Մեր տեղեկություններով՝ իշխանական վերնախավում մեծաթիվ պաշտոնանկություններ եւ նոր նշանակումներ են սպասվում: Արդեն հայտնի է, որ պաշտոնից ազատվել է ՀՀ սոցապ նախարար ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը: Հաջորդը, մեր աղբյուրների փոխանցմամբ, սպասվում է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրաժարականը: Իշխանությունները նրանից դժգոհ են հատկապես Վերահսկիչ պալատի հայտնաբերած ահռելի չափերի խախտումների եւ չարաշահումների համար: «Հերթի մեջ է» նաեւ տրանսպորտի եւ կապի ՕԵԿ-ական նախարար Գուրգեն Սարգսյանը: Մեր տեղեկություններով, քննարկվել է նաեւ Հայաստանը տարատեսակ կենտրոններ դարձնելու եւ ֆանտաստիկ ծրագրերի սիրահար էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի պաշտոնանկության հարցը, բայց վերջին պահին այդ հարցը փակվել է` ամենայն հավանականությամբ` նրան հովանավորող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ՀՀԿ-ական դառնալուց հետո: Մամուլում հրապարակումներ են լինում նաեւ այն մասին, որ մինչեւ տարեվերջ փոփոխվելու են նաեւ ուժային կառույցների ղեկավարները: Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնում Գորիկ Հակոբյանի փոխարեն հավանական թեկնածու է համարվում վերջերս նախագահ Սերժ Սարգսյանի հետ խնամի դարձած Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը` Արզուման Հարությունյանը: Վերջինս ԱԱԾ Երեւան քաղաքի վարչության պետն է: Ըստ իշխանական աղբյուրների, Ոստիկանության պետի պաշտոնում էլ Ս.Սարգսյանը ցանկանում է տեսնել Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Ի դեպ, խոսակցություններ կան, թե Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին էլ փոխարինելու է նույն խորհրդի անդամ, ՀԺԿ նախկին անդամ Ստեփան Զաքարյանը, ով հիմա «Հ1»-ում նաեւ քաղաքական հաղորդում է վարում: