Բուժիչ նամակներ

21/11/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Սոխն անհրաժեշտ է բոլորին

Սոխի բուժիչ հատկությունները հայտնի են վաղուց: Այս բույսի պարունակած ֆիտոցիդները ոչնչացնում են նեխիչ, հիվանդահարույց մանրէները: Սոխի բաղադրության մեջ մտնում է 83-86 տոկոս ջուր, 1-2 տոկոս սպիտակուցային նյութեր, 0,09-0,13 տոկոս ճարպեր, 2-3,5 տոկոս շաքարներ, 8-8,5 տոկոս ազոտային նյութեր, ֆերմենտներ, 10-33 մգ վիտամին C, եթերային յուղեր եւ այլն: Հիպոկրատը, Պիլինիուսը, Դիոսկորիդը սոխը մեղրի հետ օգտագործել են որպես միզամուղ, իսկ խորոված սոխը յուղի հետ` որպես հանգստացնող միջոց` հազի ու կրծքային ցավերի դեպքում:

Փորձված է, որ մեծ քանակությամբ սոխի օգտագործումը շատ լավ օգնում է ոտքերի ջրգողությանը: Ըստ որոշ մասնագետների` սոխի օգնությամբ ջրգողությունը բուժելու համար պետք է որոշ ժամանակ սննդից հրաժարվել եւ ամեն օր ընդունել սոխի հյութ` մինչեւ 200գրամ:

Սոխը հիանալի միջոց է լնդախտի դեմ, իսկ բերանն ախտահանելու համար բավական է 2-3 րոպե սոխ ծամել:

Սոխի հյութը շատ լավ խորխաբեր է: Դրա համար անհրաժեշտ է քերիչով անցկացրած սոխը խառնել մեղրի հետ կամ 500գ մանր կտրատած սոխի, 50գ մեղրի, 400գ շաքարավազի վրա լցնել 1 լիտր ջուր եւ եփել 1 ժամ մարմանդ կրակի վրա: Ստացված զանգվածը թողնել սառչի, լցնել ապակե տարաների մեջ ու խմել 1 ճաշի գդալից` օրը 4-6 անգամ:

Բոլորս գիտենք, թե ինչքան օգտակար է սոխը հարբուխի ժամանակ: Պետք է այն կտրատել եւ շնչել մեկ մի քթանցքով, մեկ` մյուս: Կարելի է նաեւ քերիչով անցկացրած

1-2 ճաշի գդալ սոխը լցնել բաժակի մեջ, մեջը դնել թղթե ձագար եւ դնել տաք ջրով լի ամանի մեջ: Ձագարի անցքից օրը 2-3 անգամ 5-10 րոպե հաջորդաբար շնչել 2 քթանցքով:

Սոխի միջոցով կարելի է ազատվել ոտքերի կոշտուկներից: Ոտքերը տաք ջրով լվանալուց հետո կոշտուկների վրա դնել խաշած սոխ ու կապել թանզիֆով: Կոշտացած կրունկները կփափկեն, եթե դրանց վրա դնեք հում սոխ, պահեք 2-3 ժամ, հետո լվանաք տաք ջրով ու փափկեցնող քսուք օգտագործեք:

Կարելի է սոխը 4 ժամ թողնել քացախի մեջ եւ հետո կապել գորտնուկի կամ կոշտուկի վրա` գործողությունը կրկնելով մի քանի անգամ:

Սոխը շատ լավ միջոց է մազաթափության դեմ: Դրա համար անհրաժեշտ է սոխը թողնել սպիրտի կամ օղու մեջ, այնուհետեւ ստացված հեղուկով տրորել մազարմատները եւ տաք գլխաշոր կապել: Այս պրոցեդուրայից հետո գլուխը կարելի է լվանալ միայն հաջորդ օրը: Մազերը գեղեցիկ երանգ են ստանում սոխի կճեպի եփուկով լվանալուց հետո: Իսկ Ֆոգելը սոխի հյութի եւ մեղրի խառնուրդը աչքի մեջ կաթեցնելով բավականին լավացրել է տեսողության վիճակը: Պետք է ասել, որ մեր նախնիների համար սոխը ծառայել է` որպես համաճարակային վարակները կանխելու միջոց:

Ամիրդովլաթ Ամասիացին լավագույն սոխը համարել է սպիտակ սոխը, եւ ըստ նրա, սպիտակ սոխի հյութն աչքի մեջ կաթեցնելը բուժում է կատարախտը, անհետացնում է մաշկի դեղնությունը, բացում է անոթների խցանումն ու լավացնում արյան շրջանառությունը:

Իհարկե, այսքան օգտակար հատկանիշների հետ մեկտեղ, պետք է չմոռանալ, որ սոխի մեջ կան շատ եթերայուղեր, որոնք գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը, որի պատճառով էլ սոխի հյութը խորհուրդ չի տրվում ստամոքսի, տասներկումատնյա աղիի խոցի, լյարդի, երիկամների հիվանդության դեպքում:

Ինչպես օգնել երեխաներին

Երեխայի դիաթեզի դեպքում տալ սեւ բողկի հյութ` սկսած 1 կաթիլից: Չափաբաժինն ավելացնել ամեն օր 2 կաթիլով ու հասցնել 1ճաշի գդալի։ Հյութը տալ օրը 3 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ:

Դիաթեզին օգնում է նաեւ մի այլ բաղադրատոմս: Լվանալ ձուն, եփել 5 րոպե, սառեցնել, հանել կեղեւից ու կեղեւը փայտե հավանգով այնքան խփել, որ փոշի դառնա: Դիաթեզի դեպքում տալ երեխային 1 թեյի գդալ ձվի կեղեւի փոշի` 4-5 կաթիլ կիտրոնահյութով: Այսպես տալ 15 օր:

Երեխաների դիմադրողականության բարձրացման համար շատ լավ է պոլիվիտամինային նախաճաշը. 150գ խնձորը քերիչով անցկացնել, ավելացնել կես նռան հյութ ու սովորական ընկույզի մանրացրած 10 միջուկ եւ ուտել: Այն շատ լավ օգնում է հատկապես, երբ հակաբիոտիկներով երկար բուժում է անցել երեխան: Այն ոչ միայն երեխաներին է լավ, այլեւ մեծերին: