Էկոլոգիապես մաքուր տուրիզմ

27/08/2005

Ֆրանսիացիների մի խումբ օգոստոսյան տասն օրը անցկացրեց մեր երկրում:
Հետաքրքիրն այն է, որ ֆրանսիական «Armenie Sport Nature» ասոցիացիան
եվրոպացիներին առաջարկում է ոչ թե ստանդարտ՝ Գառնի-Գեղարդ երթուղին, այլ
Հայաստանի եւ հայերի հետ ավելի խորը ծանոթություն: «Մենք ուզում էինք
համադրել սպորտը, տուրիզմը եւ սովորական մարդկանց հետ շփումը,- ասաց
«Armenie Sport Nature»-ի նախագահ Կլոդ Աբիտբոլը: -Ես արդեն 20-րդ անգամ
եկա Հայաստան, որպեսզի ամեն ինչ ճիշտ ու անվտանգ կազմակերպեմ: Մենք այս
ճամփորդությունը կոչել ենք «Armenia Eco Tour», այն արդեն երրորդ անգամ է
անցկացվում: Մենք բոլորս հիացած ենք հեռանում Հայաստանից»:

7 հայեր եւ 20 ֆրանսիացիներ, որոնցից ամենաերիտասարդը 10 տարեկան էր, իսկ
ամենատարեցը՝ 60, իրենց արշավը սկսեցին Հաղարծինից, հեծանիվներով հասան
Գոշավանք, հետո Սեւան, որտեղից կանոէներով անցան դեպի Այրիվանք, բարձրացան
Աժդահակ լեռը: Իսկ ժայռ մագլցել ցանկացողների համար Գեղարդում պարանակապ
մագլցում կազմակերպվեց: Սակայն հիմնական ճամփան բոլորն անցան քայլելով:
Վրանային կյանքը, զբոսանքը, բնության եւ գյուղացիների հետ ծանոթությունը,
հայկական լավաշն ու մածունը մեծ տպավորություն էին թողել նրբագեղ
ֆրանսիացիների վրա: «Մենք չէինք մտածում, որ հայերն այսքան հյուրընկալ են:
Մարդիկ իրենց տներից դուրս էին գալիս եւ մեզ միրգ հյուրասիրում, նման բան
Ֆրանսիայում չես տեսնի»,- ասաց արշավախմբի անդամներից մեկը: Սպորտային
մրցակցությունն էկոլոգիապես մաքուր սննդի, անկրկնելի եւ խիստ բնության ու
վանքերին ծանոթանալու հետ զուգակցելը՝ փայլուն գաղափար է: Նշանակություն
չունի, որ հաճախ ֆրանսուհիները հայկական գյուղերում իրենց համար անհրաժեշտ
պարագաներ չէին գտնում ու զարմանում էին խանութների աղքատ առաջարկով: Չէ՞
որ կարեւորն արկածն է, անսովոր միջավայրում կողմնորոշվելու ունակությունը:
Ընդ որում, մինչ Հայաստան ժամանելը ֆրանսիացիներին ծանոթացրել էին
Հայաստանի մշակույթի ու պատմության հետ: Եվ ճամփորդության ընթացքում նրանք
լրացնում էին «Ի՞նչ գիտեմ Հայաստանի մասին» հարցաթերթիկները: Նրանք
գիտեին՝ ով է Մեսրոպ Մաշտոցը, քանի տառ կա հայկական այբուբենում: Հարցերը
պատրաստել էր «Nouvelles d`Armenie» ամսագիրը, որի թղթակցուհին այս
էկո-տուրի անդամն էր: Ֆրանսիացիները լսել են մեր երգերը, գնդակ եւ
նույնիսկ նարդի են խաղացել: «Մենք էլ ենք շատ ուրախ, քանի որ մեզ համար
նոր վայրեր հայտնաբերեցինք»,- ասաց Ֆրանսիական համալսարանի ուսանող, տուրի
մասնակից Դիանա Միրաքյանը: Հայերի խմբում կային նաեւ «Փյունիկ»
հաշմանդամների միության երեք անդամներ:

Ն.Հ.