Սահմանները` դեսպաններից հետո՞

25/11/2009

«Մենք հիմա պատմական ժամանակաշրջանում ենք եւ քանդելու ենք սառը պատերազմից մնացած վերջին պատը»,- իտալական «La Stampa» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությանը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: «Հոկտեմբերին ստորագրված արձանագրությունը առաջիկայում երկու խորհրդարանների կողմից վավերացվելուց հետո, կարծում եմ, դեսպաններ կնշանակվեն, իսկ հետո սահմանները կբացվեն: Բացի այդ, օդային սահմանները բաց են: Հայաստանի հետ հաշտեցման գործընթացը սկսվեց Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական նամակով, որին հետեւեց պատասխանը: Կարծում եմ, որ այդ փոխադարձ նամակներով սառույցը սկսեց հալվել: Այնուհետ եղան ֆուտբոլային խաղերի հետ կապված փոխադարձ հրավերները: Աշխարhը փոխվում է, եւ դրա հետ մեկտեղ՝ Թուրքիան էլ է փոխվում: Թուրքիան առաջարկել է տարբեր երկրների պատմաբանների մասնակցությամբ` պատմական հանձնաժողով ստեղծել: Ցանկացել ենք, որ մեր երկու երկրների պատմաբաններից բացի` մասնակցեն նաեւ երրորդ երկրների պատմաբանները: Մենք բացել են մեր ռազմական արխիվները: Մասնագետների ցանկացած որոշում պատրաստ ենք ընդունել: Թուրքիայում առկա քրդական եւ հայկական խնդիրների հետ կապված տաբուները վերացնում ենք: Չմոռանանք, որ այս խնդիրը ձգվում է մոտ 100 տարի, եւ դրան դեմ հանդես եկեղ անձինք էլ կան: Սակայն Թուրքիայում Հայաստանի հետ հաշտեցման կողմնակիցները դեմ հանդես եկողներից ավելի շատ են,- ասել է Գյուլը` ավելացնելով,- Ադրբեջանն էլ է զարգացումներին մոտիկից հետեւում: Ղարաբաղի վիճակը շատ լավ ենք հասկանում: Կարծում եմ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կհասնեն համաձայնության: Թուրքիան ձեռքից եկածը կանի իրագործելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը, սակայն նույնը սպասում ենք հակառակ կողմից»: