Ագոյենք են եկել

21/11/2009

Նախօրեին Հայաստան են ժամանել Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախմբի պատվիրակության անդամները` ԵԽ-ում Ռումինիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Ստելիան Ստոյանի գլխավորությամբ: Նրանք երեկ Երեւանում մի շարք հանդիպումներ են ունեցել ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ այլ հարցերի թվում քննարկվել են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող հարցեր: Ըստ պաշտոնական հաղորդագրության, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատվիրակության անդամներին է ներկայացրել «2008թ. ընտրություններին հաջորդած զարգացումները եւ մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ ձեռնարկված գործողությունները»: «Մանրակրկիտ քննարկելով վերջին մեկուկես տարվա զարգացումները` կողմերը համաձայնեցին, որ այդ բնագավառում լուրջ առաջընթաց է արձանագրվել: Զրուցակիցները նաեւ համաձայնեցին, որ այդ առաջընթացն ամրապնդելու համար անհրաժեշտ է շարունակել աշխատանքը` խրախուսելով հասարակության վստահությունը պետական հաստատությունների հանդեպ եւ հանրային համաձայնության ձեւավորումը»,- նշված է այդ հանդիպման մասին պատմող հաղորդագրությունում: Երեկ Ագոյի խմբի ներկայացուցիչներին ընդունել է նաեւ Հայ Ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ըստ ՀԱԿ տարածած հաղորդագրության, Լ. Տեր-Պետրոսյանը Եվրախորհրդի դեսպանների ուշադրությունն է հրավիրել «Հայաստանում ժողովրդավարության վիճակի, Եվրախորհրդին անդամակցելուց առաջ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման` մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակման, խոսքի, լրատվամիջոցների ազատության, ԵԽ ԽՎ-ի վերջին բանաձեւերի իրականացման գործընթացի վրա»: Քննարկվել են նաեւ Հայաստանում կոռուպցիայի տարածման, դրա հաղթահարման ուղիները, «Հայաստանում տնտեսական համակարգի եւ ճգնաժամի նախադեպը չունեցող խորության պատճառները»: Ըստ ՀԱԿ հաղորդագրության, հանդիպման մասնակիցները անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ներկա փուլին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումներին: