Եկել է անբախտ հայրենասերների ժամը

25/11/2009

Հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված քննարկումների ներկայիս համեմատաբար հանդարտ փուլը հնարավորություն է տվել ավելի սթափ ու բազմակողմանի վերլուծություններ կատարելու, թե չէ այն լարված մթնոլորտում հնարավոր չէր անգամ նախադասությունն ավարտել` ընդհատում էին ու հարցնում` կո՞ղմ ես, թե՞ դեմ: Մինչդեռ կարեւոր է հանգամանալից վերլուծելը հատկապես Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հավանական ռազմական գործողությունների ազդեցությունը մեր երկրի վրա: Այս մասին ահազանգ հնչեցրել եմ դեռ 2005թ. հուլիսին, երբ Մահմուդ Ահմադինեջադը նոր էր ընտրվել Իրանի նախագահ: Այնուհետեւ հեռուստաելույթով հարցը բարձրաձայնել եմ 2006թ. նոյեմբերին, իսկ 2007թ. սկզբում հանրային ռադիոյով ուղղակի մեղադրանք եմ ներկայացրել օրվա իշխանություններին` Իրանի հետ կապված պատերազմական գործողությունների դեպքում մեզ սպասվող վտանգներին պատճաշ ուշադրություն չդարձնելու համար: Իսկ վերջերս, մայրաքաղաքային թոհուբոհից հեռու, «Գալա» ՀԸ-ում հյուրընկալված ժամանակ կետ առ կետ անդրադարձել եմ հարցի հետ կապված հավանական զարգացումներին: Այսքանը թվարկեցի, որպեսզի ստորեւ ներկայացրածս չփորձեն բացատրել իրավիճակային հանգամանքներով:

Ակնհայտ է, որ Իրանն ավելի շուտ կկարողանա ունենալ միջուկային ռումբ, քան կանխատեսում էին: Արդյունքում Իսրայելը հասանելի կդառնա իրանական այլեւս միջուկային մարտագլխիկներով հրթիռների համար, իսկ Մահմուդ Ահմադինեջադը մեկ անգամ չէ, որ հայտարարել է այն աշխարհի քարտեզից վերացված տեսնելու իր ցանկության մասին: Ուստի Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի կողմից հնարավորինս շուտ հարված հասցնելը դարձել է շատ հավանական, քանի որ հետագայում դա անելը կլինի բավական վտանգավոր, եթե չասենք` անհնարին: Իսկ այն, որ ԱՄՆ-ը Իսրայելին այդ պատերազմում մենակ չի թողնի, կասկածից վեր է. Իսրայելը Վրաստան չէ, Իրանն էլ` Ռուսաստան:

Պատերազմի դեպքում, եթե անգամ Իրանի հետ կապող կամուրջը «պատահաբար» շարքից դուրս գա, որպեսզի հարյուր-հազարավոր փախստականներ Զանգեզուր չլցվեն, ապա դրանով հարցը չի լուծվի, քանի որ Արաքս գետով 35 կիլոմետրանոց սահմանի վրա կան հատվածներ, որտեղով կարելի է հանգիստ անցնել այն ափից մեր ափը: Չմոռանանք, որ Հայաստանին սահմանակից իրանական Ադրբեջանը զբաղեցնում է 127 հազար քառ կմ տարածք եւ ունի շուրջ 9 մլն բնակիչ, իսկ Իրանում ապրում է մոտ 17 մլն ադրբեջանցի:

Երբ վերջերս Իլհամ Ալիեւն իր հավակնություններն արտահայտեց Զանգեզուրի նկատմամբ, հասկանալի է, որ դա պատերազմի միջոցով իրագործելն անհնարին է, ինչպես նաեւ` բանակցային սեղանի շուրջ: Նրան մնում է օգտվել ԱՄՆ-Իրան հակամարտության հարմար պահից եւ Թուրքիայի գործուն աջակցությամբ անել ամեն ինչ, որպեսզի իրանաբնակ ադրբեջանցի փախստականները նպատակաուղղված ներխուժեն Հայաստան, եթե, իհարկե, հայկական կողմը կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկի: Մեզ համար այս դրամատիկ իրավիճակին կգումարվի էկոլոգիական աղետը, էլ չեմ խոսում այն մասին, որ Իրանի օբյեկտներին միջուկային մարտագլխիկներով խորքային ռումբերով հարվածելու դեպքում Հայաստանի տարածքում երկրաշարժի հավանականությունը շատ է մեծանալու: Բավական է միայն նշել Կում քաղաքի մոտ գտնվող միջուկային գործարանը, որը մեզնից հեռու է ընդամենը 600 կմ, իսկ մենք գտնվում ենք սեյսմաակտիվ գոտում: Այն, որ ԱՄՆ-ը չի գնա նման «արկածախնդրության»` Իրաքի ու Աֆղանստանի «գլխացավանքի» պարագայում` անհամոզիչ է հնչում, քանի որ այնտեղ վստահ են, որ լուծելով Իրանի հարցը, կլուծեն նաեւ տարածաշրջանի բոլոր չկարգավորված հարցերը: Ուստի խնդիրը հստակ է` պարտադրել Իրանին գնալ զիջումների, այլապես պատերազմն անխուսափելի է:

Եվ եթե պատերազմի հավանականությունը գնալով մեծանում է, ապա Հայաստանի իշխանությունները պարտավոր են հավանական զարգացումներին համահունչ քայլեր ձեռնարկել: Մասնավորապես դա կարող է արտահայտվել Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման գործընթաց սկսելով, եւ, որ դա լինի ամրագրված միջպետական պայմանագրով ու միջազգային երաշխիքներով, իսկ որ ամենակարեւորն է` ԱՄՆ-ի «քավորությամբ», քանի որ նա է Իրանին հարվածողը, աշխարհի ամենահզոր երկիրը ու Թուրքիայի ռազմավարական դաշնակիցը: Մեզ անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ը հստակ երաշխավորի, որ ռազմական գործողությունների ողջ ընթացքում Թուրքիայի հետ մեր սահմանը բաց կլինի: Հայկական կողմը պետք է հասնի նրան, որպեսզի Իրանից չփորձեն լցվել Հայաստան, այլապես դժվար է պատկերացնել, որ հայ կամ ռուս սահմանապահները կրակ կբացեն իրանցի փախստականների վրա: Իսկ եթե դրա դեմը չառնվի, ապա ռազմական գործողությունների ողջ ընթացքում այնքան մարդ կտեղավորվի Հայաստանում, որ կկանգնենք դեմոգրաֆիական աղետի առաջ: Ուստի ԱՄՆ-ը իր կետային հարվածներին զուգահեռ պետք է ցամաքային գործողություններով Իրանի կողմից փակի Հայաստան մտնող ուղիները: Ի դեպ, հավանական օպերացիան պետք է սկսվի Արաքս գետի վարարած պահին, որպեսզի սահմանը պահելն ավելի հեշտ լինի: Եթե այսքանն ակնկալում ենք ԱՄՆ-ից, ապա չպետք է բացառեինք, որ Թուրքիան էլ իր հերթին էր պայմաններ առաջ քաշելու, որ եթե Հայաստանն ուզում է իր համար օրհասական պահին սահմանը բաց լինի, ապա գոնե պետք է բարի լինի ճանաչել այդ սահմանը:

Ադրբեջանի հետ Իրանն ունի 432 կմ-անոց սահման, որի մի զգալի հատվածը չի տարանջատվում Արաքսով: Եվ քանի որ Իրանի ադրբեջանցիների համար Ադրբեջանում տեղավորվելն ավելի ցանկալի է, վերջինս անելու է ամեն ինչ, որպեսզի փախստականները մտնեն հայկական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ, ինչը բոլոր առումներով Ադրբեջանի ու Թուրքիայի համար խիստ շահեկան կլինի. անգամ, եթե նրանք այդտեղ մնան տեւական ժամանակ: Այո՛, Աստված մի արասցե, որ Իրանի վրա հարձակում լինի` ո՞վ կտա հրաման կրակ բացել իրանցի փախստականների վրա, որոնք մազապուրծ լցվում են հայկական կողմից վերահսկվող տարածքներ` ասենք, Աղդամից մինչեւ Զանգելան: Իսկ այդտեղ եթե հայտնվեն հարյուր-հազարավոր փախստականներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ ու անվտանգության ուժեր, ու արագորեն նախապատրաստվեն ճամբարներ, դժվար է պատկերացնել, որ հայկական զորքերը կշարունակեն պահել ներկայիս դիրքերը: Ի՞նչն են պահելու եւ ումի՞ց, եթե նրանց թիկունքում անարգել հայտնվում են հսկայական թվով անվերահսկելի մարդիկ: Ներկայումս խնդիրը հստակ է. հա՛մ Ստեփանակերտն է մերը, հա՛մ Տիգրանակերտը, հա՛մ Մեղրին, հա՛մ Ղուբաթլին: Բայց երբ ստիպված լինես կանգնել երկընտրանքի առաջ ու համ-համից անցնել կամ-կամի, ապա հաղթանակների սեփականատեր հաջողակ հայրենասերներին պետք է փոխարինելու գան անբախտ հայրենասերները, որոնց վիճակված է բախտորոշ պահին ուղիներ որոնել ցանկացած բարդ իրավիճակից դուրս գալու համար` հնարավորինս նվազագույն կորուստներով. ոչ միայն տերը լինել հաղթանակների, այլեւ պատասխանատուն ցավագին կորուստների: Իսկ դավաճաններ մեզանում ուղղակի չկան: Երբ ասում են, թե այս արձանագրություններն ըստ էության հայկական կողմի համար անընդունելի պայմանագրեր են, եւ իրենք չէին ստորագրի դրանց տակ, վախենամ, երբ Իրանի հետ պատերազմի վտանգը դառնա իրական, այդ ասողներից շատերը ստիպված լինեն ստորագրել անգամ «ղազագրի» տակ:

Բնական հարց է առաջանում. եթե սա կարող է իրականություն լինել, ապա ինչո՞ւ իշխանություններն այս մասին ժողովրդին անկեղծորեն չեն ասում, այլ պաշտպանվում են անհամոզիչ բացատրություններով: Պատճառը պարզ է` Հայաստանի ոչ մի պաշտոնյա չի խոստովանի, որ գաղտնի նախապատրաստվում է Իրանի դեմ ԱՄՆ-ի հավանական հարձակմանը, քանզի այդ դեպքում մենք լուրջ խնդիրներ կունենանք Իրանի հետ արդեն այսօր:

Իշխանությունների տարբեր բնագավառներում թույլ տված բազմակողմանի սխալները կարելի է օրերով թվարկել, ինչը հետեւողականորեն արել ու անում եմ նաեւ ես, բայց ազնիվ չէ հանիրավի մեղադրանք ներկայացնել այս հարցում, երբ գիտես, որ նրանք այլ կերպ վարվել չէին կարող: Իսկ եթե որեւէ մեկը գտնում է, որ կա այդ այլընտրանքը, ապա թող հրապարակայնորեն ներկայացնի այն քայլերը, որոնք կձեռնարկեր Իրանի նկատմամբ հավանական ռազմական գործողությունների դեպքում:

Երբ Սերժ Սարգսյանն ասաց, որ եթե Թուրքիայի հետ սահմանի բացման համար պետք է գին վճարվի, ապա ինքը պատրաստ է այդ գինը վճարել, նրան հակադարձեցին, թե՝ սեփական գրպանիցդ վճարիր, հաշվի չառնելով, որ այդ գինը Սերժ Սարգսյանի գրպանում չի կարող լինել. այն ձեւավորվել է Իրանի նկատմամբ հավանական ռազմական գործողությունների վտանգի արդյունքում:

Այն, որ Բարաք Օբաման արժանացավ Նոբելյան մրցանակների պատմության ողջ ընթացքի ամենաանտրամաբանական պարգեւին, քանի որ այն տրվեց մտադրությունների համար, այլ ոչ թե կատարած գործի, այս հանգամանքը ոչ թե փոքրացնում է Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների հավանականությունը, այլ ընդհակառակը` արդարացնում այն, քանզի ԱՄՆ նախագահը կարող է ասել` ողջ աշխարհին է հայտնի, որ ինքը խաղաղասեր է, պարզապես Իրանն այլ տարբերակ նրան չթողեց: Վերջապես, հազիվ թե Հիլարի Քլինթոնը Շվեյցարիայից հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ 4 անգամ զանգահարել էր ԱՄՆ նախագահին ընդամենը նրա համար, որ մենք, Փոթիից բացի, նաեւ Տրապիզոնի նավահանգստից օգտվելու հնարավորություն ստանանք:

Էդվարդ ԱՆՏԻՆՅԱՆ