Ցեղացենտրիզմ

19/11/2009

Վարչապետ Տիգրան Սարգսյանի` ՀՀԿ անդամ դառնալու բարեբաստիկ քայլը, պարզվում է, հեռուն գնացող նպատակներ ունի: Խոսքն այն մասին չէ, որ Տիգրան Սարգսյանի գաղափարական իդեալներ համարվող Չիլիի բռնապետ Պինոչետին ու Սինգապուրի վարչապետ Լի Կուան Յուին այլեւս փոխարինելու է ցեղակրոնության հիմնադիր Նժդեհը: Խոսքը կոնկրետ քաղաքական նպատակների մասին է, որոնք, իրականություն դառնալու դեպքում, կարող են արմատապես փոխել Հայաստանի կառավարման համակարգը: Արդեն ՀՀԿ-ական Տ. Սարգսյանը պատրաստել է մի հայեցակարգ, որով նախարարները գործնականում կարող են զրկվել իրենց լիազորություններից ու լծակներից եւ դառնալ խորհրդանշական չինովնիկներ: Այդ լիազորությունները, սույն հայեցակարգի համաձայն, գրեթե ամբողջությամբ անցնում են կառավարության աշխատակազմին` ՀՀԿ-ական վարչապետի գլխավորությամբ: Տվյալ դեպքում խնդիրն այն չէ, որ գործող նախարարների մեծ մասին դա «հասնում է», եւ որ նախարարներն, այսպես թե այնպես, կախված են «վերեւներից»: Խնդիրն այն է, որ սա գործնականում միակենտրոն կառավարման համակարգ ձեւավորելու փորձ է: Ներկայումս կառավարությունը ձեւավորում են գոնե ԱԺ-ում ներկայացված կուսակցությունները: Լավն են դրանք ու դրանց նախարարները, թե վատը` միանգամայն այլ հարց է: Սակայն, որպես մեխանիզմ, այս համակարգը գոնե որոշակի հակակշիռների ու զսպումների հնարավորություն է տալիս: Իսկ այս նոր հայեցակարգով, կուսակցությունների ներկայացրած նախարարները ընդամենը էսթետիկական նշանակություն կարող են ունենալ: Դա նշանակում է իրականում գրեթե տոտալիտար իշխանություն` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այս «մոնոլիտ բուրգի» կառուցմանը լծվել է Տիգրան Սարգսյանը, որը մինչեւ ՀՀԿ-ական դառնալը, եթե չենք սխալվում, տոգորված էր միայն «հայկական աշխարհի» եւ զանազան կենտրոնների կառուցմամբ: