«Կարծում եմ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանրապետական դառնալու որոշումը շատ նորմալ որոշում էր, քանի որ նա մեր թիմի անդամ էր, մեր ընտրած վարչապետն էր, հիմա էլ կողմնորոշվեց ու կուսակցության անդամ դարձավ»,- «news.am»-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ըստ որի՝ այդտեղ սենսացիաների կամ քաղաքական վերլուծությունների կարիք չկա: Հարցին, թե ինչո՞ւ ձախողված վարչապետին, որի օրոք Հայաստանն աշխարհում ռեկորդային տնտեսական անկում է արձանագրել` 18,3 տոկոսի չափով, դարձրեցիք ՀՀԿ անդամ, Գ. Սահակյանը պատասխանել է. «Մենք այդ դիտարկման հետ համաձայն չենք: Չեմ կարծում, որ վարչապետի կուսակցական դառնալը կապ ունի նրա ընդհանուր աշխատանքային գործունեության հետ: Սա նրա ազատ կամքն է, որը մենք շատ լավ ենք ընդունում»: Իսկ դիտարկմանը, թե Հայաստանում տնտեսական անկումը ավելին է եղել, քան անգամ Ուկրաինայում, որտեղ լուրջ քաղաքական ու տնտեսական խնդիրներ կան, Սահակյանը պատասխանել է. «Ուկրաինայում ընդհանրապես անկումներ չպետք է գրանցվեին, որովհետեւ տարբեր կողմերից ճանապարհներ ունեցող երկիր է: Հայաստանը շրջափակման մեջ է, եւ բնական է, որ կլինեն խնդիրներ, որոնք համեմատելի չեն այլ երկրների հետ: Մենք բոլոր ռեսուրսներն օգտագործել ենք: Իհարկե, թերություններ ու քննադատություններ կլինեն, բայց մենք, կարծում եմ, այս ճգնաժամից բաց ճակատով ենք դուրս գալու»: Հարցին, թե ինչ է փոխվելու երկրի կյանքում` վարչապետի կուսակցական դառնալով, Գ. Սահակյանն արձագանքել է. «Դա երկրի կյանքի հետ շատ պետք չի կապել, բայց քաղաքական գործունեության շրջանակների մեծացման երեւի կբերի»: Ինչ վերաբերում է նրան, որ այսուհետեւ Տ. Սարգսյանն ավելի պատասխանատու կլինի «հայկական աշխարհի» կամ «մեր օվկիանոսը գտնելու» մասին հայտարարություններ անելիս, Գ. Սահակյանն ասել է. «Պատասխանատու մարդու համար կուսակցական պատկանելությունը նշանակություն ունենալ չի կարող: Վարչապետը միշտ էլ մեզ հետ հաշվի է նստել՝ առանց կուսակցության անդամ լինելու»: Այսինքն` սրանից կարելի է հասկանալ, որ համակարգչային խաղերի մոդելներ հիշեցնող վարչապետի այդ հայտարարությունները ոչ միայն անձամբ նրա, այլեւ ՀՀԿ-ի երեւակայության արդյունքն են: Տ. Սարգսյանի` ՀՀԿ անդամ դառնալուն երեկ անդրադարձել են նաեւ կուսակցությունների ներկայացուցիչներ: «Կարծում եմ, Նժդեհն արդեն մի քանի անգամ շուռումուռ է եկել գերեզմանի մեջ` իմանալով, որ նմանատիպ կերպարը, որը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, անդամագրվել է այն կուսակցությանը, որը իր գաղափարախոսության կրողն է,- երեկ ասել է Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը` ավելացնելով,- Հավանաբար, վարչապետն ինչ-ինչ պատճառներ ունեցել է նման քայլի գնալու համար, եւ փորձել է քաղաքական հենարան ստեղծել իրեն»: Հարցին, թե ինչո՞ւ է դա տեղի ունեցել հիմա, այլ ոչ ավելի վաղ, ՀՌԱԿ ատենապետը պատասխանել է. «Հավանաբար մեկ տարի առաջ դիրքերն ավելի ուժեղ էին, քան հիմա: Սա իր ճակատագրի հետ կապված լավ բանի մասին չի խոսում: Նրա անդամագրումը Հանրապետական կուսակցությանը կամ որեւիցե այլ կուսակցության, չեմ կարծում՝ իրեն ազատի հայ ժողովրդի հանդեպ գործած հանցագործությունների համար պատասխան տալուց»: «Ընդհանրապես մարդիկ կուսակցական դառնում են, եթե տվյալ կուսակցության գաղափարախոսությունը եւ գործունեության ձեւը համապատասխանում է տվյալ անձի գաղափարական ուղղություններին եւ աշխատաոճին: Այս դեպքում, երեւի թե, Տիգրան Սարգսյանին հոգեհարազատ են դարձել նժդեհական գաղափարախոսությունն ու Հանրապետական կուսակցության գործունեության հիմք», – այսպես էլ վարչապետի ՀՀԿ-ականացումը «7օր»-ի հետ զրույցում մեկնաբանել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Իսկ ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի, Տիգրան Սարգսյանին ավելի ձեռնտու էր անկուսակցականի կարգավիճակը, քանի որ իր ապարատի կուսակցական բոլոր նախարարներից նա այդպիսով մի աստիճան վեր էր կանգնած, նրանց հետ շփումն էլ հեշտ էր: «Եվ, ի վերջո, Տ. Սարգսյանը վարչապետ էր նշանակվել այն նկատառումով, որ նա անկուսակցական է եւ լավ ֆինանսիստ»,- ասել է Ադիբեկյանը` նշելով, որ ամենայն հավանականությամբ, հանրապետականներն են Տիգրան Սարգսյանին պարտադրել դառնալ իրենց կուսակցության անդամ: «Երեւի նրան դրել են երկընտրանքի առաջ` կա՛մ դու դառնում ես կուսակցական, եւ մենք աջակցում ենք քո վարչապետ լինելը, կա՛մ դու պետք է նորից գնաս քո տեղը կամ դառնաս ֆինանսների նախարար, փորձես այս գործողությունները կատարել` ծառայելով ազգին»,- ասել է Ադիբեկյանը: