Ըստ Համաշխարհային բանկի կողմից անցկացված ուսումնասիրության եւ հրապարակված զեկույցի, 2009 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում արտերկրից Հայաստան ուղարկվող տրասֆերտները` դրամական մասնավոր փոխանցումները, նվազել են 30 տոկոսով: Համաշխարհային բանկը աշխարհի տարածաշրջանների, զարգացող երկրների ու որոշ կոնկրետ պետությունների մասշտաբներով ուսումնասիրել է դրսի աշխատուժի, նրա կողմից կատարվող դրամական փոխանցումների ու միգրացիոն միտումները: Զեկույցում նշվում է, որ զարգացող շատ երկրների համար արտերկրից կատարվող փոխանցումները մնում են կարեւոր աղբյուր: Ընդհանուր առմամբ, դեպի զարգացող երկրներ կատարվող փոխանցումները ավելի քիչ են նվազել, քան կանխատեսվում էր: 2009 թվականի 9 ամիսներին դրանք կազմել են 317 միլիարդ դոլար` 2008-ի նույն ժամանակահատվածի 338 միլիարդի համեմատ, այսինքն` նվազել են 21 միլիարդ դոլարով: