Օղի շատ են խմում

26/11/2009

Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի դիտարկմամբ` ճգնաժամի ընթացքում հայերն ավելի շատ օղի են խմում, քան` գինի ու կոնյակ: Ըստ նրա` ընթացիկ տարվա 9 ամիսների տվյալների համաձայն, հանրապետությունում նկատվել է 10 % գինու սպառման եւ 30 % կոնյակի սպառման նվազում:

Նրա խոսքով, այսպիսի շարունակության դեպքում տարեվերջին հանրապետությունում գինու սպառման ծավալների 30% եւ կոնյակի սպառման ծավալների 50% նվազում կգրանցվի: «Ընդհանրապես, ճգնաժամի պայմաններում նկատվում է ալկոհոլային խմիչքների սպառման աճ: Բայց Հայաստանում հակառակ պատկերն է: Տեղական շուկայում գինու եւ կոնյակի սպառման նվազում է գրանցվում»,- ասել է Ա. Հարությունյանը` հավելելով, որ դրանում բացառություն է կազմում օղին: Եթե հայերը սահմանափակել են գինու եւ կոնյակի սպառումը, ապա ընթացիկ 9 ամիսների ընթացքում մեծացել են օղու սպառման ծավալները:

Շուրջ 3-4 %-ով հանրապետությունում ճգնաժամի ընթացքում ավելի շատ օղի են սպառում, քան այլ ալկոհոլային խմիչքներ: Ա. Հարությունյանի ասելով` այսօր ավելի շատ սպառվում է էժան արտադրանքը: