Նաև կանոնադրական փոփոխություններ

25/11/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հանրապետական» կուսակցության նոյեմբերի 28-ին կայանալիք համագումարի ժամանակ նախատեսվում է կուսակցության ղեկավար մարմնի անդամների համալրում:

Մասնավորապես նորաթուխ հանրապետական, վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդգրկվելու է կուսակցության գործադիր մարմնում: ՀՀԿ մամուլի քարտուղար, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այս լուրը: Նա միայն ասաց, որ այդ հարցը պետք է որոշվի համագումարի պատվիրակների կողմից: «Դա կախված է առաջարկություններից: Ես ենթադրում եմ, որ Տ.Սարգսյանը պետք է ընդգրկվի գործադիր մարմնում, որովհետեւ տրամաբանական եմ համարում, որ երկրի վարչապետը լինի գործադիր մարմնում: Բայց որոշումը պետք է կայացվի համագումարի ժամանակ պատվիրակների կողմից»,- ասաց Է.Շարմազանովը:

Մեր տեղեկություններով, այդ համագումարում վարչապետի հետ միասին ՀՀԿ գործադիր մարմնում ընդգրկվելու է նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Նշենք, որ ՀՀԿ գործադիր մարմինն այս պահին ունի 12 անդամ: 2007թ. համագումարի ժամանակ ընտրվել էին գործադիր մարմնի 13 անդամներ, սակայն ԱԺ նախագահի պաշտոնից Տիգրան Թորոսյանի հրաժարականից եւ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո մնացել են 12-ը: Տ.Սարգսյանի եւ Գ.Բեգլարյանի ընդգրկվելուց հետո գործադիր մարմինն ունենալու է 14 անդամ: Եթե, իհարկե, այլ նոր անդամներ եւս չընդգրկվեն, կամ նրանց փոխարեն նախկինները դուրս չգան: «Չեմ կարծում, որ գործադիր մարմնի անդամների քանակը կկրճատվի, իսկ եթե ավելացում լինի, շատ մեծ քանակությամբ չի լինի»,- ասում է Է.Շարմազանովը:

Նշենք, որ վերջին օրերին քաղաքական կուլիսներում խոսում են այն մասին, որ Տ.Սարգսյանի անդամագրումը ՀՀԿ-ին ուղղված է Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան զույգի դեմ: Նաեւ այս հանգամանքով են ոմանք բացատրում Տ. Սարգսյանի նաեւ ՀՀԿ գործադիր մարմնում ընդգրկվելու հեռանկարը. երբ Տ.Սարգսյանն ընդգրկվի արդեն կուսակցության գործադիր մարմնում, իր կուսակցական կարգավիճակով կհավասարվի Հ.Աբրահամյանին: Վերջինս նույնպես ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է: Իհարկե, կարծիք կա նաեւ, որ այս հակասությունների մասին խոսակցություններն արհեստական են եւ Տ. Սարգսյանին անդամագրել են ՀՀԿ-ին, որպեսզի գոնե հանրապետականները (որոնց մեծ մասը վերջին շրջանում գրեթե բացահայտ արհամարհանքով են խոսում իրենց նորաթուխ կուսընկերոջ մասին) չքննադատեն նրան տնտեսական խայտառակ քաղաքականության համար:

Նշենք, որ ՀՀԿ-ի վերնախավի համալրումը կամ կուսակցությունում սպասվող փոփոխությունը գործադիր մարմնում վարչապետի եւ քաղաքապետի ընդգրկմամբ չի ավարտվելու: Մեր տեղեկություններով՝ փոփոխություն է նախատեսվում նաեւ կուսակցության կանոնադրության մեջ: ՀՀԿ-ն ունի խորհուրդ եւ գործադիր մարմին: Խորհուրդը կուսակցության ներկայացուցչական եւ որոշումներ կայացնող մարմինն է: Գործադիր մարմինն ի թիվս այլ հարցերի՝ իրականացնում է համագումարի ու խորհրդի որոշումները: Այսինքն՝ կուսակցական այս երկու մարմինների համեմատության դեպքում, գործադիրը ինչ-որ իմաստով ստորադասվում է խորհրդին: Սակայն առաջիկա համագումարի կանոնադրական փոփոխության արդյունքում որոշումներ կայացնող կդառնա գործադիր մարմինը: Այդպիսով ՀՀԿ-ում սահուն կերպով տեղի է ունենալու կուսակցության ղեկավար մարմինների փոփոխություն: Խորհրդում ընդգրկված անդամները, այդ թվում` կուսակցության փոխնախագահները, ովքեր նաեւ կուսակցության հիմնադիրներն են, ըստ էության մղվելու են հետին պլան: Փոխարենը նորեկները` Տ.Սարգսյանը, Գ. Բեգլարյանն եւ այլք, ունենալու են որոշումներ ընդունելու ավելի մեծ լիազորություններ: Այսինքն՝ որոշել են ոչ թե կուսակցության վերնախավին փոխելով` որոշումներ կայացնելու լիազորությունները կենտրոնացնել նոր հանրապետականների ձեռքում, այլ փոխել որոշում ընդունող մարմինը` այդպիսով զերծ մնալով կոնկրետ անձանց «պաշտոնանկության» ցավոտ ու աղմկոտ քայլերից: Այնպես որ, այս համագումարից հետո էլ Գալուստ Սարգսյանը եւ Ռազմիկ Զոհրաբյանը կպահպանեն կուսակցության փոխնախագահի կարգավիճակը: Նշենք, որ երեկ Է.Շարմազանովը չցանկացավ խոսել կուսակցությունում նախատեսվող այս եւ այլ փոփոխությունների մասին: «Քանի դեռ համագումարի օրակարգը չի հաստատվել, քանի դեռ փոփոխությունները չեն ներկայացվել, չեմ կարծում, որ ճիշտ կլինի մամուլի էջերում խոսել դրանց մասին»,- ասաց նա:

Թեեւ մյուս կողմից էլ՝ այս փոփոխություններն առանձնապես էական նշանակություն չեն ունենալու: Անկախ այն հանգամանքից` ՀՀԿ-ում գործադի՞ր մարմինը, թե՞ խորհուրդը կունենա որոշումներ կայացնելու լիազորություններ, միեւնույն է, վերջին խոսքն ասելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ այդ մարմիններն ու բոլոր մյուս կուսակցականները պարզապես վավերացնելու են նրա որոշումները: Հավանաբար, նման մի գործընթացի ականատեսը կլինենք ՀՀԿ 12-րդ համագումարի ժամանակ: