Հերթական մահը

26/11/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Արդեն երկու տարի է` ինչ «168 Ժամի» խմբագրություն են դիմում Նոր Արեշ 35 փողոցի 127/1 հասցեում գտնվող հանրակացարանի նկուղային հարկի բնակիչները: Վերջիններս չեն դադարում ահազանգել իրենց կյանքին սպառնացող վտանգի մասին, սակայն անօգուտ:

Մի քանի հրապարակումներով մենք անդրադարձել ենք հանրակացարանի նկուղային հարկում բնակվող 16 ընտանիքների սոսկալի կենսապայմաններին: Նաեւ պարբերաբար տպագրում ենք այն մարդկանց լուսանկարներն, ովքեր ապրելով այդ շենքում՝ ստանում են առողջական ծանր հիվանդություններ եւ որոշ ժամանակ անց մահանում են: Հիշեցնենք, որ նկուղային հարկի 16 ընտանիքներն իրենց մանկահասակ երեխաների հետ ապրում են բառի բուն իմաստով՝ «ճահճի» վրա, քանի որ նկուղի կոյուղաջրերը ոչ միայն հոսում են նրանց սենյակներ, այլ նաեւ` սենյակների պատերն արդեն «բորբոսնել» են խոնավությունից: Ավելին` այս շենքում պարբերաբար արձանագրվում են նկուղից սենյակներ բարձրացող առնետների` երեխաներին վնասելու դեպքեր (մենք գրել էինք` ինչպես էր առնետը կրծել երեխայի քիթը): Վերջին անգամ մեզ այդ շենք էր հրավիրել նկուղային հարկի բնակչուհի Գայանե Ծառատակյանը, ում մոտ բժիշկերն ախտորոշել էին թոքերի արագ տարածվող քաղցկեղ: Ասում էր` «Ես երկար չեմ ապրի, շուտով ես էլ ճանապարհ կընկնեմ էն աշխարհ, բայց, խնդրում եմ` օգնե՛ք մյուսներին… Այստեղ են ապրում դեռ մեր երեխաները: Այս շենքում է ապրում շուրջ 16 ընտանիք, որոնց մեջ շատ են երեխաները: Բոլորը հիվանդանում են, բոլորը մահանում են»: Նոր Արեշ 35 փողոցի 127/1 նկուղային շենքի բնակիչները պատմում էին, որ կենցաղային սարսափելի պայմանների պատճառով տարեկան 5-6 մահ են ունենում, որոնք միեւնույն ախտորոշումներ ունեցած հիվանդությունների պատճառ են` թոքախտ, քաղցկեղ, նյարդային բորբոքումներ: Երեւանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունը ժամանակ առ ժամանակ հայտարարում է, որ նկուղային հարկի բնակիչները պետք է տեղահանվեն: Հանրակացարանը չորրորդ կարգի վթարային շենք է: Պարբերաբար արձանագրվող մահվան ելքերը քաղաքապետարանի համապատասխան վարչությանը չեն սթափեցնում, քանի որ խոստումը «սառեցվել» է: Նկուղային հարկի բնակիչներն այդ շենքում ապրում են դեռեւս 1990-ականներից, երբ պետությունը բնակարան ստացող քաղաքացիներին ժամանակավոր կացարաններ տրամադրեց: Այս մի քանի տարիների ընթացքում մեզ ահազանգած հանրակացարանի բնակիչներից շատերը դառնում են սեւ շրջանակների մեջ առնված հանգուցյալների նկարներ: Երկու օր առաջ սեւ շրջանակի մեջ տեղադրված հանգուցյալի նկար դարձավ նաեւ Գայանե Ծառատակյանը, ով 20 օր առաջ խնդրում էր իր հիվանդության եւ սպասվող մահվան օրինակով ՀՀ իշխանություններին «արթնացնել»: Տիկին Գայանեն անընդհատ կրկնում էր` «Գոնե ապրողներին փրկեն: Մյուսներն էլ իմ ճակատագրին չարժանանան: Լիդան թոքախտից մեռավ, Զարիկը թոքախտից մեռավ, Արարատը, մյուսը…»: Նկուղային հարկի բնակիչները նայում էին «ձեռքից գնացող» տիկին Գայանեին ու ասում էին` «Նայե՛ք Գայանեին: Մեր բոլորի ապագան ա: Բոլորս հերթով այս սենց հիվանդանալու, մահանալու ենք»: