«Գնա՛ մեր թագավորին ասա՝ թող քյասիբներին լցնի մի տեղ ու վառի»,- ասում է 84-ամյա ծեր կինը

21/11/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Փայտե վառարանի ծխացող սեւ «գոլորշին» պատել է Ռոզա տատիկի ընտանիքի անդամներին: Բոլորը կարծես ուրվականներ լինեն: Սենյակի խավարի մեջ կենդանության միակ նշանը միայն աջ ու ձախից երեւացող «պլպլացող» աչքերն են, մեկ էլ երեխաների աղմուկը: Մեծից փոքր հյուծված ու մի տեսակ տարօրինակ դեմքի արտահայտություն ունեն: Անծանոթի ներկայությունից ակնթարթորեն «ծպտվող» փոքրիկներն արագ թաքնվում են սենյակի անկյուններում: Ծանր լռություն է իջնում, ու թեեւ խոսելու շատ բան կա, բայց բոլորը լռում են, որովհետեւ օտար մարդու հետ շփումն այս ընտանիքի անդամների համար արտառոց երեւույթ է: Մտքերն ու բառերը կողպվում են բոլորիս շուրթերում: Իմ զարմանքն ու ցավը զրկել են ինձ արտահայտվելու ունակությունից, իսկ Ռոզա տատի ընտանիքի անդամները չեն խոսում, որովհետեւ խոսքն ավելորդ ու անզոր է, իսկ տեսարանը` սարսափելի: Լռության մեջ լսվող շնչառության ծանր խզզոցի ուղղությունը չեմ կարողանում որսալ` հասկանալու համար, թե ով է քնած: Մտածում եմ` հավանաբար Ռոզա տատի ամուսինն է, որովհետեւ այդքան խռպոտ շնչում են միայն շատ ծխախոտ օգտագործած ծերունիները: Հարցնում եմ` «Մա՞րդ կա քնած»: «Չէ,- զարմացած պատասխանում է Ռոզա տատը,- քնած մարդ լիներ՝ կտեսնեիր, ուրիշ տեղ չունենք»: Հետո բոլորը զարմացած նայում են իրար: «Բա էս ի՞նչ խզզոց է»,- հարցնում եմ: «Հաա՜, չէ՛, էդ խռռոցն երեխեն ա հանում: Ես էլ ասում եմ՝ ո՞ւմ ես ման գալիս, ա՛յ բալամ: Երեխի թոքերից ա…»,- պատասխանում է ծեր կինը` մատնացույց անելով կապուտաչյա փոքրիկին: Մեկ տարեկան Լիլիթն է, ում նայելիս խռպոտ շնչառությունը ոչ մի դեպքում չի համադրվում այս քնքուշ երեխայի ֆիզիկական գոյության հետ: Լիլիթն ի ծնե բրոնխների ծանր հիվանդություն ունի, դրա համար էլ ամբողջ սենյակով արձագանքում է նրա խռպոտ շնչառությունը:

Վարդաշենի հանրակացարանի բանտախուց հիշեցնող սենյակում, արդեն 6 տարի է, ապրում են Ռոզա տատը, աղջիկը` երկու աղջիկների եւ մեկ թոռնիկի հետ: 84-ամյա ծեր կինը հանկարծ պոռթկում է` «Գիտե՞ս ես ինչ կնիկ եմ եղել, բա ես սենց բո՞մժ եմ եղել: 9-րդ Մասիվում 4 սենյականոց տունս 5100 դոլարով ծախեցի ու դարձա այ սենց բոմժ: Հարցրա` ինչի՞ ծախեցիր»: Հարցնում եմ` «Ինչի՞ ծախեցիր»: «Որովհետեւ ամուսինս, է՜, ի՞նչ ամուսին եմ ունեցել, Հայրենական պատերազմի վետերան, հիվանդացավ, թոքերի հիվանդություն ստացավ, անընդհատ ջուր էին քաշում: Տարանք հիվանդանոց, համարյա երկու տարի պառկած ա եղել: Դիմեցի Սոցապին, որ մի երկու կոպեկով օգնի, բայց չօգնեցին: Տունը ծախեցինք, որ կարողանանք բուժենք, դեղեր առնենք, սնունդ առնենք ու հիվանդանոցին նայենք…»,- Ռոզա տատը հանկարծ հիստերիկ ճիչով բռունցքներով խփում է գլխին, ու բոլորս փորձում ենք նրան հանգստացնել: Աղջիկը` Ռուզաննան, ատելությամբ նայում է մորն ու սաստող աչքերով նրան կարգի է հրավիրում: Ռոզա տատի ու Ռուզաննայի միջեւ ներքին պայքար է գնում, որովհետեւ Ռուզաննան չի ներում մորը` ամուսնուն «բուժելու» նպատակով բնակարանը վաճառելու համար: Ռոզա տատն ամեն գնով ցանկացել է փրկել ամուսնուն, բայց երկարատեւ բուժումից հետո, այնուամենայնիվ, անկողնային հիվանդ ամուսինը մահացել է, իսկ ընտանիքը՝ հայտնվել փողոցում: Աղջիկը` 46-ամյա Ռուզաննան, ասում է, որ 2003թ. բնակարանը վաճառելուց եւ փողերը բաժանելուց հետո կարողացել են ընդամենը մի փայտե տնակ գնել եւ հանգրվանել Խարբերդում: Տնակն այրվել է, իսկ իրենք հայտնվել են փողոցում: Էրեբունու թաղապետարանը Վարդաշենի հանրակացարանում մի սենյակ է հատկացրել, որտեղ ապրում են հինգ հոգով: Ռոզա տատը բղավում է` «Հացին կարոտ ենք, հասկանո՞ւմ ես: Շան նման ենք ապրում, գնա էդ քաղսովետին ասա, որ սովամահ ենք լինում: Էս մի տարեկան մատղաշ երեխեն ծնված օրից կաթի երես չի տեսել, ինչ պատահի տվել ենք, որ կշտանա»: Հինգ հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է Ռոզա տատի ծերության 16.000 դրամ թոշակով, որը ստանալուց հետո բոլորի ձեռքերը դողում են, որովհետեւ չգիտեն այդ 16.000 դրամն ինչպես բաժանել հոսանքի, հացի, դեղորայքի, գոնե մակարոնի ու կարտոֆիլի միջեւ: Դրա համար էլ սնվում են միայն երեք օր, երբ Ռոզա տատը ստանում է իր ծերության 16.000 դրամը: Մեկ տարի է, ինչ զրկվել են ընտանեկան 8000 դրամ նպաստից, որովհետեւ Ռոզա տատի նախկին 14.000 դրամ թոշակն ավելացել է 2000 դրամով: Աղջկա` Ռուզաննայի մոտ ծննդաբերելուց հետո էպիլեպսիա հիվանդությունն է ի հայտ եկել, եւ ամեն տարի բուժման ենթարկվող այս կինը վերջին բուժումը ստացել է երեք ամիս առաջ: Ասում է` «Էլ չեմ դիմանում, գլխացավերը, նոպաները շատացել են: Գլխիս մեջ ամեն ինչ խառնվել ա իրար: Բոլորը ուտել են ուզում, բոլորը հաց են ուզում: Էլ չեմ դիմանում»: 3-րդ կարգի հաշմանդամ Ռուզաննան այլեւս հաշմանդամության թոշակ չի ստանում, որովհետեւ` «հաշմանդամության կարգ տվող հանձնաժողովը փող ա ուզում, որտեղի՞ց տամ»: Հարցնում եմ` «Ո՞վ ու ինչքա՞ն փող են ուզում»: Պատասխանում է` «96 թվին գնացի՝ 150 դոլար ուզեցին: Մի քանի տարի առաջ դիմեցի` 10.000 դրամ ուզեցին, որ կարգ տան: Դրանից հետո հույսս կտրել եմ, ոչ դիմում եմ, ոչ էլ հավատում եմ, որ անփող կտան: Իրանք իրանց մեջ օրենքներ են գրել»: Ռուզաննան ցույց է տալիս էպիկրիզը, որտեղ գրված է` «Խորհուրդ է տրվում կատարել գլխուղեղի հետազոտություն` ծավալային նորագոյացությունը ժխտելու նպատակով»: Հարցնում եմ` «Կատարվե՞լ է հետազոտությունը»: Հեգնում է` «Ինչո՞վ…»:

1-ին կարգի հաշմանդամ է նաեւ Ռուզաննայի աղջիկը` 21-ամյա Ռիտան: 4 տարեկան հասակում հայրը հարբած վիճակում ծեծել է: Վախից Ռիտան կորցրել է լսողությունն ու մինչեւ այսօր չի կարողանում խոսել եւ լսել: Ռիտան նույնպես չի ստանում հաշմանդամության թոշակ, որովհետեւ մայրը` Ռուզաննան, չի հավատում, թե անփող հնարավոր է հաշմանդամության կարգը հաստատել: Ռուզաննան ասում է` «Վեց տարի առաջ 4500 դրամ թոշակ էին տալիս: Ես ու աղջիկս 9-րդ մասիվում ենք գրանցված, նախկին տան հասցեում: Պիտի գնամ գրանցումից հանեմ, բայց ո՞նց անեմ, որ մի օր հաց չառնեմ ու տրանսպորտի փող տամ, չի ստացվում»: Ռոզա տատը միջամտում է` «Հացի կարոտ ենք, ո՞նց 100 դրամ տրանսպորտի տանք: Ես երկու անգամ երեխեքի բերանից կտրեցի ու գնացի էդ Լենինի հրապարակի քաղաքային սովետ, որ նպաստը վերականգնեն, բայց չընդունեցին: Էլ ո՞նց հացի փողը տամ տրանսպորտ նստեմ, որ երեսիս դուռ էլ չբացեն»: Ռոզա տատը երկար տարիներ հիվանդանոցում բուժքույր է աշխատել եւ հազարավոր մարդկանց բուժօգնություն է ցուցաբերել. «Էս ի՞նչ անարդար կյանք ա, գիտե՞ս ինչքան մարդու կյանքի հետ եմ գործ ունեցել, բայց էսօր իմ կյանքը բոլորի համար զրո ա, ոչ մեկին պետք չեմ: Մենք սենց քյասիբ մարդիկ չենք եղել, բալիկ ջան, հարգված, սիրված ենք եղել»:

6-ամյա բարալիկ մարմնով Մարիամը սովորում է առաջին դասարանում եւ երազում է բժշկուհի դառնալ: Ասում է` «Որովհետեւ մեր տանը բոլոր մարդիկ հիվանդ են ու իրանց բուժող չկա: Ես կմեծանամ, կբուժեմ»: Մարիամը մի երազանք էլ ունի` ուզում է դպրոցում մնալ, որովհետեւ, երբ գալիս է տուն` տխրում է. «Դպրոցում լավ ա, դասատուս ինձ սիրում ա, չեմ ուզում տուն գամ: Համ էլ դասատուս ինձ նվեր ա տվել»: Ռոզա տատը կրկին միջամտում է` «Մեր թագավորները քյասիբներին առանձնացրին: Հարգված մարդիկ քյասիբ դարձան, իսկ շուստրիները` թագավոր: Գնա՛ մեր թագավորին ասա՝ թող քյասիբներին լցնի մի տեղ ու վառի, թե չէ` սովից վատ բան չկա, բալիկ ջան: Թող ինձ գնդակահարեն, համաձայն եմ: Ա՜խ… էնքան կուզեի Սերժի մորը տեսնել, երեւի իմ տարիքին կըլնի չէ՞»: Հարցնում եմ` «Բայց մեր թագավորները ո՞նց անեն, որ քյասիբներ չլինեն»: Պատասխանում է` «Եթե արդարություն լինի` քյասիբներ չեն լինի»:

Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը մեր երկրում հայտարարվել է հաշմանդամություն ունեցող մարդկանց միամսյակ: Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում 177.000 հաշմանդամություն ունեցող մարդ կա: Նոյեմբերի 15-ից արդեն հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող պաշտոնյաների կողմից անընդհատ շահարկվում է վերոնշյալ թիվը, եւ «ճոռոմ» ելույթներով հայտարարություններ են արվում հաշմանդամների կյանքը բարելավելու մասին:

Ռուզաննա Սարգսյանը եւ նրա աղջիկը` Ռիտան, ծանր հաշմանդամություն ունեն, բայց փաստացի պաշտոնական 177.000 հաշմանդամների ցանկում ընդգրկված չեն մեկ պարզ պատճառով. հաշմանդամության կարգը հաստատելու համար չգրված օրենքներով որոշակի գումար է սահմանված: Պաշտոնական տվյալներն ասում են՝ 177.000, իսկ մենք կարող ենք նմանատիպ բազմաթիվ օրինակներ բերել` ապացուցելով, որ մեզ ներկայացնում են կեղծ թվեր, եւ Հայաստանում չգրանցված հաշմանդամների թիվը շատ մեծ է: Հայտարարված է հաշմանդամության միամսյակ, եւ բոլորը խոսում են հաշմանդամներին հավասար հնարավորություններ տալու մասին: Մինչդեռ մարդիկ նույնիսկ չեն կարողանում իրենց հաշմանդամությունն ամրագրել: