Էստոնացի նկարչուհի Իլոն Վիկլանդի մանուշակագույն հագուստն ու կարմիր նռերով ականջօղերն ավելի են ընդգծում այն աշխարհի գույները, որոնք դեռեւս մանկությունից ստեղծել է նկարչուհին: Նրա նկարներում ոչ միայն գույներն են խիտ, այլեւ այն զգացողությունները, որոնք, բացի նկարներում պատկերված հերոսներից, ապրում են երեխաներն ու վերապրում մեծերը: Երեխաների համար Վիկլանդի նկարները, նախեւառաջ, հաճելի հանդիպում է իրենց սիրելի հերոսների հետ, ինչպես, ասենք, տանիքում բնակվող Կառլսոնի հետ: Մեծերի համար էլ Վիկլանդի աշխարհը հիշեցնում է այն մաքուր երազների ու իդեալների մասին, որոնք պարզապես թաքնվել են առօրյա հոգսերի ստվերում: «Կարծում եմ` նկարելու համար նախեւառաջ զգացողություներ են անհրաժեշտ, ու ամենակարեւորը` պետք է կարողանաս այդ զգացողությունները ցույց տալ: Օրինակ, ցույց տաս, թե ինչպես է երեխան լացում, ուրախանում: Դա պետք է լինի անմիջական ու պարզ, ինչպես իրականում կա»,- օրեր առաջ ասաց Իլոն Վիկլանդը` շարժվելով դեպի Գեղագիտության ազգային կենտրոնի սպիտակ սավանով ծածկված բեմահարթակ: Ապա նկարչուհին իր հերոսների պես պարզ ու առանց այլեւայլ ձեւականությունների նստեց հատակից փոքր-ինչ բարձր բեմահարթակին: «Այսպես ավելի հանգիստ է: Գիտե՞ս` ինձ երբեւէ չի հետաքրքրել, թե ինչ են մտածում կամ զգում մյուսները: Ես նկարում եմ ինձ համար, այո, հենց ինքս ինձ համար»,- ասաց զրուցակիցս:
«Ամբողջ իմ կյանքում ես նկարել եմ: Մայրս էլ էր նկարիչ, ուստի ես մանկուց արդեն նյութ ունեի նկարելու համար: Սիրում եմ նկարել: Անգամ ճամփորդելիս եմ նկարում: Նկարում եմ այն, ինչ տեսնում եմ: Դա ինձ համար նաեւ աշխատանք է, որից անչափ մեծ բավականություն եմ ստանում: Կարեւորը պետք է լինի այն, թե դու ի՞նչ ես ուզում անել, նկարել… այնուհետեւ պետք է մտածես փող աշխատելու մասին»,- ասաց սպիտակահեր եւ 80-ամյա տարիքի հետքերը ձեռքերին կրող կինը, ում համար աշխարհը շատ է փոխվել: «Դժվար ժամանակներում ենք ապրում: Ամեն վայրկյան ինչ-որ տեղ պատերազմ է սկսում: Ամենուր դժբախտ դեպքեր են տեղի ունենում: Բոլորս էլ դա գիտենք: Ես քիչ եմ դիտում հեռուստացույց: Բայց այսօրվա մուլտֆիլմերն ինձ հոգեհարազատ չեն: Դրանք գուցե ստեղծվում են երեխաների համար, բայց հաճախ այդ անիմացիոն ֆիլմերն ուղղակի սարսափելի են: Հիմնականում, ասես, անցյալի համար են արվում, քան ներկայի: Մինչդեռ մեր ժամանակները այդքան էլ հեշտ չեն: Ինձ երջանկացնում է այն, որ երեխաները սիրում են իմ նկարները: Եթե նրանք չսիրեն` երեւի չեմ կարող նորը ստեղծել»,-այս անգամ նկարչուհու խոսքերը ընդհատվեցին փոքրիկների չարաճճի անցուդարձից, որոնցից ամեն մեկն իր հերթին ուզում էր լուսանկարվել նկարչուհու հետ, ստանալ նրա ստորագրությունը եւ մեկ անգամ եւս խոսել Կառլսոնի մասին:
«Մինչեւ հիմա էլ բոլորը կարծում են, թե Կառլսոնը շվեդ է, բայց դա այդպես չէ: Նա ֆրանսիացի է: Երբ շվեդ մանկագիր Աստրիդ Լինդգրենն ինձ առաջարկեց «Կառլսոնը, որն ապրում է տանիքում» վիպակի համար նկարներ անել, ես որոշ ժամանակ չէի գտնում Կառլսոնի կերպարը: Ինչպիսի՞ն պետք է լիներ նա: Եվ ահա պատահաբար Ֆրանսիայի շուկաներից մեկում ես տեսա փոքրիկ մի տղամարդու ու հասկացա, որ հենց նա է Կառլսոնը: Տուն հասնելով` անմիջապես նկարեցի: Կարծում եմ` Աստրիդին եւս շատ դուր եկավ: Ինձ համար էլ Կառլսոնին նկարելը պարզապես զվարճանք էր»,- տանիքում ապրող մանուկների լավագույն ընկերոջ մասին պատմում էր տիկին Վիկլանդը, ով չի սիրում, երբ իր նկարների հերոսները իրեն որոշակի պահանջներ են ներկայացնում: «Ես չեմ սիրում, երբ իմ հերոսները ինձ որեւէ պահանջ են ներկայացնում: Ես պետք է ընտրեմ գույնն ու չափսը, այլ ոչ թե նրանք ասեն: Ես սիրում եմ ազատ ստեղծագործել: Դա է պատճառը, որ ես նրանց չեմ լսում»,- շեշտում էր նկարչուհին ու երկար նայում նկարների հերոսներին, որոնք վաղուց է, ինչ դադարել են բնակվել միայն նկարներում: Այս անգամ էլ Վիկլանդի աշխարհի մեծահասակ երկրպագուներն էին ընդհատում մեր զրույցը:
«Ես շատ եմ ճամփորդել ամբողջ աշխարհում, բայց աշխարհի այս անկյունում` Հայաստանում, երբեւէ չեմ եղել: Ես նույնիսկ Թուրքիայում եմ եղել: Հայերի ու Հայաստանի պատմությունը, արվեստը, քրիստոնեությունը, եկեղեցիները ինձ շատ են գրավել: Իսկ ամենակարեւորը, որ ես բավարարված եմ գնում Հայաստանից, այն առումով, որ վերջապես ես տեսա Արարատը,- Շվեդիայի դեսպան Հանս Գունար Ադենի հյուրասիրած խաղողի հատիկները համտեսելով` ասաց աշխարհահռչակ նկարչուհին ու ավելացրեց,- Չգիտեմ, էլի կգա՞մ Հայաստան, թե՞ ոչ: Բայց այստեղից գնում եմ շատ տպավորված: Փետրվարին կլրանա 80-ամյակս»։ Այս ասելուն պես նկարչուհու կապույտ աչքերում ժպտացին այն թաքուն արցունքները, որոնք հիշեցնում էին ժամանակի ու մարդու անհաշտ բնավորությունների մասին: