– Առաջին անգա՞մ եք գալիս Հայաստան:
– Ոչ, սա իմ 4-րդ այցելությունն է: Եվ 4 անգամ էլ եկել եմ «Թուրք-հայկական գործարարության զարգացման կենտրոնի» շրջանակներում: Ես այդ կենտրոնի անդամներից եմ: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Վիեննայում, Լոնդոնում, Բրյուսելում ունեմ շատ հայ ընկերներ: Նրանց հետ մենք շատ սերտ հարաբերությունների մեջ ենք: Առաջին այցելությունս Հայաստան 2003թ.-ին էր: Այսինքն` շուրջ 7 տարի է` այցելում եմ Հայաստան:
– Եվ ի՞նչ տարբերություններ եք տեսնում:
– Երբ առաջին անգամ եկա Հայաստան, ինձ թվում էր, թե գտնվում եմ Թուրքիայի ինչ-որ քաղաքում: Միայն այդ ժամանակ հասկացա, որ երկու երկրների միջեւ շատ ընդհանրություններ կան` սնունդը, երաժշտությունը, մշակույթը: Սակայն այդ տարիներին Հայաստանը դեռեւս Սովետմիության երկրի տպավորություն էր թողնում: Մինչդեռ հիմա այն իսկապես դարձել է եվրոպական երկիր:
– Ո՞րն է «Թուրք-հայկական գործարարության զարգացման կենտրոնի» բուն առաքելությունը:
– Կենտրոնի նպատակը թուրք եւ հայ գործարարներին օգնելն է: Արդեն 10 տարի է, ինչ կենտրոնը սկսել է իր աշխատանքները: Արդեն բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել: Օրինակ, այդ ծրագրերից մեկը կազմակերպել էինք Էրզրումում, Կարսում, Գյումրիում եւ Երեւանում: Գյուղատնտեսական շուկայական մթերքի հավաքագրում էր, ինչը օգտակար էր թե՛ խոշոր ընկերություններին, թե՛ գյուղացիներին, որոնք, վաճառելով իրենց մթերքը, գումար էին աշխատում:
Մենք հավատում ենք այս նոր հազարամյակի քաղաքականությանը` բիզնեսին: Ամեն ինչ անում ենք, որպեսզի բիզնեսի աշխարհի մարդիկ երկխոսության միջոցով նոր կապեր ու հարաբերություններ հաստատեն: Թուրք գործարարներն ունեն լավ փորձ ու գիտելիք, իսկ հայ գործարարներն ունեն հսկայական հաղորդակցության ցանց: Թե՛ թուրք, թե՛ հայ գործարարները ամենուր կարող են հաստատել գործընկերություն: Կարծում եմ` սա լավ հնարավորություն է նաեւ միմյանց օգնելու համար:
– Շատ վերացական չի՞ հնչում օգնելը:
– Ամեն անգամ Հայաստան գալիս ինձ հետ բերում եմ թուրք գործրարարների, ովքեր ուզում են տեղի հայ գործարարների հետ սերտ կապեր հաստատել ու բիզնեսով զբաղվել: Այս անգամ եւս ինձ հետ Երեւան են եկել երկու թուրք գործարարներ, ովքեր այդքան էլ ծանոթ չեն տեղի գործարարների հետ: Մեր կենտրոնն օգնում է նրանց ծանոթանալու գործարարների հետ: Իսկ երբ հայ գործարարներն են գալիս Ստամբուլ, մեր կենտրոնը կրկին օգնում է նրանց` ծանոթանալու թուրք գործարարների հետ:
– Թուրքիայում շա՞տ են հայ գործարարները:
– Նկատի ունեք թրքացվա՞ծ հայերին, թե՞ այն հայերին, ովքեր ապրում են Թուրքիայում: Այսօր Ստամբուլում ապրում է շուրջ 70.000 հայ: Նրանք բոլորն էլ զբաղվում են բիզնեսով: Բայց, դժբախտաբար, նրանց միայն չնչին մասն է, որ Հայաստանում զարգացնում է գործարարության կապերը:
– Իսկ թուրք եւ հայ գործարարներին աջակցող կենտրոնը միայն Թուրքիայո՞ւմ է գործում:
– Ոչ: Կենտրոնն ունի 3 գրասենյակ, որոնք տեղակայված են Ստամբուլում, Երեւանում եւ Նյու Յորքում: Ի դեպ, գրասենյակ ունեինք նաեւ Բրյուսելում, որը փակվեց:
– Երկու ազգերի միջեւ թշնամությունը չի՞ խանգարում գործարարությանը:
– Մենք թշնամիներ չենք: Միշտ ասել եմ, որ Նյու Յորքում, Ֆրանսիայում, Անգլիայում թուրքերի լավագույն ընկերները հայերն են: Ոչ թե երկու ազգերի միջեւ է խնդիրը, այլ այդ ազգերի Կառավարությունների քաղաքականության: Ճիշտ է, այսօր մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, բայց իրականում հայերն ու թուրքերը միմյանց նկատմամբ խնդիրներ չունեն: Օրինակ, ես ամեն անգամ գալիս եմ Հայաստան, եւ մեծ հյուրընկալություն ու ջերմություն եմ զգում: Մի անգամ հյուրանոցի բարմենին ասացի` «Դու գիտե՞ս, որ ես թուրք եմ»: Նա սկսեց խոսել ինձ հետ` պատմելով իր նախնիների մասին, ովքեր Մուշից էին, Վանից, Կարսից: Անկախ ամեն ինչից` մեզնից յուրաքանչյուրն ունի գոնե մի հայ ընկեր: Իմ մայրը Անատոլիայի կենտրոնից էր: Մանկությանս տարիներին մենք շատ էինք գնում այնտեղ, որտեղ մեր հարեւանների մեծ մասը հայեր էին: Ես երբեւէ հայերի նկատմամբ թշնամություն չեմ զգացել, ավելին` նրանք ինձ համար իմ եղբայրներն ու ընկերներն են: Ի վերջո, իմ եւ Ձեր ազգերի միջեւ տարբերությունն այդքան էլ մեծ չէ` նույն աչքերը, նույն դիմագծերը:
– Այսօր Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքական կյանքում կարծես տեղաշարժ է նկատվում` արձանագրությունների ստորագրմամբ: Այս մասին թուրք հասարակությունն ի՞նչ է մտածում:
– Մարդիկ նույնիսկ 5 րոպեի ընթացքում կարող են դառնալ լավ ընկերներ, բայց Կառավարությունները չեն կարող հարաբերություններ զարգացնել 5 րոպեի ընթացքում: Դա է պատճառը, որ ես չեմ ուզում մեղադրել նրանց: Կարծում եմ` երկուսն էլ անում են իրենց ուժերի առավելագույն ներուժի չափով, որից հետո ժամանակը կբերի բալանսի: Իհարկե, գուցե գործընթացը մի քիչ դանդաղի, բայց չէ՞ որ մենք արդեն ստորագրել ենք արձանագրությունները: Դա մի մեքենա է, որի մեջ արդեն լցրել ենք այն նյութը, որից պետք է ստանանք արտադրանք: Հիմա, եթե փորձենք դադարեցնել մեքենայի աշխատանքը, եւ՛ մեքենան, եւ՛ արտադրանքը կփչանան: Իսկ արձանագրություններով մենք արդեն սկսել ենք արտադրանքի գործընթացը եւ չպետք է կանգնեցնենք մեքենան: Այս գործընթացը, ուզած-չուզած, պետք է ավարտվի: Մենք պետք է ստանանք վերջնական արտադրանքը: Ոչ ոք արդեն չի կարող կանգնեցնել այդ մեքենան: Իսկ արտադրանքի որակը կտեսնենք, երբ այն պատրաստ լինի: Այդ ժամանակ էլ կարող ենք ասել` լա՞վ է, թե՞ վատ: Իսկ հիմա պետք է սպասել:
– 1993-ին Թուրքիան փակեց սահմանը: Ինչո՞ւ:
– Անկեղծ ասած` չգիտեմ: Դա հիմար որոշում էր: Սահմանները պետք է բացվեն: Ես որեւէ հիմնավոր պատճառ չեմ գտնում այդ վարքագծի արդարացման համար:
– Հիմնավոր պատճառ չէ՞ր հայ-ադրբեջանական պատերազմը:
– Թուրքիան նաեւ Ադրբեջանի հետ է սահմանակից: Թուրքիայի Կառավարությունը փակեց սահմանը, քանի որ ուզում էր կասեցնել հայերին եւ օգնել ադրբեջանցիներին: Դա է պատճառը, որ փակվեց սահմանը: Բայց այսօր որեւէ պատճառ չեմ տեսնում սահմանները փակ պահելու համար: Սահմանները պետք է բացվեն: Ու դա պետք է կատարվի ոչ թե դիվանագիտական կամ քաղաքական մղումներով, այլ` մարդասիրական: Երկու կողմերում էլ ապրում են մարդիկ, որոնց բաժանում է Արաքս գետը:
– Այդ հարցի մասին ի՞նչ դիրքորոշում ունի թուրք հասարակությունը:
– Թուրք հասարակությունը դրական վերաբերմունք ունի: Չնայած դրան, պետք է ասեմ, որ թուրք հասարակությունը մինչեւ 1992թ. շատ քիչ բան գիտեր հայերի ու Հայաստանի մասին: Պատճառը Սովետական Միությունն էր: Բայց երբ 1992թ. Սովետմիության երկրները անկախություն ձեռք բերեցին, նրանք որոշակի տեղեկություններ ունեցան հայերի մասին` գրքերի, սեմինարների միջոցով: Ընդհանուր առմամբ, թուրք հասարակությունը սկսել է հայերի մասին իմանալ վերջին 10 տարիների ընթացքում: Դրա համար մեզ փոքր-ինչ ժամանակ է հարկավոր:
– Թուրք հասարակությունը փոխվե՞լ է:
– Այո: Հայաստանի նախագահի այցը Թուրքիա բավական աշխուժություն հաղորդեց թուրք հասարակությանը` դրական իմաստով: Ես ինքս էլ Բուրսայում դիտում էի խաղը: Այնտեղ գնացել էի 12 հայ գործարարների հետ միասին: Կարծում եմ` ֆուտբոլն էլ օգնեց Թուրքիա-Հայաստան հարաբերություններին: Եվ ոչ միայն ֆուտբոլը, նաեւ մշակույթը: Վերջերս «Թուրք-հայկական գործարարության կենտրոնը» մի ֆիլմ էր նկարել, որը պատմում է երկու երկրների մասին: Ճիշտ է, ֆիլմը արված չէ «Օսկար» ստանալու նպատակով, բայց այն շատ պայծառ ու մաքուր ֆիլմ է: Հայաստանում եւ Թուրքիայում ֆիմը դիտեցին հարյուրավոր մարդիկ, ինչպես ֆուտբոլի խաղը: Դա էլ արդեն ի նպաստ է մեր հարաբերությունների զարգացմանը:
– Ինչո՞վ է ձեռնտու Թուրքիային սահմանների բացումը:
– Երկու կողմի համար էլ սահմանների բացումը շահավետ է: Նախեւառաջ` տնտեսական ներուժի առումով է շահավետ: Երկուստեք կզարգանա զբոսաշրջությունը: Հազարավոր թուրքեր կգան Հայաստան: Իհարկե, նրանք հիմա էլ են գալիս, բայց սահմանների փակումը նաեւ հոգեբանական լուրջ խոչընդոտ է: Հայաստանից էլ հազարավոր մարդիկ կգնան Թուրքիա: Երկրորդ` մանր ու միջին բիզնեսի համար այն շահավետ կլինի: Սա բիզնեսի եւ տնտեսության հազարամյակ է: Մենք պետք է նաեւ օգնենք այստեղ ապրողներին` զբաղվել առեւտրով, բիզնեսով, եւ ամենակարեւորը` փող աշխատելու գործում: Ես հուսով եմ, որ 5 ամիս հետո սահմանները կբացվեն: Մատներս խաչ եմ անում դրա համար:
– Ինչպիսի՞ն է այսօրվա Թուրքիան:
– Համաշխարհային ճգնաժամն ազդեց նաեւ Թուրքիայի վրա: Բայց կարծում եմ` մենք հեշտությամբ հաղթահարեցինք այն: Թուրքիայի Կառավարության գործունեության կարեւոր նպատակներից մեկը զրո խնդիրներ ունենալն է հարեւանների հետ` ոչ միայն Հայաստանի հետ, այլեւ մյուս հարեւանների: Այս Կառավարությունը սկսել է աշխատել այդ ուղղությամբ, թեպետ երբեմն մեթոդոլոգիական սխալներ լինում են:
– Ի վերջո, բացի փակ սահմաններից, հայերին ու թուրքերին բաժանում է այն 1,5 միլիոն հայերի դաժան սպանությունը` Հայոց ցեղասպանությունը, որ կատարվեց Թուրքիայի Կառավարության կողմից:
– Ես այն չեմ կարող ճանաչել, բայցեւ կարծում եմ, որ դա մեծ ողբերգություն է: Ես մեծ ցավ եմ ապրում դրա համար: Ես հասկանում եւ հարգում եմ հայերի զգացողությունները: Ամեն անգամ, երբ գալիս եմ Հայաստան` պարտադիր այցելում եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ, իսկապես, մեծ ցավ եմ զգում զոհերի համար: Այս մասին իմացել եմ 10 տարի առաջ: Իհարկե, ես չեմ ասում, թե երբ մենք սկսենք հարաբերություններ զարգացնել, դուք պետք է մոռանաք այդ մասին: Մյուս կողմից` մենք կարող ենք միասին ֆիլմեր նկարել, բիզնեսով զբաղվել: Եվ եկեք չփնտրենք մեղավորներ` ես եմ, դու ես: Մեզ համար եւս հեշտ չէ այս խնդիրը լուծելը, որովհետեւ մենք ինքներս չգիտենք այդ խնդիրն ամբողջությամբ: Բայց դրան զուգահեռ՝ կարող ենք մշակույթով, սպորտով, բիզնեսով զբաղվել: