Ինչպես ասում են՝ տեղ հասանք։ Այսինքն՝ տարիներ շարունակ երկնիշ տնտեսական աճ արձանագրելուց հետո հասանք այն օրին, որ ուրախանում ենք տնտեսական անկման տեմպերի թուլացմամբ։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին հանրապետության ՀՆԱ-ն կրճատվել է 17.5%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հիշեցնենք, որ հունվար-սեպտեմբերի տնտեսական անկման ցուցանիշը կազմել էր 18.3%։ Թվային արտահայտությամբ՝ այս տարվա առաջին 10 ամիսներին հանրապետության համախառն ներքին արդյունքը կազմել է 2 տրիլիոն 466 միլիարդ դրամ։
Ցանկության դեպքում այս ցուցանիշները կարելի է ներկայացնել որպես դրական դինամիկա։ Սակայն դա միայն առաջին հայացքից է այդպես։ Ամսվա կտրվածքով հոկտեմբերին արձանագրվել է 5.1%-անոց անկում սեպտեմբերի նկատմամբ։ Իսկ տնտեսական անկման ցուցանիշի 0.8 տոկոսային կետով նվազման համար «պարտական» ենք ոչ թե ընթացիկ տարվա աշխուժացմանը, այլ նախորդ տարեվերջի վատ ցուցանիշներին։ Այսպես, եթե 2008թ. սեպտեմբերի ՀՆԱ-ն օգոստոսի նկատմամբ աճել էր 2.4%-ով, ապա հոկտեմբերը սեպտեմբերի նկատմամբ նվազել էր 8.3%-ով։ Առաջ անցնելով նշենք, որ այս տարվա նոյեմբերի ցուցանիշներն ավելի բարվոք կլինեն, քանի որ նախորդ տարվա նոյեմբերին ամեն ինչ արդեն շատ տխուր էր. ամսական կտրվածքով արձանագրվել էր 30.7%-անոց անկում։ Մի խոսքով, եթե կառավարությունն այս տարվա ընթացքում արձանագրված վատ ցուցանիշները պայմանավորում էր նախորդ տարվա լավ ցուցանիշներով եւ դա անվանում էր «տեխնիկական ռեցեսիա», ապա նույն տրամաբանությամբ այսօր գործ ունենք «տեխնիկական աշխուժացման» հետ։
Անդրադառնանք, սակայն, ընթացիկ մակրոտնտեսական ցուցանիշներին։ Ինչպես եւ նախորդ ամիսներին, ամենամեծ անկումն արձանագրվել է շինարարության ոլորտում՝ -41.6%։ Ընդ որում, շինարարությունը միակ ճյուղն է, որտեղ ամսվա կտրվածքով բացասական դինամիկա է գրանցվել։ Եթե սեպտեմբեր ամսվա շինարարության ծավալները 26.6%-ով գերազանցում էին օգոստոսի ցուցանիշը, ապա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրանցվել է 18.2%-անոց անկում։ Հիմնականում հենց շինարարության ոլորտն է «մեղավոր», որ տնտեսությունն ընդհանուր առմամբ հոկտեմբերին բացասական ցուցանիշներ է արձանագրել։ Մյուս բոլոր ոլորտները հոկտեմբերի ընթացքում աճ են արձանագրել։ Այսպես՝ հոկտեմբերին (սեպտեմբերի նկատմամբ) արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 5.1%-ով, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 4.9%-ով, ծառայությունների ծավալը՝ 4.9%-ով։ Չնայած սրան, բոլոր այս ոլորտները դեռ զգալիորեն զիջում են նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի ցուցանիշներին. արդյունաբերական արտադրանքի ծավալներն այս տարվա առաջին 10 ամիսներին՝ 11.4%-ով, գյուղատնտեսական արտադրանքի ծավալները՝ 0.8%-ով, ծառայությունների ծավալը՝ 1.5%-ով։
Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ կազմել է 83 հազար մարդ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից բարձր է 11.4%-ով։ Ըստ վիճակագրական տվյալների, միջին ամսական աշխատավարձը աճել է 11.5%-ով եւ կազմել 98.618 դրամ։ Ընդ որում, պետական հիմնարկների աշխատակիցների վարձատրությունն աճել է 16.1%-ով եւ կազմել 81.529 դրամ, իսկ մասնավորի դեպքում, համապատասխանաբար, 8.1% եւ 123.160 դրամ։
Ինչ վերաբերում է արտաքին առեւտրաշրջանառությանը, ապա պաշտոնական վիճակագրությունն այստեղ արձանագրել է 31%-անոց անկում։ Արտահանումը 2009թ. հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 41.7%-ով եւ կազմել 200.7 միլիարդ դրամ (551.6 մլն դոլար)։ Ներմուծման ծավալները նույնպես նվազել են, սակայն ավելի քիչ չափով՝ 28.5%-ով եւ կազմել 928.1 միլիարդ դրամ (2.57 մլրդ դոլար)։ Նշենք նաեւ, որ եթե ներմուծման ծավալները հոկտեմբեր ամսին 6.1%-ով գերազանցել են նախորդ ամսվա ցուցանիշը, ապա արտահանման դեպքում բացասական դինամիկան դեռ շարունակվում է. հոկտեմբերին անկումը կազմել է 1.4%։
Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռն, այսպիսով, հասել է 727.4 մլրդ դրամի (ավելի քան 2 մլրդ դոլար), որը կազմում է ՀՆԱ-ի շուրջ 30%-ը։
Ավելացնենք, որ կառավարությունը 2009թ. բյուջեով այս տարվա համար նախատեսել էր 9.2%-անոց տնտեսական աճ, իսկ տարվա ընթացքում կատարված մի շարք «ճշգրտվող» կանխատեսումներից հետո սպասում է 15%-անոց անկում։ Հաջորդ տարվա համար, 2010թ. պետբյուջեի համաձայն, ակնկալվում է 1.2%-անոց տնտեսական աճ։