Հայաստանում հաջորդ տարի կենսաթոշակները չեն բարձրանա, սակայն դրանք կսկսեն վճարել ոչ կանխիկ` բանկոմատների միջոցով: Այդ մասին երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: «2010թ. հունվարի 1-ից, կառավարությունում քննարկվում է այդ ծրագիրը, եւ ցանկացողները կարող են արդեն դրանով սպասարկվել: 2011-ից` պարտադիր, իսկ 2010-ին` արդեն կամավորության հիման վրա»,- ասել է Խաչիկյանը: Հարցին` արդյոք բանկոմատներից օգտվելը դժվարություն չի՞ ներկայացնի տարեցների համար, Վ. Խաչիկյանը պատասխանել է. «Ես լավ կարծիքի եմ մեր կենսաթոշակառուների կրթական եւ գիտակցական մակարդակի վերաբերյալ եւ մտածում եմ, որ մեծ մասը, իհարկե, կկարողանան»: Փոփոխությունը, ըստ նրա` կարվի կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար: Հաճախ թոշակառուները դժգոհում են, որ փոստատարները կենսաթոշակը վճարելիս պարտադրաբար վերցնում են 100-500-ական դրամ յուրաքանչյուր անգամ: Նա չի հերքել նմանատիպ երեւույթների առկայությունը: «Այդ ամենը բարեփոխումների փուլում է: Իհարկե, վերահսկողություն էլ կա, եւ առանձին մարդիկ նաեւ պատժվել են: Եվ մտածում եմ, որ առաջիկա մեկ-երկու տարում այդ կարգի բաներ չեն լինի: Մենք փորձում ենք ողջ հանրապետությունում, այսպես ասած, պայքար տանել դրա դեմ: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ դեպքերին` կոնկրետ դեպքերում իրենք կարող են դիմել մեզ եւ շատ հաճախ նաեւ դիմում են մեզ, եւ մենք յուրաքանչյուր ահազանգի հետեւից գնում ենք եւ փորձում ենք լուծումներ տալ մեր ժողովրդին մտահոգող խնդիրներին»,- ասել է նա: