ՀՅԴ Արցախի կազմակերպությունը, իր 16-րդ շրջանային ժողովին քննարկելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացը եւ հեռանկարները, երեկ հանդես է եկել հայտարարությամբ: «Հայ-թուրքական հարաբերությունների ներկա զարգացումները հակասում են Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ աշխարհասփյուռ հայության շահերին: Ստորագրված արձանագրություններում պարունակվող ստորացուցիչ եւ վտանգավոր նախապայմանները, ինչպես նաեւ Թուրքիայի կառավարող շրջանակների կողմից մշտապես հնչեցվող նոր հայտարարությունները վկայում են, որ այդ երկրի նպատակը Հայաստանն ու հայությանը թուլացնելն ու նոր զիջումներ պարտադրելն է: Ակնհայտ է նաեւ, որ փորձ է կատարվում պառակտել Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնական ճակատը: Մյուս կողմից, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների շուրջ նկատվող աշխուժացումը վկայում է արցախյան հիմնախնդրում հայկական կողմի վրա ուժգնացող ճնշումների մասին: Սակայն ոչ մի պարտադրանք կամ ռազմատենչ սպառնալիք չեն կարող ստիպել հայությանը հետ կանգնել ազգային շահերից:
Մենք շեշտում ենք, որ Հայ Դատի պայքարը իր ողջ բովանդակությամբ ոչ թե հայ ժողովրդի առանձին հատվածների պայքար է, այլ պայքար է անկախ պետականության ճակատագրի ու ողջ հայ ժողովրդի լինելիության համար: Համայն հայության ջանքերով արցախյան ճակատում ձեռք բերված արժանապատիվ հաղթանակը սակարկության առարկա չէ: ՀՅԴ Արցախի կառույցը այսուհետ եւս վճռականորեն կպայքարի համայն հայության իրավունքների համար»,- ասված է հայտարարության մեջ: