Կլիենտի կանչը

19/11/2009

Քանի որ բավական երկար ժամանակ է` ընտրություններ տեղի չեն ունենում, պատվերներ էլ չկան, տխրահռչակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կրկին էքսցենտիկ մտքեր է հայտնել: «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ չէ, հետեւաբար կողմ է. նա կտրուկ չի դատապարտել Թուրքիայի հետ մերձենալու Սերժ Սարգսյանի քայլը, եւ դա կարելի է դիտել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կողմ է: Իսկ եթե կողմ է, հետեւաբար համագործակցության ինչ-որ հնարավորություն կա, իհարկե, եթե կողմերը գան հաշտեցման եւ գտնեն հարաբերակցման ձեւերը, եղանակները,- «7օր»-ին ասել է Ա. Ադիբեկյանը` պարզաբանելով,- Վերջին հաշվով, մենք Աշոտ Մանուչարյան չենք, որ գտնենք, թե գոյություն ունի դասակարգային պայքար, ոխերիմ թշնամություն։ Այդպիսի բանը շինծու է: Հայը մնում է հայ, եւ մենք պետք է հարգենք մեր հակառակորդների հայացքները, որքան էլ դրանք հակադիր լինեն սեփական հայացքներին: Փորձենք ազդել, եթե տեսնում ենք` չէ՛, կարող ենք որոշել` համագործակցո՞ւմ ենք, թե՞ ուղղակի մերժողական դիրք ենք ընտրում: Բայց համարել թշնամի, ազգի դավաճան, նման ձախակողմյան տերմինաբանությունից մենք պետք է խուսափենք»: Ադիբեկյանը սակայն մի շարք անցանկալի զարգացումների հնարավորություն է տեսնում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի «համագործակցության» պարագայում՝ այն առումով, թե քաղաքական ենթաշերտը, ընտրություններում այդ թեկնածուներին աջակցած եւ իրենց ջանքերը ներդրած անձինք ինչպես կվերաբերվեն դրան: «Պարզ է, եթե առաջին նախագահը գա կանգնի երրորդի դիմաց, համագործակցեն, պետք է տեղաշարժեր տեղի ունենան վերնախավում, տնտեսական ոլորտների վերահսկման խնդիրներում եւ այլն, որը լրացուցիչ լարումների կբերի, որն էլ տվյալ իրավիճակում պարզապես ցանկալի չէ»,- հավելել է Ա. Ադիբեկյանը։