Մինչ նոր հանդիպում

25/11/2009

Կիրակի օրը Մյունհենում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը:

Այն հերթականը լինելով, այդուհանդերձ նախորդներից տարբերվում էր որոշ դետալներով: Նախ ամբողջ հանդիպումն անցավ դրանից առաջ Իլհամ Ալիեւի արած այն հայտարարության ֆոնին, որ բանակցություններում առաջընթաց չարձանագրվելու դեպքում Ադրբեջանը կարող է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Թերեւս նաեւ այս հայտարարությամբ պայմանավորված միջազգային մամուլը մյունհենյան հանդիպմանը ավելի մեծ ուշադրություն դարձրեց: Դրան հետեւեց Հայաստանի պատասխան սպառնալիքը` Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորության վերաբերյալ: Իսկ ընդհանրապես, այս հանդիպումն անցավ «ստանդարտ ատրիբուտներով»` համանախագահների լավատեսական ու հակասական հայտարարություններ, երկու կողմերի քարոզչական հարձակումներ ու պատասխաններ, փորձագետների վերլուծություններ ու կանխատեսումներգ: Իրականում շատ ավելի մեծ է հավանականությունը, որ, ինչպես եւ նախորդ նման հանդիպումները, այս մեկը եւս որեւէ «առաջընթաց», «բեկում» կամ «քայլ առաջ» չի արձանագրել, եւ նախագահները ընդամենը պայմանավորվել են հաջորդ հանդիպման վերաբերյալ: Եվ երբ այս տեսանկյունից ենք նայում ղարաբաղյան բանակցություններին, ապա դժվար չէ նկատել, որ դրանք իշխանությունների համար հրաշալի հնարավորություն են հասարակության ուշադրությունը շեղելու համար:

Ընդ որում, դա վերաբերում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի իշխանություններին: Երկու երկրներում էլ կան ներքին բազմաթիվ խնդիրներ` սկսած ժողովրդավարության վիճակից ու մարդու իրավունքներից, վերջացրած սոցիալական հարցերով: Իսկ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների յուրաքանչյուր նման հանդիպումը հնարավորություն է տալիս ինչպես միջազգային հանրության, այնպես էլ երկու երկրների քաղաքական ուժերի, մամուլի, վերլուծաբանների, արդյունքում՝ նաեւ քաղաքացիների ուշադրությունն ուղղորդել այդ հանդիպումների շուրջ քննարկումների հարթություն: Մինչ հաջորդ հանդիպում: