Երկու հարցում

19/11/2009

«Թուրքերն իրենց կրոնական ազգ են համարում, իսկ կրոնը` հանդուրժողականության աղբյուր: Սակայն, ինչպես ցույց են տալիս հետազոտության արդյունքները, իրենց կրոնական համարող մարդկանց մեծ մասն ամենեւին էլ հանդուրժող չէ այլ կրոններին հարող մարդկանց հանդեպ»,- երեկվա համարում գրել է թուրքական «Hurriyet»-ը` ներկայացնելով Սաբանչի համալսարանի գիտնականներ Էրշին Քալայչիօղլուի եւ Ալին Չարքօղլուի ուսումնասիրությունների արդյունքները: Վերջիններս հետազոտություն են անցկացրել` պարզելու համար, թե որքանով են իրականում կրոնական թուրքերը: Ուսումնասիրությունն անցկացվել է Միջազգային հասարակական հետազոտական ծրագրի շրջանակներում եւ նպատակ է հետապնդել բնորոշելու կրոնական արժեքները աշխարհի 43 տարբեր երկրներում: Այսպիսով, թուրքերի 83%-ն իրենց կրոնական է համարում, 16%-ը` ծայրահեղ կրոնական, իսկ 32%-ը` որոշ չափով կրոնական: Ուսումնասիրության արդյունքների համաձայն` Թուրքիան, Լեհաստանը, Ֆիլիպինները եւ ԱՄՆ-ը ամենակրոնական երկրներն են: Ինչպես նշել է Չարքօղլուն, 1999թ. սկսած` նկատվում է այն մարդկանց թվի զգալի աճ, որոնք իրենց կրոնապաշտ են համարում: Ըստ նրա` այս փոփոխությունը կարող է կապված լինել երկրում տիրող քաղաքական մթնոլորտի հետ: Ըստ ուսումնասիրությունում տեղ գտած մեկ այլ հարցման արդյունքների, թուրքերի 60%-ը կարծում է, որ կա միայն մեկ իսկական կրոն: Ինչ վերաբերում է այլ կրոններին հարող մարդկանց նկատմամբ հանդուրժողականությանը, թուրքերի 90%-ը լավ է վերաբերվում միայն մահմեդականներին, նրանցից ընդամենը 13%-ն է հանդուրժող քրիստոնյաների նկատմամբ, մոտավորապես 10%-ը` հրեաների:

Ինչ վերաբերում է այլ կրոնին հարող քաղաքական գործիչների հանդեպ վերաբերմունքին, ապա թուրքերի 37%-ը դրանց կտրականապես դեմ է արտահայտվել: Երեկ հրապարակվել են թուրքական մեկ այլ` Բողազիչի համալսարանի եվրոպական աշխատանքների կենտրոնի եւ Մադրիդի համալսարանի կողմից եվրոպական 5 երկրներում անցկացրած հարցախույզի արդյունքները: Հարցախույզը անցկացվել է Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իսպանիայում եւ Լեհաստանում: Այդ երկրներում հարցվածների 60 տոկոսը Թուրքիայի Եվրամիության անդամակցության համար կարեւորել է ժողովրդավարությունը: Հարցվածների 20 տոկոսը վախենում է թուրք գաղթականներից: «Ի՞նչ սիմվոլով եք ճանաչում Թուրքիան» հարցին` 91 տոկոսը պատասխանել է՝ Ստամբուլ, 70 տոկոսը` «Գալաթասարայ»: Աթաթուրքին նշել է հարցվածների 40 տոկոսը, ինչը քիչ է Անթալիան նշողների թվից: Նոբելյան մրցանակ ստացած թուրք գրող Օրհան Փամուկին նշել է հարցվածների 11.5 տոկոսը: Օրհան Փամուկից ավելի շատ եվրոպացիները նշել են «Եվրատեսիլին» մասնակցած թուրք երգչուհի Հադիսեին, Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի նախկին մարզիչ Ֆաթիհ Թերիմին: «Ինչպե՞ս կքվեարկեիք եթե Թուրքիայի` Եվրամիության անդամության հարցը ներկայացվեր հանրաքվեի» հարցին` 52 տոկոսը պատասխանել է` դեմ: Ֆրանսիական Նանս քաղաքում բնակվող 13-ամյա ազգությամբ թուրք Մուստաֆա Դողանը ժամանակավորապես զրկվել է դպրոց հաճախելու իրավունքից` Հայոց ցեղասպանության ուրացման համար: Պատմության գրավոր քննության ժամանակ 1915 թվականի իրադարձություններին եւ Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցին ի պատասխան՝ Դողանն ասել է. «Եթե նույնիսկ դա տեղի է ունեցել, նրանք արժանի էին դրան»: Քննությունից հետո դպրոցի ղեկավարությունը զանգահարել է Դողանի հորը եւ անհապաղ հանդիպում պահանջել` հայտարարելով, որ նրա որդին խախտում է ֆրանսիական օրենքը: Ի վերջո, կարգապահական կոմիտեն երկու օրով արգելել է Մուստաֆա Դողանին դպրոց հաճախել: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Զամանը»` հիշեցնելով, որ Ֆրանսիայի խորհրդարանը 2001 թվականին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2006 թվականին խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը, որը, սակայն, անցած երեք տարվա ընթացքում դեռ չի արժանացել Սենատի հավանությանը: