Երեկ Վարչական դատարանում տեղի է ունեցել Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության դեմ «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի բողոքի քննությունը: Վիճարկվում էր այդ վարչության Իջեւանի բաժնի այն գրությունը, որով Ն. Փաշինյանին վերջին 5 տարում ՀՀ-ում մշտական բնակության մասին տեղեկանք չի տրամադրվել: Ոստիկանության ներկայացուցիչները դատարանում հայտարարել են, թե իրենց համար հիմք է հանդիսացել Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի տրամադրած գրությունը, թե Փաշինյանը, գտնվելով հետախուզման մեջ, այդ ժամանակահատվածում չի հայտնաբերվել: Եվ դա իրենց հիմք է տվել եզրակացնելու, որ հետախուզվողն այդ ընթացքում ՀՀ-ում չի գտնվել: Հիշեցնենք, որ Ն.Փաշինյանի անձնագրում մուտքի եւ ելքի վիզաներ չկան, ինչը նշանակում է, որ նա հետախուզման ընթացքում չի հատել ՀՀ-ի սահմանը: «Ոստիկանությունն էլ հասկանում է, որ այս տեղեկանքում ակնհայտ կեղծ տվյալներ են, եւ Փաշինյանը գտնվել է ՀՀ-ում: Ուստի ստիպված փորձ են անում որեւէ կերպ հիմնավորել իրենց մերժումը»,- երեկ ասել է Ն.Փաշինյանի փաստաբան Լ.Սահակյանը: Դատարանը հայցի բողոքարկման վճիռը կհրապարակի վաղը: