Գիտակցված անտարբերություն

21/11/2009

«Հայ մասնագետները, որոնք զբաղվում են մշակութային կոթողների վերականգնողական աշխատանքներով, թույլ են տալիս բազմաթիվ սխալներ»,- երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը: Սակայն իր կարծիքը նա չի տարածել բոլոր մասնագետների վրա: Ասենք, խոսելով ճարտարապետական կոթողների վերականգնման ծրագրում կատարված սխալների մասին` Կարապետյանը օրինակ է բերել 12-13-րդ դարերի Հաղարծին համալիրի սեղանատունը: Կարապետյանի խոսքերով` վերականգնողական աշխատանքներից հետո, ավելի ճիշտ` սեղանատան քարերի մշակումից հետո, ջնջվել են 700 տարվա պատմություն ունեցող գրությունները: Շարունակելով մշակութային կոթողների վերականգնման թեման` նա տեղեկացրել է, որ հաջորդ տարի Մշակույթի նախարարությունը հանձն կառնի հուշարձանների վերականգնման նոր ծրագիր, որը գտնվում է ավերման վտանգի տակ: Ցանկում, որը պատրաստել է Կարապետյանի կազմակերպությունը, ընդգրկվել են 26 հուշարձաններ: Նա անդրադարձել է նաեւ նախօրեին Թբիլիսիի Սոլոլակի շրջանում Մուղնու Սրբ Գեւորգ հայկական եկեղեցու փլուզման հարցին: Հիշեցնենք, որ Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու թեմը կատարվածի համար մեղադրել է այդ երկրի պետական եւ կրոնական իշխանություններին՝ հայկական տաճարների «գիտակցված ոչնչացման մեջ»: Սամվել Կարապետյանը երեկ ասել է, որ կիսում է այդ կարծիքը: Ինչպես պատմել է Կարապետյանը, դեռեւս նախորդ տարի նա այցելել է Թբիլիսի եւ զարմացել, որ եկեղեցին դեռ կանգուն է: Նրա խոսքով` պատերի ճեղքերի միջով մարդ կարող էր հեշտությամբ անցնել: Ավելացնենք, որ եկեղեցին փակվել էր խորհրդային տարիներին, վերածվել էր ազգագրական թանգարանի, իսկ այնուհետեւ` ամբարի: Կարապետյանը նաեւ տեղեկացրել է, որ երկու տասնամյակ շարունակ եկեղեցին տխուր վիճակում է գտնվել, իսկ Վրաստանի ղեկավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել: «Գիտակցված անտարբերության հովանավորությամբ տեղի ունեցավ եկեղեցու վախճան»,- երեկ ասել է Սամվել Կարապետյանը: Նշենք, որ Սուրբ Գեւորգ եկեղեցին կառուցվել է 18-րդ դարում: 35 մ բարձրությամբ եկեղեցին ուշագրավ է ոչ միայն իր չափերով, այլեւ ճարտարապետությամբ: