Նոյեմբերի 22-ին Գերմանիայի Մյունհեն քաղաքում կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի այս տարի արդեն 6-րդ հանդիպումը: Հանդիպումը տեւել է 4 ժամ եւ ընթացել է ընդլայնված կազմով:
Նախագահների հանդիպմանը սկզբում մասնակցել են նաեւ երկու երկրների ԱԳ նախարարները, Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Առայժմ պարզ չէ, թե բովանդակային առումով իրականում ինչ տարբերություն կար այս եւ նախորդ հանդիպումների միջեւ: Սակայն մյունհենյան հանդիպումը առանձնացավ բուռն հայտարարություններով: Նախ Ի.Ալիեւը հայտարարեց, թե եթե այս հանդիպումն էլ անարդյունք լինի, իրենք պետք է պատրաստ լինեն պատերազմի: Հանդիպումից հետո արդեն Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, թե «այս բանակցություններում շատ կարեւոր առաջընթաց է արձանագրվել»: Այդ ցանկալի «առաջընթացի» մասին չէր հայտարարվել արդեն տեւական ժամանակ: Միեւնույն ժամանակ համանախագահներն ավելացրել են, թե մյունհենյան բանակցությունները հնարավորություն են տվել որոշել այն դժվարին հարցերը, որոնք դեռեւս չեն լուծվել: «Սա աննախադեպ է այս հարցի շուրջ ընթացող բանակցությունների ողջ պատմության մեջ: Այսօրվա հանդիպումը շատ երկարատեւ էր, քանի որ շատ կառուցողական, մանրամասն եւ բնույթով խորը քննարկումներ տեղի ունեցան նախագահների միջեւ բոլոր այն հիմնական տարրերի վերաբերյալ, որոնց շուրջ դեռեւս համաձայնություն չկա,- նշել է ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ու ավելացրել,- երկու երկրների նախագահները հանձնարարել են մեզ լուծել այդ դժվարին խնդիրները»:
Եվ եթե հավատանք համանախագահներին, առաջիկա շաբաթների ու ամիսների ընթացքում իրենք մեծ աշխատանք ունեն կատարելու: Բանակցությունների բովանդակությունը, սակայն, համանախագահները չեն բացահայտել` դրանք թողնելով երկու նախագահներին: Թե ինչ կասեն Ս.Սարգսյանն ու Ի.Ալիեւն իրենց հասարակություններին, թերեւս պարզ կդառնա առաջիկայում: Առավել եւս, որ պատերազմ սկսելու մասին իր վերջին հայտարարությունից հետո Ալիեւը ինչ-որ դիրքորոշում պետք է հայտնի մյունհենյան բանակցությունների վերաբերյալ: Ի դեպ, թե Հայաստանում, թե միջազգային հանրության շրջանում շատ ավելի բուռն արձագանք ունեցավ Ալիեւի այս հայտարարությունը, քան բուն հանդիպումն ինքնին: Պատերազմ սկսելու մասին նրա հայտարարությանն անդրադարձել են նաեւ համանախագահները: «Պատերազմը ոչ մի դեպքում չի կարող այլընտրանք լինել: Մենք ասել ենք նախագահներին շատ ուժեղ եւ հստակ կերպով, որ Մոսկվայում, Փարիզում եւ Վաշինգտոնում մեր կառավարությունները այն կարծիքին են, թե պատերազմը այլընտրանք չէ, քանի որ այն չի կարող լուծում ապահովել»,- հանդիպումից հետո հրավիրած ասուլիսի ընթացքում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Ալիեւի հայտարարության մասին մեկնաբանությամբ է հանդես եկել նաեւ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը` ասելով, թե այն կարող է պայմանավորված լինել ներքաղաքական հանգամանքներով: «Մենք ասել ենք նախագահներին, որ բանակցությունների այս նուրբ պահին ավելի լավ է ձեռնպահ մնալ միմյանց հանդեպ ծայրահեղ մեղադրանքներ հնչեցնելուց, առավել եւս` ուժային լուծման հնարավորության մասին»,- ասել է ռուս համանախագահը:
Գրեթե նույն կարծիքին են նաեւ Հայաստանում: «Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունն այս պահի դրությամբ ընդամենը շանտաժ էր հանդիպումից առաջ բանակցող կողմի եւ եռանախագահող երկրների նկատմամբ: Ես ավելի լուրջ եմ վերաբերվում Ալիեւի մեկ այլ հայտարարությանը, որտեղ որոշակի մտահոգիչ վերլուծություններ կային կապված ազատագրված տարածքների բնակեցման խնդիրների, մեր երկու երկրների տնտեսությունների աճի, բնակչության թվի համեմատության հետ: Եվ այդ խոսքում պարզ է, որ Ադրբեջանն այսօրվա դրությամբ պատերազմի չի պատրաստվում, ժամանակ է շահում, եւ կարծում եմ, որ ժամանակն իր օգտին է աշխատում»,- ասում է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ինչ վերաբերում է մյունհենյան հանդիպմանը կամ ԼՂՀ խնդրի շուրջ ընթացող բանակցություններին, ապա պատգամավորի խոսքերով՝ այս դեպքում գրավոր փաստաթուղթ ի հայտ կգա շատ ավելի ուշ, երբ հայ-թուրքական արձանագրությունները «մարսված»` վավերացրած կլինեն, սահմանը բաց կլինի, հասարակությունը մի փոքր հանգստացած կլինի: «Եթե այս պահին նաեւ ԼՂՀ խնդիրը առաջ բերեն, իշխանություններն այլեւս որեւէ կերպ իշխանությունը պահելու հնարավորություն չեն ունենա: Ուստի ես այն համոզմանն եմ, որ ԼՂՀ շուրջ նախ բանավոր պայմանավորվածություն ձեռք կբերեն եւ արձանագրությունների կյանքի կոչելուց որոշ ժամանակ անց կանցնեն այդ պայմանավորվածությունների իրագործմանը: Ես չեմ բացառում, որ մեր իշխանություններն ինչ-որ պահի զիջեն ու ԼՂՀ հարցն ավելի արագ իրականացնեն, բայց դրա հավանականությունը փոքր է»,- ասում է պատգամավորը:
ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն էլ հայտարարել է, թե Ալիեւի արտահայտությունները ոչ թե հերթական, այլ պարզապես սպառնալիքներ են: «Հայկական կողմը պետք է վաղուց դրանց արժանի հակահարված տար: Ես շատ ուրախ կլինեի, եթե 4 ժամանոց հանդիպման առաջին 2 ժամը ՀՀ նախագահը բարձրացներ բանակցությունների շարունակման նպատակահարմարության հարցը՝ Ադրբեջանի նախագահի նախօրեին արած ռազմատենչ հայտարարությունների ֆոնին»,- ասել է Կ.Մանոյանը:
Ս.Սարգսյանի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը Ալիեւի հայտարարությանն ի պատասխան՝ Ադրբեջանին սպառնացել է ԼՂՀ անկախությունը ճանաչելու հավանականությամբ: «Եթե խաղաղ բանակցություններն ընդհատվում են, եւ ռազմական գործողություններ են սկսվում, ապա ՀՀ-ին ոչինչ չի խանգարում ճանաչելու ԼՂՀ անկախությունը: ՀՀ-ն մինչեւ այսօր չի ճանաչել ԼՂՀ անկախությունը միայն մի պատճառով` որպեսզի դա խոչընդոտ չդառնա խաղաղ բանակցությունների համար»,- ասել է Ս.Ֆարմանյանը:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանն էլ ասում է, թե Ալիեւն այդ հայտարարությունն արեց, «որովհետեւ մեծ ցայտնոտի մեջ է»: «Հասկանում է, որ միջազգային հանրությունն արդեն ԼՂՀ-ն չի տեսնում Ադրբեջանի կազմում: Ինքը հասկանում է, որ Թուրքիայի իշխանություններն էլ են այդպես կարծում: Սա վերջին ճիգն է, որ ռազմական շանտաժի լեզվով փորձում է ինչ-որ բան կորզել: Նրա խոսքի տրամաբանությունը հետեւյալն է. ես նավթը վաճառել եմ, շատ փող ունեմ, զենքեր եմ գնել, բանակը ամրացրել եմ, ա՛յ, պատերազմ կսկսեմ: Եվ շանտաժն ուղղված է երկու` Հայաստանի եւ միջազգային հանրության ուղղությամբ: Նա նաեւ ուզում է հայ-թուրքական հնարավոր հարաբերությունները ծախի Հայաստանի վրա` ուզո՞ւմ ես Թուրքիայի հետ սահմանը բացել, ԼՂՀ-ն զիջի ինձ: Ադրբեջանի ղեկավարը տարիներ շարունակ նման ռազմատենչ հայտարարություններ է արել ներքին եւ արտաքին օգտագործման համար ու հիմա հայտնվել է անհեթեթ իրավիճակում: Առաջընթաց չի գրանցվում, բա ինչո՞ւ պատերազմ չես սկսում»,- հարցնում է Ս.Նիկոյանը ու չի համաձայնում այն կարծիքի հետ, որ ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին:
Իսկ հայ-թուրքական հարաբերությունների, արձանագրությունների վավերացման ու դրանք ԼՂՀ խնդրի լուծմամբ պայմանավորելու Թուրքիայի դիրքորոշման առնչությամբ էլ Ս.Նիկոյանը կարծում է, որ հիմա գործելու հերթը Թուրքիայինն է: «Վավերացնո՞ւմ է, շատ ավելի լավ: Իհարկե, մենք ուզում ենք, որ սա ունենա իր տրամաբանական ավարտը: Եթե հանկարծ դա որեւէ փուլում ընդհատվի, Թուրքիան փորձի խախտել արձանագրությունների ոգին, ՀՀ-ն նմանատիպ քայլեր կձեռնարկի: Մենք կորցնելու որեւէ բան չունենք, մենք ընդամենը կվերադառնանք այնտեղ, որտեղից սկսել ենք: Այս ժամանակը Թուրքիան պետք է օգտագործի ԼՂՀ հարցում Ադրբեջանի օգտին ինչ-որ բան պոկելու համար, կամ գոնե Ադրբեջանի հասարակությանը ցույց տա, թե առավելագույնն արեց: Եվ ինձ թվում է, որ Թուրքիան պատեհ ներքաղաքական առիթ գտնելու դեպքում կվավերացնի»,- ասում է Ս.Նիկոյանը:
ՀԱԿ-ում երեկ ձեռնպահ մնացին մյունհենյան հանդիպման հետ կապված մեկնաբանություններից: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասաց, թե մեկնաբանությամբ ու գնահատականներով հանդես կգան հանդիպման մասին տեղեկություններ ունենալուց հետո: