Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում երեկ Մոսկվայում կայացել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի հանդիպումը: Ըստ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանի, հանդիպման ընթացքում կողմերը «միմյանց փոխադարձաբար ներկայացրել են իրենց երկրների խորհրդարանների կառուցվածքի եւ գործունեության առանձնահատկությունները»: «Նրանք տեսակետներ են փոխանակել առանց նախապայմանների երկկողմ հարաբերություններ հաստատելու գործընթացի շուրջ: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ հայկական կողմն անհրաժեշտ է համարում, որպեսզի ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն ողջամիտ ժամկետներում»,- ասել է Ն.Պետրոսյանը: Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: