Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նոյեմբերի 3-ին մերժել է Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով Հայաստանում 10 տարվա ազատազրկման դատապարտված Մուրադ Բոջոլյանի հայցը: Այդ մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է Եվրադատարանում Բոջոլյանի ներկայացուցիչ Արայիկ Ղազարյանը: «Եվրոպական դատարանը մեղքի մասին հարցը չի լուծում, ուստի մենք նման ձեւակերպումով չէինք դիմել դատարանին, որ անմեղ ճանաչի Մուրադ Բոջոլյանին, ուղղակի դիմել էինք` հայտարարելով, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որովհետեւ նրա իրավունքներին եղել է միջամտություն, որը օրենքով չի եղել, եւ անհամաչափ միջամտություն է եղել` սա է եղել մեր ձեւակերպումը: Եվրոպական դատարանը որոշում է կայացրել, որով մերժել է այդ գանգատի ընդունելության հարցը` մեծամասնությամբ, այսինքն` միաձայն չի եղել»,- պարզաբանել է Ա. Ղազարյանը: Ըստ նրա, «դատարանը գտել է, որ տեղեկությունը, որ Մուրադ Բոջոլյանը փոխանցել է թուրքական MIT-ին (գաղտնի ծառայությանը), պետական գաղտնիք չէր, բայց փոխանցել է գործի փաստերով, այսինքն` նույնիսկ, եթե այդ տեղեկությունը պետական գաղտնիք չէ, դրա արդեն իսկ փոխանցումը օտարերկրյա հատուկ ծառայություններին հիմք է, որպեսզի պետական մարմինները միջամտեն եւ դատապարտեն 10 տարվա ազատազրկման»: Ղազարյանն ասել է նաեւ, որ Եվրադատարանի վճռի բողոքարկման հնարավորություն չկա: «Քանի որ սա ընդունելության մասին որոշում է, ճիշտ է, ընդունելության մասին որոշումը գործի էության հետ է լուծել, բայց ընթացակարգը թույլ չի տալիս բողոքարկել: Եթե սա լիներ վճիռ` այդ դեպքում հնարավոր կլիներ բողոքարկել Մեծ պալատ: Որոշման վերնագիրն է` «Ընդունելության մասին որոշում», որի մեջ անդրադարձել է նաեւ գործի էությանը, այսինքն` բովանդակային իմաստով սա որոշում է եւ՛ ընդունելության, եւ՛ գործի էության մասին»: Հիշեցնենք, որ Մուրադ Բոջոլյանը անազատության մեջ է 2002 թվականի հունվարից: Նա Եվրադատարան էր դիմել դեռ 2003 թվականին: