«Մոսկվայում ազգությունը կապ չունի, այստեղ կարեւոր է միայն մի բան՝ տեղացի՞ ես, թե՞ ոչ»,-ասում է 33-ամյա Ագիֆ Աբդուլաեւը:
Ագիֆը մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց Ադրբեջանում աշխատանք չգտնելու
պատճառով եկել է Մոսկվա եւ սկսել է առեւտուր անել շուկայում, ինչպես
կովկասցիների մեծ մասը: 1998-ին նա ծանոթացել է Լեւոն Արայանի հետ՝
գործնական հարաբերություններ հաստատելով:
Թեեւ հայերն ու ադրբեջանցիները 1988-ից հակամարտության մեջ են, բայց նրանք
ասում են, որ Մոսկվայում իրենց հարաբերությունները շատ լավ են: «Ես նրան
առաջարկեցի իմ ապրանքը, ու մենք սկսեցինք միասին զբաղվել բիզնեսով»,-
հիշում է Լեւոնը: «Մեր 2 ազգերի միջեւ ատելությունը գործին չի խանգարում,
մենք երբեք քաղաքականությունից ու Ղարաբաղից չենք խոսում, մեզ նման
հասարակ մարդիկ միշտ էլ լավ հարեւաններ են եղել»: «Հայաստանին ի՞նչ օգուտ
Ղարաբաղից: Կարծում եմ՝ պիտի Ղարաբաղը նվիրել Ադրբեջանին՝ փոխանակելով
նավթով հարուստ տարածքների հետ»,- կատակում է Լեւոնը:
«Լեւոնն իմ ծանոթներից միակն է, որ միշտ պատրաստ է օգնելու: Մի անգամ ինձ
4000 դոլար էր պետք, ու Լեւոնը տվեց առանց որեւէ գրավի: Մենք իրար
վստահում ենք»,- ասում է Ագիֆը: «Ես էլ եմ Ագիֆից մեծ գումարներ պարտքով
վերցրել: Մեր գործերը բավականին լավ են, վերջերս նոր գործ ենք
սկսել»,-ավելացնում է Լեւոնը:
Գործընկերներն իրար հաճախ են հյուր գնում, բայց միայն Մոսկվայում:
Ղարաբաղի չլուծված հարցի պատճառով Ագիֆը Լեւոնին չի կարողանում Բաքու
հրավիրել: Լեւոնն էլ է կարծում, որ Ագիֆի Գյումրի գալն անվտանգ չէ: Լեւոնն
ասում է, որ հազվադեպ է Գյումրի գնում, որովհետեւ այնտեղ ապրելը դժվար է:
Իսկ Ագիֆը Բաքու գնում է ավելի հաճախ, բայց բարեկամներին չի ասում, որ հայ
գործընկեր ունի:
2002թ. մարդահամարի տվյալներով՝ Մոսկվայում բնակվում է 96.000 ադրբեջանցի
եւ 124.000 հայ, սակայն կարծիք կա, որ այդ տվյալները խիստ նվազեցված են:
Մոսկվացիները երբեք աչքի չեն ընկել կովկասցիների նկատմամբ լավ
վերաբերմունքով, նույնիսկ խորհրդային ժամանակներում: Չեչնիայի դեպքերից
հետո նրանց հանդեպ վերաբերմունքն ավելի վատացավ. բոլորը դարձան «կովկասյան
ազգության դեմք»: Համընդհանուր քսենոֆոբիան մտերմացրեց հայերին ու
ադրբեջանցիներին:
Էդիկ Միրզոյանն ու Յաշար Հուսեյնովը միասին են աշխատում. մետրոյի
կայարաններից մեկի մոտակայքում ծաղկի կրպակ ունեն: Նրանք մանկության
ընկերներ են դեռ Բաքվից: Յաշերն ընկերոջը բոլորից շատ է վստահում.«Մենք
վերջերս ենք սկսել միասին աշխատել, բայց վաղուցվա ընկերներ ենք: Դա ավելի
կարեւոր է, քան փողը: Մեզ համար մեկ է, թե ինչ է կատարվում Ղարաբաղում ու
նրա շուրջը»,- ասում է Յաշերը:
«Իմ բոլոր ազգականները Հայաստանում են, կնոջիցս բացի: Երբ կինս
ծննդաբերում էր, նրան Յաշերի կինն է օգնել՝ Նարգիզը,- ասում է Էդիկը: –
Ափսոս, որ տարբեր կրոն ունենք, թե չէ Յաշերին կխնդրեի դառնալ երեխայիս
կնքահայրը»:
Արթուր Շահրամանյանն ու Զեմֆիրա Սալիմովան ամուսիններ են: Նրանք
ամուսնացել են 20 տարի առաջ՝ Բաքվում: Բայց ամուսնությունից 3 տարի անց,
երբ նրանց դուստրը 1 տարեկան էր, Բաքվում սկսվեցին հայտնի դեպքերը:
«Ամուսինս բաքվեցի է, իսկ ես՝ Գյանջայից,- ասում է Զեմֆիրան,-սովորում
էինք Բաքվի մանկավարժական ինստիտուտում, վերջին կուրսում ամուսնացանք:
Հետո սկսվեց կռիվը, ու ամուսնուս ընտանիքը փախավ Հայաստան: Նրանք Արթուրին
էլ էին ուզում իրենց հետ տանել: Իսկ իմ ընտանիքը պահանջում էր, որ
բաժանվենք: Բայց մենք ոչ մեկին չլսեցինք ու եկանք Մոսկվա»:
Արթուրը կնոջ ու 18-ամյա դստեր հետ աշխատում է շուկայի տարածքում գտնվող
ռեստորանում, որի տերն ադրբեջանցի է: «Աշխատում եմ արդեն 6 տարի, ու
ազգությանս հետ կապված խնդիրներ չունեմ: Ես լավ այգեպան եմ, իսկ տիրոջն
ուրիշ բան չի հետաքրքրում»,- ասում է Արթուրը: «Մինչեւ 90-ականների կեսը
վիճակը ծանր էր, բայց հետո մեզ հաջողվեց վերականգնել կապը մեր հարազատների
հետ,- պատմում նա,- նրանք հիմա գալիս են եւ՛ Հայաստանից, եւ՛ Ադրբեջանից»:
Մոսկվայում կովկասցիների մեծ մասը սովորաբար առեւտուր է անում շուկայում կամ քաղաքային տրանսպորտում տոմսավաճառ է աշխատում:
Ազգությամբ հայ Վարդանն ու ադրբեջանցի Մելիքաբասն աշխատել են շուկայում, իսկ հիմա N28 տրամվայի տոմսավաճառ են:
«Այս գործը մեզ շատ հարմար է: Անտոմս երթեւեկողների մեջ շատ են մեր
հայրենակիցները, եւ մենք նրանց բաց ենք թողնում՝ փոքրիկ գումար վերցնելով:
Նրանց համար ավելի լավ է մեզ վճարել, քան տուգանք մուծել»,- ասում է
Վարդանը:
Ի հաստատումն մոսկվացիների նախապաշարումների՝ այս երկու ազգերի ներկայացուցիչները քրեական աշխարհում էլ են միասին գործում:
Հունիս ամսին ոստիկանությունը ձերբակալել էր մի հայի ու մի ադրբեջանցու,
ովքեր Մոսկվայի Շչուկինսկի շուկայի տարածքում զինված հարձակում էին
գործել: Ոստիկանությունը հայտարարեց, որ Ալեքսեյ Ասերյանն ու Հասան Ալիեւը
խաղասրահում նկատել են լիքը դրամապանակով մի տղամարդու ու չեն դիմացել
գայթակղությանը. երբ վերջինս դուրս է եկել խաղասրահից, հարձակվել են նրա
վրա: Նրանց ձերբակալել են նույն խաղասրահի մոտ՝ մի շաբաթ անց: Քննիչները
վստահ են, որ դա առաջին դեպքը չի: Երկուսն էլ այժմ գտնվում են նախնական
կալանքի տակ:
Սամիրա ԱՀՄԵԴԲԵՅԼԻ, «Ազերռոս» թերթի լրագրող, Մոսկվա
Էլինա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ, «Միր» հեռուստաընկերության թղթակից
Մոսկվա IWPR N 298, օգոստոսի 4, 2005թ.