Երեկ ՀՀ վարչական դատարանը թերեւս բոլորի համար անսպասելի որոշում է կայացրել. դատավոր Արծրուն Միրզոյանը բավարարել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հայցը եւ Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության Իջեւանի բաժնին պարտադրել է Նիկոլ Փաշինյանին վերջին
5 տարում Հայաստանում մշտական բնակության մասին տեղեկանք տրամադրել: Այսինքն` Վարչական դատարանը իր երեկվա վճռով արձանագրել է, որ ՀՀ Ոստիկանության առնվազն առանձին վերցրած մեկ բաժնում աշխատում են ոչ միայն օրենքի, այլեւ տրամաբանության հետ խնդիրներ ունեցող մարդիկ, եւ անկախ այս վճռի քաղաքական հետեւանքներից՝ դրա արդյունքում նաեւ կոնկրետ պաշտոնյաներ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Թե ինչով է պայմանավորված Վարչական դատարանի այս որոշումը, առայժմ դժվար է բացատրել: Իրականում այն ոչ թե վարչական դատարանի, այլ բարձրագույն իշխանության որոշումն է: Այն նույն իշխանության, որի հրահանգով Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցվել է անհեթեթ քրեական գործը, որի հրահանգով Փաշինյանն արդեն 6 ամիս պահվում է անազատության մեջ, եւ վերջապես, որի հրահանգով Ոստիկանության Իջեւանի անձնագրային բաժինը մերժել էր տեղեկանք տրամադրել: Այսինքն` իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել, որի դրդապատճառները կբացահայտվեն մոտ ապագայում` Երեւանի թիվ 10 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը գրանցելուց հետո: