Անգինան պատկանում է սուր ինֆեկցիոն հիվանդությունների թվին: Բացի ստրեպտոկոկերից, անգինա կարող են առաջացնել վիրուսները, սնկերը, ստաֆիլակոկերն ու պնեւմոկոկերը:
Հիվանդությանը բնորոշ են կոկորդի լիմֆատիկ հանգույցների բորբոքումները, մարմնի բարձր ջերմաստիճանը, կոկորդի ցավն ու նշիկների փառակալումը: Հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Անգինայով հիվանդ մարդուց հնարավոր է վարակվել սուր ռեսպերատոր ինֆեկցիաներով, քրոնիկական տոնզիլիտով ու նաեւ քութեշով: Ոչ հաճախ, բայց հնարավոր է՝ վարակումը տեղի ունենա ստրեպտոկոկով վարակված սննդամթերքի պատճառով: Այս հիվանդությամբ մեկ անգամ հիվանդանալուց հետո հատուկ դիմադրողականություն չի ձեւավորվում, ինչպես շատ ինֆեկցիոն հիվանդություններով հիվանդանալուց հետո, այլ ընդհակառակը` հաճախ հարուցիչի նկատմամբ բարձր զգայունության պատճառով հիվանդությունը կարող է կրկնվել:
Հիվանդության գաղտնի շրջանը, այսինքն՝ սկսած այն պահից, երբ բակտերիան ներթափանցում է օրգանիզմ, կարող է շարունակվել մի քանի ժամից մինչեւ 2-3 օր: Այն սկսվում է մարմնի բարձր ջերմաստիճանով (կարող է հասնել մինչեւ 40 աստիճանի), շատ քիչ դեպքերում է, որ ջերմությունը պահպանվում է 37-37,5 աստիճանում: Կոկորդում այրոցի ու քերոցի զգացողություն է լինում, իսկ կլման ակտի ժամանակ` ուժգին ցավ: Հիվանդության ժամանակ նկատվում է ականջի ու ծնոտի մոտ գտնվող լիմֆատիկ հանգույցների մեծացում: Կոկորդի լորձաթաղանթը ստանում է մորու գույն, իսկ նշիկները հաճախ պատված են լինում թարախի փառով: Հիվանդության հետագա ընթացքին կարող է հաջորդել ականջների ցավը:
Երեխաների մոտ կյանքի առաջին տարիներին, անգինայի ժամանակ կարող են լինել փսխում ու ցնցումներ: Հիվանդությունը ուղեկցվում է թունավորման սիմպտոմներով` թուլություն, գլխացավ, ախորժակի անկում: Հիվանդության ժամանակ կատարվում է կոկորդից վերցրած քսուկի հետազոտություն: Երբ հետազոտության արդյունքում պարզվում է, որ վիճակն այնքան էլ բարդ չէ, բուժումը կարելի է անցկացնել տնային պայմաններում, իհարկե, անկողնային ռեժիմով:
Ինտոքսիկացիայի սիմպտոմները պակասեցնելու համար երեխաներին պետք է տալ առատ հեղուկներ` բնական հյութերի տեսքով, մի քիչ գոլ վիճակում:
Անգինայից հետո հնարավոր բարդությունները տարբեր են: Ավելի հաճախ զարգանում է պարատոնզիլիտ` նշիկների երկկողմանի բորբոքում, եւ կրում է քրոնիկական բնույթ: Բարդություններից մեկն էլ կլման աբսցեսն է, որի ժամանակ հիվանդը ուժգին ցավից նույնիսկ դժվարանում է ուտել, խմել կամ խոսել: Այն պահանջում է բժշկի անհապաղ օգնություն: Բժիշկը այն կմշակի ու կնշանակի համապատասխան հակաբիոտիկներ:
Անգինայից հետո կարող է զարգանալ հայմորիտ կամ ֆրոնտիտ: Այս ժամանակ քրոնիկական բնույթ են սկսում կրել փակված քթանցքերը, գլխացավերն ու արցունքահոսությունը: Հետո քթանցքերից սկսում է թարախային արտադրություն գալ:
Անգինայի բարդություններից ամենածանրը ռեւմատիզմն ու գլոմերուլոնեֆրիտն են: Ռեւմատիզմի ժամանակ էապես ախտահարվում է սիրտը, իսկ որոշ դեպքերում էլ հիվանդությունն արտահայտվում է մի քանի հոդերի բորբոքումով: Ռեւմատիզմի արդյունքում զարգանում են սրտի ձեռքբերովի արատներ: Գլոմերուլոնեֆրիտի դեպքում ախտահարվում են երիկամները: Այս հիվանդությանը բնորոշ են հիմնականում դեմքի այտուցը, արյան բարձր ճնշումը, ցավերը գոտկատեղի շրջանում եւ մեզի մեջ արյան առկայությունը:
Ինչպես նշվեց, անգինայի բուժման համար անպայման անհրաժեշտ է անկողնային ռեժիմ, եւ ոչ միայն բարձր ջերմության ընթացքում, այլ նաեւ ջերմությունը կարգավորվելուց հետո եւս 2-3 օր: Այն կարեւոր է բարդություններից խուսափելու համար: Առատ հեղուկ օգտագործելը գոլ վիճակում ուղղակի անհրաժեշտություն է եւ պարտադիր: Այն նպաստում է օրգանիզմից տոքսինները արագ հեռացնելուն: Պետք է բացառել կծու, սառը եւ շատ տաք սննդամթերքը: Այս դեպքում շատ կարեւոր է հակաբիոտիկների դերը, իհարկե` միայն բժշկի նշանակմամբ ու հսկողությամբ: Իսկ ահա անգինայի մոնոնուկլեոզ տեսակը պահանջում է միայն ստացիոնար բուժում: