Եվ այսպես, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերջին 1 տարվա ընթացքում հանդիպեցին արդեն 6-րդ անգամ։ Հանդիպումը հայտնվեց թե՛ տեղական, թե՛ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Սակայն ոչ թե ակնկալիքների կամ արձանագրված արդյունքների, այլ հիմնականում Իլհամ Ալիեւի հերթական ռազմատենչ հայտարարության շնորհիվ, որը հնչեց բանակցություններից անմիջապես առաջ։
Հիշեցնենք, որ Ալիեւը հայտարարել էր, թե բանակցություններում հաջողության չհասնելու դեպքում Ադրբեջանը պատրաստ է հարցը լուծել ռազմական ճանապարհով։ «Մենք իրավունք ունենք մեր հողերը վերադարձնել բանակի միջոցով»,- Ադրբեջանի նախագահի այս հայտարարության հետ կապված շատ մեկնաբանություններ եղան։ Ոմանք սա համարեցին արդեն սովորական դարձած քարոզչական քայլ։ Մյուսների կարծիքով՝ դա Հայաստանի հասարակությանն ուղղված խոսք էր, որով Ալիեւը փորձում էր հերթական հանդիպումից առաջ պատերազմի վտանգի միջոցով ճնշում գործադրել Սերժ Սարգսյանի վրա՝ որոշակի զիջումների գնալու համար։ «Associated Press»-ը, սակայն, կարծիք է հայտնել, որ հայտարարությունն ավելի շատ Ադրբեջանի ներքին լսարանի համար էր։ «Ալիեւը նախկինում եւս մի քանի անգամ նման սպառնալիքներ է հնչեցրել։ Ամենայն հավանականությամբ, նրա վերջին հայտարարությունը արվել է ադրբեջանցիներին ոգեշնչելու համար, որոնք անհանգստացած են, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման փորձերը կարող են ի չիք դարձնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ջանքերը»,- նշում է գործակալությունը։
Թեմային անդրադարձել է նաեւ անգլիական «The Telegraph»-ը՝ նշելով, որ Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումն անցավ պատերազմի վերսկսման հայտարարությունների ֆոնին։ «Ադրբեջանցիները երբեք չեն մոռացել իրենց կորուստը եւ չեն հաշտվել դրա հետ»,- նշել է թերթը՝ ավելացնելով, որ նրանք վերջին 15 տարվա ընթացքում միշտ խոսել են հողերի գոնե մի մասը ռազմական ճանապարհով վերադարձնելու մասին։ Առավել հետաքրքիր է, սակայն, այն ակնարկը, որով հեղինակը եզրափակել է իր հրապարակումը. «Պարզ չէ, թե Հայաստանը ինչ զիջումների կցանկանա գնալ, հատկապես, երբ այն իր թիկունքում ունի Ռուսաստանի ռազմական աջակցությունը, որը մշտական ներկայություն ունի նրա տարածքում»։
Թերեւս նման հայտարարությունները եւս նպաստում էին այն բանին, որ ի սկզբանե շատերը թերահավատորեն էին մոտենում այս հանդիպմանը։ BBC-ի կարծիքով, չնայած նախագահների հանդիպումների հաճախականությանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լավատեսական հայտարարությանը, իրական առաջընթացի մասին խոսելը դեռ վաղ է։ «Ինչպես երեւում է, կողմերից ոչ մեկը դեռ պատրաստ չէ զիջումների եւ չի կարողացել համոզել բնակչությանը դրանց անհրաժեշտության հարցում»,- նշել է BBC-ն՝ միեւնույն ժամանակ մեջբերելով Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովի խոսքերը՝ Ադրբեջանը հասել է կամրջի կեսին եւ սպասում է, որ մյուս կողմն էլ նույնը կանի։
«Սերժ Սարգսյանը, ով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման փորձերի պատճառով հայտնվել է հայ ազգայնականների քննադատությունների թիրախում, այժմ դժվարին ընտրության առաջ է կանգնած։ Դժվար թե նա կարողանա զիջումների գնալ-, փորձագետներին հղում անելով՝ նշում է BBC-ն եւ շարունակում,- Միջնորդների ջանքերն այժմ ուղղված են նրան, որ Ղարաբաղի շուրջ գտնվող օկուպացված տարածքների մեծ մասը վերադարձվի Ադրբեջանին՝ ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների լեգիտիմության որոշ չափով ճանաչման եւ Ղարաբաղի կարգավիճակի հարցով ապագայում հանրաքվե անցկացնելու դիմաց»,- գրում է լրատվամիջոցը։ Ի դեպ, նշենք, որ բրիտանական BBC-ն, մեղմ ասած, երբեք էլ աչքի չի ընկել հայանպաստ դիրքորոշմամբ։
Ինչեւէ, նախագահները հանդիպել են, եւ եթե հավատանք Մինսկի խմբի համանախագահներին, «բանակցություններում շատ կարեւոր առաջընթաց է արձանագրվել», չնայած՝ որոշ դժվարություններ դեռ մնացել են։
Ի դեպ, հանդիպումից հետո նախատեսված ասուլիսին համանախագահները ներկայացել են ուշացումով, որը բացատրել են հենց բանակցությունների արդյունավետությամբ։ «Դա ցույց է տալիս, թե որքան երկար եւ խորն էին քննարկումները նախ` երկու նախագահների, ապա` նախագահների եւ Մինսկի խմբի միջնորդների միջեւգ Այսօրվա հանդիպումը հատկապես երկարատեւ էր, քանի որ շատ կառուցողական, մանրամասն եւ բնույթով խորը քննարկումներ տեղի ունեցան նախագահների միջեւ բոլոր այն հիմնական տարրերի վերաբերյալ, որոնց շուրջ դեռեւս համաձայնություն չկա։ Որոշ տարրեր քննարկվել են առաջին անգամ` այսպիսի մանրամասն եւ խորը ձեւով»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:
Նախագահների տրամադրվածությունը ոգեւորել է նաեւ ամերիկացի նորանշանակ համանախագահ Ռոբերտ Բրադկեին, ով, ըստ «Euronews»-ի, ասել է. «Ամենահատկանշականն այն է, թե ինչպես էին մեզ հետ այսօր աշխատում երկու նախագահները, ինչ մտածված եւ խորն էին տանում քննարկումները՝ ամենազգայուն եւ բարդ հարցերը քննարկելու պատրաստակամությամբ»։
«Euronews»-ը հիշեցրել է նաեւ, որ մյունհենյան հանդիպումը առաջինն էր այն պահից ի վեր, երբ Հայաստանն ու Թուրքիան սկսեցին քայլեր ձեռնարկել դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ։ «Հայ-թուրքական սահմանի բացման համար՝ Անկարայի պայմաններից մեկը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է»,- նշել է «Euronews-ը։