«Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններում Թուրքիայի նպատակն է ընդհանուր սահմանի երկկողմանի ճանաչումը»,- Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: «Արձանագրությունները հստակորեն որոշում են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող սահմանները, եւ այդ փաստաթղթերում Թուրքիայի շահերին հակասող որեւէ դրույթ չկա,- ասել է նա` ավելացնելով,- Պաշտոնական Անկարան հսկայական կարեւորություն է տալիս Ադրբեջանի տարածքների պաշտպանությանը: Ադրբեջանը կորցրել է իր տարածքների 20 տոկոսը: Այս ստատուս-քվոն չի փոխվել վերջին 17 տարիների ընթացքում, եւ եթե մենք եւս 10 տարի չփորձենք փոխել գոյություն ունեցող իրավիճակը, այն կդառնա մշտական»: Շեշտելով, թե Թուրքիայի վերջնական նպատակն է՝ փոխել տարածաշրջանում հաստատված դրությունը՝ դիվանագիտական ճանապարհով, Դավութօղլուն հայտարարել է. «Հայ-թուրքական արձանագրություններով մենք կարող ենք ոչ միայն կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, այլեւ խաղաղ մթնոլորտ ստեղծել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ինչը կարող է ճանապարհ հարթել` ադրբեջանական տարածքները ազատագրելու համար»: Անդրադառնալով քննադատություններին, թե Թուրքիան փոխել է արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, Դավութօղլուն ասել է. «Թուրքիան միաբեւեռ երկիր չէ, մեր աշխարհագրությունը մեզ նման բան թույլ չի տալիս, եւ մենք մշտապես կհետաքրքրվենք այն ամենով, ինչ զարգանում է մեր շուրջը. սա ոչ թե ընտրություն է, այլ անհրաժեշտություն: Մենք տանուլ կտանք, եթե քայլեր չձեռնարկենք արտաքին քաղաքականության ոլորտում»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: Հետաքրքիր է, որ մինչ Դավութօղլուն Թուրքիայի խորհրդարանում խոսում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ ստատուս-քվոն վերացնելու մասին, գրեթե նույն ժամանակ ՀՀ ԱԺ-ում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փորձում էր համոզել, թե Թուրքիան որեւէ կերպ չի կարող ներգրավվել ղարաբաղյան կարգավորման բանակցություններում: Ի դեպ, հենց երեկ Դավութօղլուն հայտարարել է նաեւ, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դեկտեմբերի 6-7-ը ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկելու է ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր: