Երեկ Ստոկհոլմում մեկնարկել է Եվրամիություն-Ռուսաստան գագաթաժողովը, որից կողմերը լուրջ ակնկալիքներ չունեն: Շվեդիայի` Եվրամիության նախագահող երկիր լինելու ամիսներին երկկողմ հարաբերությունների որոշակի սառեցման պատճառը Շվեդիայի իշխանությունների ցուցաբերած խիստ քննադատական վերաբերմունքն է պաշտոնական Մոսկվայի` ԱՊՀ-ի տարածքում որդեգրած քաղաքականության նկատմամբ: 2008 թվականի ամռանը` Ռուս-վրացական պատերազմից հետո, Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը պաշտոնական Մոսկվայի քաղաքականությունը նույնիսկ համեմատել էր նացիստական Գերմանիայի գործելաոճի հետ: Եվ պատահական չէ, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, թե Ստոկհոլմ է մեկնում բացառապես դիվանագիտական նպատակահարմարությունից ելնելով: Ռուսական կողմը նաեւ հայտարարում է, թե լուրջ քաղաքական խնդիրները բանակցությունների ընթացքում հպանցիկ են քննարկվելու: «Ստոկհոլմում Ռուսաստանը մտադիր է կենտրոնանալ երկկողմ հարաբերությունների երկարաժամկետ հեռանկարի խնդիրների, նախ եւ առաջ` ազատ վիզային ռեժիմի հաստատման, ճգնաժամերի համատեղ հաղթահարման եւ էներգետիկ համագործակցության ամրապնդման վրա»,- նախօրեին ասել է Ռուսաստանի Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Նշենք, որ բանակցությունների օրակարգում վրաց-ռուսական հարաբերությունների թեման առանձին կետով նշված չէ. այս հարցը ընդգրկվել է քննարկումների «Տարածաշրջանային հակամարտություններ» գլխում` Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի խնդիրների հետ մեկտեղ: