«Հանրապետական» կուսակցության նոյեմբերի 28-ին կայանալիք համագումարի ժամանակ նախատեսվում է նաեւ կուսակցության գործադիր մարմնի ընտրություն: Մեր տեղեկություններով, բացառված չէ, որ փոփոխությունները լինեն նաեւ անակնկալ: Նման խոսակցությունների համար հիմք է հանդիսանում առաջին հերթին վարչապետ Տիգրան Սարգսյանի ՀՀԿ-ին անդամագրվելու քայլը: Մեզ հետ զրույցում ՀՀԿ մամուլի քարտուղար, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեկ ասաց, թե «քանի որ վարչապետ Տիգրան Սարգսյանը անդամակցել է ՀՀԿ-ին, բնականաբար, նա չի լինի շարքային անդամ»: Պատգամավորի ասելով՝ Տ.Սարգսյանը կընդգրկվի կուսակցության ղեկավար կազմում: «Իսկ ձեզ հետաքրքրող մյուս բաների մասին կտեղեկանաք համագումարի ժամանակ»,- ավելացրել է Է.Շարմազանովը: Մեր տեղեկություններով, այնուամենայնիվ, անակնկալներ լինելու են, եւ չի բացառվում, որ վարչապետի հետ միասին այլ մարդիկ, այդ թվում` մի շարք պաշտոնյաներ, անդամագրվեն «Հանրապետական» կուսակցությանը: Այնպես, ինչպես դա եղավ 2007թ. տեղի ունեցած համագումարի ժամանակ, երբ այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի հետ միասին բազմաթիվ գործարարներ ու պատգամավորներ անդամագրվեցին ՀՀԿ-ին: Բացի այդ, չի բացառվում, որ հանրապետական դառնան նաեւ Ազգային ժողովի դեռ անկախ մնացած մի քանի պատգամավորները: Հիշեցնենք, որ դեռեւս գարնանը այդ կուսակցությունը անստորագիր դիմումներ էր բաժանել այդ պատգամավորներին եւ ստիպում էր, որ վերջիններս դրանք ստորագրելով` անդամակցեն իշխանական կուսակցությանը: Չի բացառվում, որ նրանց հանրապետականացման լուրը ազդարարվի հենց նոյեմբերի 28-ին կայանալիք համագումարի ժամանակ: Բացի այդ, որոշ տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ի վերնախավում լինելու են նաեւ այլ կարեւոր փոխատեղումներ, որոնք անակնկալ են լինելու նաեւ նույն կուսակցության ոչ շարքային անդամների համար: Թե կոնկրետ ինչ փոփոխությունների մասին է խոսքը, պարզ կդառնա, հավանաբար, առաջիկա շաբաթվա ընթացքում: