«Փոքր ավիացիան երազանք չէ»

27/08/2005 Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարում Ազգային ավիացիոն միավորման նախագահ Դմիտրի
Ադբաշյանը իր մտահոգություններն էր արտահայտել արդեն 2 տարի Հայաստանում
գտնվող 2 փոքր տիպի CH701 մակնիշի ինքնաթիռների երկարատեւ անգործության
վերաբերյալ: Պրն Ադբաշյանի մտահոգությունն ինքնաթիռների գրանցման
վերաբերյալ էր, քանի որ որպես ԻԿԱՕ-ի անդամ երկիր Հայաստանն այդ
ինքնաթիռները բերելուց հետո պետք է անմիջապես գրանցեր: Այս հարցում ՀՀ
կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Արտյոմ
Մովսիսյանը հաստատակամ է. «Այո, չենք գրանցում եւ չենք էլ գրանցելու, քանի
որ ինքնաթիռների գրանցման հետ կապված մենք ունենք մեր ներքին կանոնները:
ԻԿԱՕ-ով չի նախատեսվում, թե որ երկրում այդ օդանավը երբ պետք է գրանցվի:
Դա պետություններն իրենք են որոշում»: Բացի այդ, CH701 ինքնաթիռները
թռիչքային պիտանելիության սերտիֆիկատ չունեն, որը տրվում է միայն դրանց մի
քանի անգամ փորձարկումներից հետո:

Ա. Մովսիսյանը համաձայն չէ այն պնդմանը, ըստ որի՝ փոքր ինքնաթիռների
թռիչքի եւ վայրէջքի համար օդակայաններ պետք չեն: Նրա համոզմամբ՝
յուրաքանչյուր ինքնաթիռի թռիչքի եւ վայրէջքի համար օդակայաններ պետք են,
այլ են սակայն դրանց առջեւ դրված պահանջները: «Ինչ-որ մի հատված պետք է,
որպեսզի ինքնաթիռը վազքի արագություն ձեռք բերի: Պարզապես այդ օդակայանը
պետք է ունենա այլ հատկանիշներ, որոնք ավելի մեղմ կլինեն, քան մեծ
ինքնաթիռներինն է»,- պատճառաբանում է Ա. Մովսիսյանը: Գյուղատնտեսության
ոլորտում օգտագործելու, ինչպես նաեւ՝ վերեւից քարտեզագրման աշխատանքների
եւ նկարահանումների ժամանակ գործածելու համար փոքր ինքնաթիռների քաշը եւ
ներքին կառուցվածքը պետք է համապատասխանեն սահմանված նորմերին: «Ընդհանուր
նշանակության ավիացիայի նկատմամբ մենք պետք է լինենք պահպանողական՝ հաշվի
առնելով Հայաստանի բնակլիմայական պայմանները»,- ասաց վարչության պետը եւ
հավելեց. «Պահպանողական չի նշանակում, որ ընդհանրապես չլինեն: Դրանք պետք
է լինեն, ուղղակի բոլոր երկրների նման պետք է դնենք խիստ պահանջներ»:

Այնուամենայնիվ, պրն Մովսիսյանը չի բացառում այնպիսի զարգացումների
հնարավորությունը, որոնց արդյունքում «Պրն Ադբաշյանին թույլտվություն տանք
Հայաստանի տարածքում փոքր ինքնաթիռով թռիչքներ կատարի, բայց դրա համար
ժամանակ է պահանջվում»: Սակայն մինչ այդ, մոտ ապագայում նախատեսվում է
փոփոխել հայաստանյան ավիացիայի մասին օրենսդրությունը։ «Նոր օրենքի եւ
ենթաօրենսդրական ակտերի ընդունումը կարող է մաքսիմում հնարավորություն տալ
նման օդանավերին թռիչք իրականացնել հսկողության ներքո»,- վստահեցրեց Ա.
Մովսիսյանը: