Շաբաթ օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամուլի գրասենյակը պատասխանել է ՀՀՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտնի հայտարարությանը: «Գագիկ Ծառուկյանն այժմ գտնվում է երկրի սահմաններից դուրս, եւ, ցավոք սրտի, այս պահին չի կարող ինքն անձամբ պատասխանել ՀՖՖ ղեկավարի հայտարարություններին: Սակայն տեղին ենք համարում հիշեցնել, որ բարոյականության մասին խոսում են ոչ թե մեկ հայտարարությամբ, կամ էլ մեկ խոսքով, այլ այն ձեւավորվում է մարդու տարիների աշխատանքի, նրա թողած ձեռագրի արդյունքում: Եվ այդ առումով մեր ժողովուրդը լավ է տեսնում, թե ով ինչպես է ղեկավարում իրեն վստահված ոլորտը եւ ինչ հաջողություններ ունի այնտեղ: Իսկ փաստն այն է, որ տարիներ շարունակ հայ մարզասեր հասարակության համար մի այնպիսի զգայուն ոլորտ, ինչպիսին ֆուտբոլն է, մնում է անմխիթար վիճակում: Մի՞թե բարոյական է խոսել բարոյականության մասին, երբ մարզադաշտում ծեծի են ենթարկվում մարզասերները, որոնք ուղղակի խիզախություն են դրսեւորում պահանջել ոլորտի պատասխանատուների հրաժարականը: Կարծում ենք, նախեւառաջ, այս հիմնախնդիրներն ունեն շուտափույթ լուծման կարիք, որպեսզի հայ շարքային մարզասերը վերջնականապես ականատես լինի ոլորտի դրական տեղաշարժերին»,- նշված է ԲՀԿ հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ ուրբաթ օրը կայացած ասուլիսում Ռ. Հայրապետյանն ասել էր, թե բարոյական չի համարում Բուրսայում կայացած Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի առնչությամբ Գ. Ծառուկյանի արած այն արտահայտությունը, թե «ուր ես եմ գնում, մենք պետք է հաղթենք»: