակելու են «տրտնջալ» լսարան չունենալու համար, իսկ լսարանն էլ դժվարությամբ է գտնելու իր փնտրած երաժշտությունը: Այնպես որ, Մոցարտ, Չայկովսկի եւ Բախ կարելի է լսել ոչ թե երեկոյան զգեստներով, շպարված եւ հանդիսավոր կերպով, այլ նաեւ ջինսերով ակումբում նստած` մի բաժակ սուրճ կամ կոնյակ ըմպելով: Ի վերջո, բացի այն, որ երաժշտությունը գտնում է իր լսարանին` իրար գտնում են նաեւ մարդիկ: Ակումբը նաեւ շփման վայր է, իսկ դասական երաժշտության համախոհներն իրար գտնելու եւ միմյանց հետ շփվելու հնարավորություն են ունենում:
Ի դեպ, Հայաստանում, նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հայտարարված է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակ: Արդյո՞ք «Ուլիխանյան» ակումբում կազմակերպված տեսողության խանգարում ունեցող Լեւոն Կարապետյանի համերգը կապ ուներ այս միամսյակի հետ: Մեր այս հարցին երեկոյի կազմակերպիչ Գայանե Կլեկչյանը պատասխանեց. «Ասեք՝ գնամ մեռնեմ էլի, որ միամսյակից միամսյակ պիտի հաշմանդամ մարդկանց համար մի բան անեմ… Բացարձակ կապ չունի հայտարարված միամսյակը: Հաճելի պահերը, անառիթ առիթները պետք է մշտապես լինեն, տարվա բոլոր օրերին եւ ամիսներին: Ես այսօր ներկայացրել եմ ոչ թե տեսողության խանգարում ունեցող Լեւոն Կարապետյանին, այլ` ներկայացրել եմ տաղանդավոր երաժիշտ Լեւոն Կարապետյանին: Կա խնդիր, կա տեսողության խանգարման փաստը, բայց շեշտադրումը դրված է Լեւոնի արվեստի եւ տաղանդի վրա: Կարծում եմ, նման միամսյակները հաշմանդամներին հասարակության մեջ ինտեգրելու առումով սխալ են, որովհետեւ այդպիսով ավելի են հեռացնում: Նման միջոցառումները, այդ ուշադրությունը պետք է լինի ամեն օր, տարվա բոլոր ամիսներին»: Այդուհանդերձ, Գայանեն կարծում է, որ հասարակությունն ինտեգրման կարիք ունի եւ ոչ թե հաշմանդամություն ունեցող մարդիկ: «Ինձ համար սա ապրելակերպ է, ոչ թե պաշտոնապես հայտարարված միամսյակի շրջանակներում միջոցառում: Հաշմանդամություն ունեցող մարդը քո հասարակության անդամն է, որը միամսյակի կարիք չունի: Նման դեպքերում խնդիր ունի հասարակությունը, ոչ թե տվյալ հաշմանդամը, որովհետեւ մարդը դուրս է գալիս, իսկ եթե չես կարողանում նրա հետ շփվել, ուրեմն` խնդիրը քո մեջ է: Ինքը քո հետ շփվելու խնդիր չունի, բայց դու կոմպլեքսավորվում ես, ուրեմն` դու ունես խնդիր: Շատ սխալ է դասակարգել հաշմանդամներ եւ ոչ հաշմանդամներ: Ի վերջո, միամսյակում ի՞նչ պիտի հասցնես անել: Դա իմը չէ, ես անառիթ առիթների մեծ սիրահար եմ»,- ասաց Գ. Կլեկչյանը:
Իսկ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը օրեր առաջ կրկին ասուլիս էր հրավիրել: Ասում էր, որ միամսյակի նպատակն է՝ բարձրացնել հաշմանդամության խնդիրների վերաբերյալ իրազեկվածությունը եւ նպաստել հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովմանը: Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը բոլորին կոչ արեց միանալ հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակին:
Այս բարձրագոչ հայտարարություններից ազդված մարդը ակամայից ուզում է պաստառները ձեռքին քայլել փողոցով եւ հաշմանդամություն ունեցողների իրավունքների համար հավասարություն քարոզել: Բայց մի փոքրիկ ակումբում, մի «խենթ ու խելառ» էնտուզիաստի կազմակերպած` կույր տղայի դասական երաժշտությունը լսելուց հետո հասկանում ես, որ կույր տղան ավելի շատ բան է տեսնում, քան մենք` տեսնողներս: Եվ իսկապես, հենց մենք խնդիր ունենք, եւ ոչ թե` հաշմանդամություն ունեցողները: