Աղմկահարույց հետազոտություն

21/11/2009

Ամերիկացի մասնագետների ընտրողաբար անցկացված հետազոտությունները մի քանի հանրահայտ ապրանքանիշերի ծխախոտների մեջ հայտնաբերել են կյանքի համար շատ վտանգավոր մանրէներ: Ծխելու վնասի մասին կարելի է խոսել անսահման ու անընդհատ, սակայն, ցավոք ծխողների թիվը պակասելու փոխարեն՝ ավելանում է: Գուցե ամերիկացի կենսաբանների հետազոտության արդյունքները սթափեցնեն բոլորին: Նրանք հայտնաբերել են, որ ծխախոտի միջոցով օրգանիզմ կարող են ներթափանցել ոչ միայն նիկոտինն ու խեժը, այլեւ վտանգավոր մանրէներ ու ուրիշ թունավոր միկրոօրգանիզմներ: Դրանցից ամենավտանգավորը ակինետոմանրէներն են, որ ախտահարում են թոքերն ու արյունը, ցուպիկավոր մանրէները, որ ախտահարում են աղեստամոքսային տրակտը եւ այլն: Գիտնականներն ավելի համարձակ հայտարարություն անելուց դեռեւս ձեռնպահ են մնում, քանի որ հետազոտությունները դեռ շարունակվում են: Միայն նշվում է, որ ծխախոտի մեջ առկա մանրէները թունավորում են ինչպես ակտիվ ծխողի, այնպես էլ պասիվ ծխողի օրգանիզմը, քանի որ այրման ընթացքում դրանք պահպանվում են: