«Հանրապետական աշխարհի» վարչապետը

19/11/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Մենք շրջանառության մեջ ենք դրել կառավարման համակարգի կատարելագործման նոր հայեցակարգ, որը ենթադրում է հստակեցնել նախարարների պարտականությունները»,- երեկ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Միանգամից ասենք, որ իրականում շարքային թվացող այս նախաձեռնությունը սենսացիոն է եւ կարող է նույնիսկ որոշակի ցնցումների պատճառ դառնալ: Բանն այն է, որ մեր տեղեկություններով, այդ հայեցակարգի բուն նպատակն է՝ զգալիորեն կրճատել առանձին վերցրած նախարարների լիազորությունները, գործառույթներն ու ազդեցությունը: ՀՀ կառավարությունը մոտ մեկ ամիս առաջ հայեցակարգի այդ նախագիծը բաժանել է Հայաստանի 18 նախարարներին եւ հիմա սպասում է այդ փաստաթղթի մասին նրանց գրավոր կարծիքներին: Եվ այդ խնդիրը բավական մեծ դժգոհություն է առաջացրել բոլոր նախարարների մոտ: Հայեցակարգի դրույթներից մեկով, օրինակ, նախարարն իր աշխատակազմի ղեկավարի հետ պետք է ճշտի կամ համաձայնեցնի իր կողմից կատարվող քայլերի մի մասը: Այսինքն` որոշ դեպքերում աշխատակազմի ղեկավարը կարող է գործնականում ավելի մեծ լիազորություն ունենալ, քան նախարարն ինքը: Եթե այս նախաձեռնությունն իրականություն դառնա, ապա դա նոր շրջափուլ կդառնա Հայաստանի գործադիր իշխանության համար: Սակայն առաջին հայացքից թվում է, թե հայաստանյան իրականության մեջ սա միանգամայն շրջանցելի դրույթ կարող է լինել` նախարարն ինքը կնշանակի իր աշխատակազմի ղեկավարին եւ ցանկացած քայլ միասին կորոշեն, կամ աշխատակազմի ղեկավարի լիազորությունները, ինչպես ներկայումս է, շատ ձեւական բնույթ կկրեն: Եվ ամեն ինչ կրկին կորոշի նախարարը: Բայց այս հայեցակարգի նախագծով ներդրվում են մեխանիզմներ, որ նախարարությունների աշխատակազմերի ղեկավարները ենթակա եւ պատասխանատու են դառնում ուղիղ կառավարությանը: Ըստ այդմ` նախարարն իր գլխավորած նախարարությունում դառնալու է ընդամենը հաստիքով աշխատող, իր նախկին իրավունքների մեծ մասից զրկված եւ ոչ թե որոշումներ կայացնող անձ: Փոխարենն՝ այդ լիազորությունները կենտրոնանալու են կառավարությունում:

Ավելի պարզ ասած, այս հայեցակարգը կառավարության ու վարչապետի լիազորություններն ավելացնելու, նրանց ուժեղացնելու փորձ է: Կառավարության այս նախաձեռնությունը առաջացրել է ոչ միայն «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների նախարարների, այլեւ իշխող Հանրապետական կուսակցության նախարարների մի մասի դժգոհությունը: Ճիշտ է, երեկ նրանք մեզ հետ զրույցում ասում էին, թե դեռ լավ ծանոթ չեն այդ հայեցակարգին կամ կողմ են այդ առաջարկներին, բայց կուլիսային խոսակցություններում բոլորն էլ դժգոհում էին կառավարության այդ նախաձեռնությունից, որն առաջացրել է նաեւ պատգամավորներից շատերի տարակուսանքը: «Իհարկե, պետական ապարատի կառուցվածքի, կազմակերպչական խնդիրների կատարելագործումը կարեւոր եմ համարում, բայց իմ մասնավոր գնահատմամբ այդ հայեցակարգն իր մեջ բավական հակաքաղաքական դրույթներ է պարունակում: Դրանով էականորեն նվազում է քաղաքական կուսակցությունների շահագրգռվածությունը ընտրություններին մասնակցելու, ավելի լայն ներկայացվածություն ունենալու կառավարությունում: Կուսակցությունները շահագրգիռ չեն լինի ավելի շատ քվոտաներ ունենալ, նախարարներ ներկայացնել, որովհետեւ ըստ էության էականորեն նվազում է նախարարների կշիռը, ազդեցությունը եւ լիազորությունները: Եվ կարծում եմ, որ լրացուցիչ քննարկման կարիք կա»,- մեզ հետ զրույցում երեկ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Պարզ է, որ եթե նախարարների լիազորությունները նվազագույնի են հասցվում, ապա ընդհանրապես նախարարներ ունենալու իմաստն է կորում: Իհարկե, քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ասում են, թե քիչ լիազորություններ ունեցող նախարարներով չեն կարողանա իրականացնել իրենց նախընտրական ծրագրերը, բայց իրականում դժգոհության պատճառը դա չէ: Դժվար է գտնել որեւէ նախընտրական ծրագիր, որն ամբողջությամբ իրականություն է դարձել: Իրականում խնդիրն այն է, որ քաղաքական ուժերն իրենց նախարարների միջոցով չեն կարողանա լուծել իրենց կուսակցական հարցերը, որոնք բազմաբնույթ են` սկսած ֆինանսականից, վերջացրած` ընտրություններում վերարտադրություն ապահովելու հարցերով: Այսինքն` եթե այս նախաձեռնությունը իրականություն դառնա, ապա տարիներ շարունակ նախարարությունների միջոցով ոչ միայն գումարներ աշխատելու, այլեւ որոշակի լծակների տիրապետելու եւ ընտրությունների ժամանակ այդ հնարավորություններն իրենց օգտին գործադրելու իշխանական կուսակցությունների հնարավորությունները կնվազեն: Փոխարենը կուժեղանան կառավարության` որպես մարմին, եւ նրա ղեկավարի լիազորությունները:

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այլեւս Հանրապետական կուսակցության անդամ է: Եվ ընդամենը երեք օր հետո նման հայեցակարգի հրապարակումը ստիպում է մտածել, որ դրանով փորձ է արվում, այսպես ասած, ուժեղացնել նրան, լուծել նրա քաղաքական հենարանի խնդիրը: Մինչեւ անցած շաբաթ, կուսակցական պատկանելության տեսանկյունից Տ. Սարգսյանն «անտեր» էր եւ պատեհ-անպատեհ առիթներով դառնում էր տարատեսակ քննադատությունների թիրախ: Այսպիսով, գոնե ՀՀԿ-ական գործիչները ոչ միայն զերծ կմնան նրան քննադատելուց, այլ կպաշտպանեն նրա տնտեսական բարեշրջումներն ու համահայկական վիրտուալ ծրագրերը:

Իհարկե, միամտություն կլիներ կարծել, թե այս նախաձեռնությունից եւ գործընթացից անտեղյակ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Գրեթե անհավանական է, որ նման կտրուկ փոփոխություններ ենթադրող քայլերն առանց նրա են որոշվում: Ավելին` տեղեկություններ կան, որ հենց Ս. Սարգսյանի կողմից է վարչապետին վերջնագիր ներկայացվել` կամ դառնալ ՀՀԿ անդամ, կամ` հրաժարական տալ: Տ.Սարգսյանն ընտրել է առաջին տարբերակը: Հասկանալի է, երկար տարիներ բարձր եւ եկամտաբեր պաշտոններ ունեցող մարդու համար խաղից դուրս մնալը շատ դժվար կլիներ: Ու հիմա նախագահ ու վարչապետ Սարգսյանները փորձում են իրենց կողմից վերահսկելի դարձնել քաղաքական ամբողջ դաշտը: Երեկ ԱԺ-ի շենքի բոլոր անկյուններում գրեթե բոլորը խոսում էին, թե վարչապետի ու նախագահի «միավորման» այս քայլն ուղղված է Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան օրեցօր ուժեղացող զույգի դեմ:

Տ. Սարգսյանը երեկ ԱԺ-ում 2010թ. բյուջեի հիմնական ուղղությունները ներկայացնելուց հետո այսպիսի հայտարարություն արեց. «Կուտակված հիմնախնդիրները եւ պրոբլեմները, այն նպատակները, որ առաջադրել է մեզ հանրապետության նախագահը, այսօր ՀՀ-ում ի վիճակի է լուծել միայն մեր քաղաքական թիմը` համագործակցելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ»: Ինչպես ասում են, երեկ` մեկ, էսօր` երկու, վարչապետը խոսում է քաղաքական թիմի անունից: Ավելին, նա արդեն վստահ է, որ միայն «իր թիմն» է ի վիճակի Հայաստանում խնդիրներ լուծել: Իսկ խնդիրները շատ են: Վարչապետը խոսեց տնտեսության մեջ առկա օլիգարխիկ ու մոնոպոլ վիճակից, ասաց, որ մրցակցություն չկա, հարկային բեռը խոշոր բիզնեսի ուսերին չէ, եւ այլն: Ավելին, նա պարզել է, որ ՀՀ քաղաքացիներին առաջին հերթին «հետաքրքրում է ոչ թե թոշակների ու աշխատավարձի, գործազրկության ու աշխատատեղերի, գնաճի ու ԼՂՀ-ի խնդիրները, այլ` սոցիալական արդարությունը»:

Ավելացնենք, որ Տ.Սարգսյանը ծրագրել է, որ ՀՀ 500 պաշտոնյաներ պետք է իրենց եկամուտների ու գույքի մասին հայտարարագրեր ներկայացնեն: Ավելին, այդ պաշտոնյաներն իրենց հայտարարագրերում պետք է ներկայացնեն նաեւ իրենց փոխկապակցված անձանց ունեցվածքը: Պարոն վարչապետը, սակայն, մոռացել էր այդ հայտարարագրերի մեջ ներառել պաշտոնյաների ծախսերի մասին տեղեկատվությունը: Հակառակ դեպքում, ինչպես միշտ, նրանք իրենց զոքանչների անունով կգրանցեն, ասենք, 1 սենյականոց բնակարան, բայց կապրեն հսկայական շքեղ առանձնատներում, կշրջեն շքեղ ավտոմեքենաներով, ու այդպես շարունակ: