«Հայր Ֆեոդորը թքեց եւ դարձյալ չվրիպեց»

25/11/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Իլֆի եւ Պետրովի «12 աթոռի» այս հանճարեղ ֆրազն այնքան համահունչ է հայաստանյան այսօրվա իրականությանը. բոլորը միմյանց անվանարկում են: Եվ վատն այն է, որ իրավիճակը հատկապես քաղաքական դաշտում այնպիսին է, որ այն, ինչ վատ բան միմյանց մասին հորինում են կողմերը, իրականություն է: Այսինքն` ինչպես հայր Ֆեոդորը, մեզ մոտ էլ, թքողները, որպես կանոն, անվրեպ են:

Ծանրամարտի աշխարհի առաջնության ժամանակ չինացի մարզիկի ելույթի ընթացքում մեկնաբանները տեղեկացրին, որ Չինաստանում միայն ծանրամարտով զբաղվում էգ վեց միլիոն մարդ: Այսինքն, ուղիղ երկու անգամ ավելի, քան Հայաստանի տարածքում ապրող ողջ բնակչությունը: Այս տեղեկությունը մի քանի անգամ մտքում կրկնելու եւ լրջորեն վերապրելու ընթացքում որոշ տագնապներ են առաջանում: Թեեւ թեմայի հետ ուղղակի կապ չունի, սակայն թվերի այս ճնշող հարաբերակցությունը հիշեցնում է իրավաբան Վլադիմիր Նազարյանի մտքերից մեկը, երբ նա, դիմելով իր մասին թյուրիմացաբար մեծ կարծիք ունեցող Սահմանադրական դատարանի անդամներից մեկին, ասաց. «Այնքան, որքան դու գիտես, ես այդքան ամեն օր միայն մոռանում եմ»: Այսինքն` երբ երեք, վեց կամ տասը միլիոն թիվը աշխարհում սփռված հայության ամբողջությունն է, Չինաստանի նման երկրի համար երեք, վեց, տասը միլիոն մարդ այսկողմ թե այնկողմ` ոչինչ չի որոշում: Այլ է մեր` հայերիս պարագայում, երբ մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշիվ լինի պետության համար: Մեզանից յուրաքանչյուրի գոյության մասին, եթե կուզեք, անուն առ անուն, պետությունը պետք է իմանա: Մեզանից յուրաքանչյուրին չկորցնելու (ո՛չ ֆիզիկապես, ո՛չ բարոյապես) համար պետությունը պետք է գիշեր-ցերեկ չարչարվի: Այնինչ` մեզանից յուրաքանչյուրն այս պետությանը պետք է միայն որպես ընտրազանգվածի ներկայացուցիչ կամ բանակը համալրող հումք: Ովքեր առանց կարմրելու քծնում են, հաճույք են ստանում ինքնանվաստացումից, ձգտում են մուտք գործել խորհրդարան եւ կառավարություն:

Իշխանությունը այս կատաստրոֆիկ փոքր բնակչությանը բաժանել է ավելի փոքր խմբերի: Եվ իր ուշադրության կիզակետում պահում է թերեւս հինգ հարյուր մարդու (սա պայմանական թիվ է եւ վերցված է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` ԱԺ-ում ունեցած ելույթից. ըստ այդմ, մեր երկրի առաջին հինգհարյուրյակը հանրությանը պետք է ներկայացնի իր եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագրեր): Այդ հայտարարագրերը պետք է լինեն հանրամատչելի եւ նախատեսված հավանաբար ընթերցողի լայն շրջանակների համար, քանի որ իշխանության վերին օղակներում հատկապես են հայտնի այդ 500-ի եկամուտների աղբյուրներն ու չափը: Այս հինգ հարյուր հոգին են տիրապետում երկրի եղած հարստությանը, եւ նրանք էլ թելադրում են` ինչ արժեքներով պետք է առաջնորդվի մնացյալ 2 միլիոն 950 հազար 500-ը: Ինչ կարգի հիշողություններ ունենա եւ ինչ կարգի հետեւություններ անի այդ հուշերից: Կա՞ այս 500-ի մեջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, էական չէ, քանի որ նա կրողն է այն արժեքների, որոնք հատուկ են այդ 500-ին: Երբ ՀՀ երկրորդ նախագահը, պատասխանելով իր հասցեին Լեւոն Տեր-Պետրոսյանի մեղադրանքներին, հիշեց Աֆրիկան, բնավ չկենտրոնացավ որսի փիլիսոփայության վրա, քանի որ բնավ Հեմինգուեյ չէ: Սակայն այն, ինչ հիշել էր ՀՀ երկրորդ նախագահը, կարելի էր նաեւ չհիշել` որպես անկարեւոր եւ իրենից գեղարվեստական արժեք չներկայացնող միջադեպ, կամ դրանից անել այլ կարգի եզրակացություններ: Օրերս, հետաքրքիր զուգադիպությամբ, «Կուլտուրա» հեռուստաալիքով որսորդական հիշողություններ էր պատմում ռուս կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը: Նա եւս հիշում էր, թե ինչպես մի անգամ արջի որսի էր գնացել Նովգորոդի մատույցներում: Խավարչտին գիշեր: Արջին հետեւում ես որսորդական հեռադիտակից: Արջին տեսնում ես, սակայն չես պատկերացնում` ինչ հեռավորության վրա է, չգիտես` ինքը քեզ նկատե՞լ է, թե՞ ոչ: Չհազալու վախից` ռեժիսորը գրպանից հանում է անանուխի կոնֆետն ու դնում լեզվի տակ: «Ձեռքումս մնաց կոնֆետի թուղթը: Եվ ես ինձ այն մտքի վրա բռնացրեցի, որ թուղթը զգուշորեն դնում եմ գրպանս. այդ ամայի, բնակելի տներից 300 կմ հեռավորության վրա գտնվող վայրում, ուր այդ թուղթը ոչ ոք երբեք չէր գտնի եւ ինձ չէր մեղադրի»: Դժվար չէ կռահել, թե որսորդական այս երկու պատմություններից արած հետեւությունների իմաստով ո՛ր հասարակությունը կշահի` հա՞յ, թե՞ ռուս:

Մյուսը. թեեւ բոլորս, ավաղ, ավելի հակված էինք կարծել, որ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղում մեր ֆուտբոլիստները կանեն ամեն ինչ, սակայն դժվար թե կարողանան հաղթել հակառակորդին, ամեն դեպքում, որեւէ մեկն իրեն թույլ պիտի չտար չարախնդալ եւ ասել, թե ինքը չի մասնակցի խաղին, քանի որ որտեղ իր ոտքը դրվում է, աճում են միայն հաղթանակի ծաղիկներ: Սա չափազանց նեղ աշխարհայացքի եւ սեփական անձի մասին ունեցած մեծ կարծիքի վկայությունն է: Հայկական ֆուտբոլի մասին թեեւ լավատեսական խոսքեր ասել առայժմ հնարավոր չէ, սակայն այս նուրբ լարին նման ձեւով կպչելը, հատկապես Թուրքիայի հավաքականի հետ խաղի դեպքում, նրբանկատ չէր, ինչն էլ արժանացավ սուր եւ ասվածի կծվությանը համարժեք պատասխանի: Հասարակությունը մկանների նման ցուցադրությունից ինչ-որ բան շահե՞ց: Որեւէ օգտակար բան` հաստատ` ոչ: Փոխարենը կարելի է անվերջ լսել մաեստրո Տիգրան Մանսուրյանի հիշողությունները, դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի խոսքը, Արմեն Ջիգարխանյանի (եւ էլի մի քանիսի) մտքերը: Մարդկանց այս տեսակը Հայաստանում ներկայացված է մեկական օրինակով, մինչդեռ բթամտությունն անսահմանափակ է: Այն, թե հատկապես ինչ է հիշում մարդն իր կյանքից, խիստ բնորոշում է նրան:

Մարդիկ, ում անունները թվարկեցի, ազատ են այնքան, որ կարող են իրենց թույլ տալ երթուղային տաքսի նստել, սակայն լինել ներկայանալի աշխարհի ցանկացած կետում (սա` ի գիտություն թանկարժեք մեքենայով երթեւեկելը ներկայանալի համարվելու նշան ընկալող Գալուստ Սահակյանի): Նշածս մտավորականները կարիք չունեն մամուլի խոսնակների, քանի որ ունակ են առանց այլոց օժանդակության մտքեր արտահայտել: Եվ, ի վերջո, նրանք զգայուն են այնքան, որ կարող են հիշել իրադարձություններ, որոնք այլոք մոռանում են` որպես անկարեւոր միջադեպեր: Մաեստրո Մանսուրյանը հեռուստատեսությամբ պատմում էր, թե ինչպես, երբ իրենց ընտանիքում օրվա հացի խնդիր կար, մի օր մայրն իրեն մի կտոր հաց ու պանիր տվեց: «Հացը վերջացավ, իսկ պանրի մի կտորը մնաց: Այդ ժամանակ մայրս մի կտոր էլ հաց տվեց: Հետո էլ պանիրը վերջացավ, հացը մնաց: Մայրս մի կտոր էլ պանիր տվեց: Որքա՜ն լավ օր էր»: Ջիգարխանյանն ասում է, որ կուսակցական պատկանելությունը, գաղափարները սուտ բաներ են, քանի որ յուրաքանչյուր մարդ ունի մի քանի խնդիր միայն` տուն կառուցել, ծառ տնկել եւ զավակ մեծացնել: Մնացյալը խաբկանք է: Սվտլանա Նավասարդյանն ասում է, որ ինքն իրեն երբեք չի կարող թույլ տալ դատել մյուսին, քանի որ բնության մեջ մարդկային յուրաքանչյուր տեսակ, արվեստի յուրաքանչյուր ժանր ունի լինելու իրավունք, որ հրապարակավ պետք չէ նշել Մոցարտի մարդկային թուլությունները, քանի որ նա, ով Մոցարտի երաժշտությանը ծանոթ չէ, նրա մասին կարող է սխալ պատկերացում կազմել: Երբ նման մարդկանց միջոցով տեսնում ես, թե որքան ներդաշնակ կարող է լինել մարդն իր եւ բնության հետ, մխիթարվում ես, որ թեեւ հայերիս թիվն այնքան չէ, որ մեզ թույլ տանք ունենալ վեց միլիոն ծանրամարտիկ, սակայն մեր իսկական մտավորականները մտածում են այնպես, ինչպես մի քանի միլիարդ բնակչություն ունեցող Չինաստանում եւս մտածում են ընդամենը մի քանի հոգի միայն: