Ըստ Հայաստանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչության` ԵԽ ԽՎ-ի նախագահի անձնական գրասենյակի ղեկավար պարոն Պետր Սիչը 2009 թ. նոյեմբերի 6-ին Ստրասբուրգից պատասխան նամակ է ուղարկել «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին: ՆԺԿ մամուլի ծառայության փոխանցմամբ, նամակում Վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա Դե Պուչի անունից շնորհակալություն է հայտնվել Կարապետյանին` 2009թ. հոկտեմբերի 23-ին իրեն հասցեագրված նամակի եւ զեկույցի հայերեն եւ անգլերեն տարբերակների համար` կապված 2008թ. մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած արյունալի դեպքերի եւ դրանք ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցին Արամ Կարապետյանի սկզբունքային անհամաձայնության հետ: Նամակի հեղինակի հաղորդմամբ՝ փաստաթղթերը փոխանցված են ԵԽ անդամ երկրների կողմից ստանձնած պարտավորությունների ապահովման կոմիտեին: Հիշեցնենք, որ Արամ Կարապետյանը 2008թ. մարտի 1-ի դեպքերի մասին համապարփակ տեղեկություններ էր հայտնել ԵԽ ԽՎ-ին, եւ այդ տեղեկությունները արմատապես տարբերվում էին իշխանության վարկածից: