Ասում է աշխարհահռչակ արվեստաբան Ֆրանչեսկո Գալլոն, ով Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի 25 տարվա մտերիմ ընկերն է:
Նեապոլի գեղեցիկ արվեստների ակադեմիայի դասախոս, հայտնի արվեստաբան Ֆրանչեսկո Գալլոն արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան: Իր մեկշաբաթյա այցի ընթացքում նա շատ բան հասցրեց անել. հանդիպեց Մինաս Ավետիսյանի ընտանիքի հետ, քանի որ Մինասի աշխատանքների ծավալուն ցուցադրություն է պատրաստում Իտալիայի խոշոր քաղաքներում, դասախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ ուսանողների առջեւ, դաս վարեց նաեւ դպրոցում՝ խոսելով աշակերտների հետ պետության ու արվեստի փոխհարաբերությունների մասին։ Ֆրանչեսկո Գալլոն գեղեցիկի մեծ գիտակ է (ինչպես, թերեւս, շատ իտալացիներ)։ Նա նորաձեւ է, կենսուրախ, ապրում է արվեստով ու գնահատում է արվեստը իր հեղինակային հոդվածներում, որոնք առնվազն շաբաթը մեկ լույս են տեսնում «Ջենարո» տնտեսական ամսագրի հավելվածում։ Մինչեւ Ջաննի Վերսաչիի մահը, նա եղել է հայտնի մոդելյորի արվեստի խորհրդատուն եւ ընկերը, եւ համոզված է, որ մեր արագավազ դարում ժամանակակից արվեստն իր դրսեւորումը գտել է բարձր նորաձեւության մեջ:
Լինելով Հայաստանի պատմական վայրերում ու տեսնելով վերականգնված վանքերն ու հուշարձանները` նա եզրակացրել է, որ մենք շատ հաճախ սխալ ենք ընկալում «ռեստավրացիա» տերմինը եւ առեղծվածային փլատակները զրկում ենք էներգետիկ լիցքերից։
– Աշխարհում ռեստավրացիայի մի քանի դպրոցներ կան, ֆրանսիական դպրոցն, օրինակ, ոչ թե ռեստավրացիա է անում եղածը, այլ կառուցում է հնի շարունակությունը, ինչի արդյունքում լրիվ նոր մի բան է ստեղծվում։ Իսկ իտալական դպրոցն, առաջին հերթին, ցանկանում է բնական վիճակում պահպանել արդեն եղած կառույցը եւ թույլ չտալ, որ կիսափլված կառույցները դեգրադացիայի ենթարկվեն։ Կարող եմ ասել, որ Հայաստանում հանդիպած ռեստավրացիոն մոդելները ոչ մի դպրոցի չեն պատկանում եւ ընդհանրապես անկանոն են։ Երբ գործ ես ունենում պատմամշակութային հուշարձանների հետ, միշտ ավելի գերադասելի է ամեն բան թողնել այնպես, ինչպես եղել է, եւ պարզապես մաքրել դրանք, այլ ոչ թե նոր բան կառուցել։ Եթե ներկայի պատմությունը չես տեսնում, պատմության զոհն ես դառնում: Հայաստանում ամեն ինչ կա` հրաշալի պատմություն, արվեստ, մշակույթ, մարդիկ, բայց տեսնում եմ, որ ամեն ինչ շատ վատ է ներկայացվում եւ երկրի ներսում, եւ աշխարհին:
– 21-րդ դարում փոխվե՞լ են գեղեցիկի մասին մեր պատկերացումները:
– Մարդկությունը դուրս է եկել գեղեցկության տարիքից: Հին հույները գեղեցկությունը սահմանել էին որպես չափ, ոսկե հատում, համաչափություն, մաթեմատիկական հաշվարկ, իսկ մենք հիմա ապրում ենք անհամաչափություններով լի քաոսային դարում, եւ մեր կյանքի ուղենիշն արդեն գեղեցկությունը չէ: Տգեղի ու գեղեցիկի սահմանումներն այլեւ չեն գործում: Ո՞վ կարող է ասել, որ Պիկասոն գեղեցիկ նկարներ է ստեղծել: Նրա արածը գեղեցիկ չէ, բայց այն բարձր արվեստ է: Արվեստն ընդհանրապես շատ ավելի արագ է զարգանում ու նոր ձեւեր ձեռք բերում, քան մենք ի վիճակի ենք դրան համարժեք բառեր գտնել: Մենք հիմա լինգվիստական պրոբլեմ ունենք` նորագույն արվեստը սահմանելու համար, քանի որ արվեստի տարածքը անհամեմատ ավելի լայն է, քան մենք կարող ենք պատկերացնել:
– Բայց կա զանգվածային գեղեցկություն, որն անընդհատ երեւում է էկրաններին եւ պոդիումների վրա:
– Եթե նկատի ունեք շոու-բիզնեսի դեմքերին, ապա դրանք բոլորն էլ այն «աստղերն» են, որոնք լույս չեն տալիս: Այո, նրանք երեւում են ամենուրեք, սակայն իրենց մտածելակերպով արդեն մահացած են:
– Դուք շատ սերտ կապեր ունեք բարձր նորաձեւության տների հետ, երկար ժամանակ աշխատել եք Վերսաչեի, Արմանիի հետ: Մոդան չի՞ հիմնվում գեղեցկության գաղափարի վրա:
– Մոդան որպես ինդուստրիա՝ ծնվել է կապիտալիզմի դարաշրջանում, երբ բոլորը ձգտում էին որքան կարելի է շատ ապրանք արտադրել: Եվ քանի որ արդեն ամեն ինչ կար, իսկ հասարակությունը թատերականացված շոուների կարիք էր զգում, հայտնվեց մոդայի երեւույթը, որի առաքելությունը անընդհատ փոփոխվող ֆորմաներ ստեղծելն էր: Ի՞նչը պիտի ստիպեր գնորդին, որն անցյալ տարի արդեն իրեն նոր բաճկոն կամ պայուսակ էր գնել, նոր ապրանք ձեռք բերել: Միայն այն միտքը, որ իր ունեցած ապրանքը նորաձեւ չէ: Եվ սկսվեց մի մրցավազք` ավելի ու ավելի օրիգինալ ֆորմաներ ստեղծելու համար: Մոդայի տները փոխում են իրենց արտադրանքը սեզոնը մեկ` ձգտելով անընդհատ նորարար լինել: Եվ հենց այդ պատճառով էլ մոդան անընդհատ պայքարի մեջ է մտնում որակի հետ: Ինչպե՞ս կարելի է խոսել որակի մասին, եթե ապրանքի տեսականին 3 ամիսը մեկ փոփոխվում է: Որակը հիմնվում է երկարակեցության գաղափարի վրա, եւ հարց է ծագում` ինչո՞ւ է ինձ պետք այն ապրանքը, որը, միեւնույն է, կարճ կյանք է ունենալու: Գեղեցկությունը հիմնվում է շարունակականության վրա, իսկ մոդան` օրիգինալության: Ցավոք, մենք պետք է ընդունենք մոդայի առաջարկած արագ տեմպն ու փորձենք չդեգրադացվել:
– Ինչպե՞ս:
– Մեր մեջ կրելով գեղեցկության միտքը որպես հուշ, երազ` փոխարինելով այն «ոճ» տերմինով: Եվ կարծում եմ՝ հիմա սեփական «ես»-ը վերագտնելու շանս է տալիս հենց ոճը: Իրականում այդ բառը շատ խոր իմաստ ունի: Երբ վերջերս Նյու Յորքից պետք է վերադառնայի Հռոմ, օդակայանում, տերմինալը փնտրելիս, քայլելով ոչ թե ցուցանակներին էի նայում, այլ պարզապես փորձում էի գտնել մարդկանց այն խումբը, որն առավել էլեգանտ ու ճաշակով է հագնված՝ համոզված լինելով, որ այդպես կգտնեմ իտալացիներին եւ իմ տերմինալը։ Եվ ես չսխալվեցի։ Ուզում եմ ասել, որ ոճը նաեւ հասարակությունն է կարգավորում ու ազգի մենթալիտետ է ձեւավորում: Ես աշխատել եմ հոգեբուժարանում եւ մտավոր թերություններ ունեցող մարդկանց հետ հարցազրույցներ անելով` նկատել եմ, որ շատերը չեն կարողանում իրենց մտքերը «հավաքել», քանի որ անընդհատ տարբեր բաների մասին են մտածում: Նրանց ուղեղում քաոս է, որովհետեւ ներքին առանցք (որը հենց ոճն է) չկա: Կյանքի այս խառնաշփոթում մեզ փրկում է մեր ինդիվիդուալ ու հասարակական ոճի գիտակցումը: Իտալերեն լեզվում «հագուստ» եւ «սովորույթ» բառերը նույն արմատն ունեն, եւ դրանց մեջտեղում է ոճի գաղտնիքը: Ոճը մեր ինդիվիդուալ ու ազգային էությունն է, որով մեզ կարելի է ճանաչել: Մանավանդ` դիսհարմոնիկ այս դարում:
– Իսկ Երեւանի ոճն ինչպե՞ս կբնութագրեք։
– Փողոցները, հրապարակները, պարտեզները առանձին վերցրած շատ գեղեցիկ են։ Իսկ եթե խոսենք դեկորացիայի, քաղաքի ձեւավորման ու մատուցման մասին, ապա պարզ է դառնում, որ Երեւանը ամբողջական ոճ չունի։ Երբ, օրինակ, եղա Մինասի տանը, տեսա, որ այն շատ գեղեցիկ, յուրահատուկ է, բայց հերիք է դուրս գայի աստիճանավանդակ, որպեսզի ասեի՝ դա սարսափելի է, քանի որ չկա լուսավորություն, իսկ մուտքի պատերը մռայլ ու կիսաքանդ են։ Իսկ Լրագրողների միության շենքի (որտեղ տեղակայված է ձեր խմբագրության գրասենյակը) գեղեցիկ մուտքի դուռն անգամ բռնակ չունի, այն կոտրված է։ Եվ խոսելով մշակութային մանրուքների մասին, հենց դա նկատի ունեի։ Կարելի է շատ լավ գործեր տապալել մանրուքների վրա բավարար ուշադրություն չդարձնելու պատճառով։ Շենքերն ու բակերը անխնամ ու անբարեկարգ են: Նկատեցի, որ արտասահմանյան ցուցանակներով շատ խանութներ կան։ Իհարկե, առաջարկ կա, բայց միայն լայն տեսականի ներմուծելով չի ստացվի ոճ ձեւավորել։ Մարդիկ պետք է սովորեն ընտրել` գեղեցիկի միջոցով իմունիտետ ձեռք բերելով: Կուլտուրան հիմնվում է գեղեցիկը ընկալելու դաստիարակության վրա:
– Հայաստանում մշակույթի հետքերը չեն երեւում ժամանակակից քաղաքացիների կենցաղում, քաղաքային մշակույթի մեջ։ Դուք հիացմունքով եք խոսում օրինակ Երվանդ Քոչարի կերպարի մասին, բայց իրականում շատ քչերն են ծանոթ նրա ստեղծագործություններին։ Եթե նկատել եք, նույնիսկ հիասքանչ վանքերի կողքին աղբանոցներ են գոյանում։ Ի՞նչն է պատճառը։
– Հիմնական խնդիրը հաղորդակցման կապերի պակասն է։ Մշակույթը անընդհատ պետք է հաղորդակցման մեջ մտնի մարդկանց հետ եւ ցանկություն առաջացնի՝ կրկին ու կրկին դիմել ու «դիպչել» արվեստին, պատմությանը։ Ընդհանրապես ամեն ինչի հիմքում ցանկությունն է։ Եթե ցանկություն չկա, հաղորդակցումն էլ տեղի չի ունենա։ Կարող եմ ասել, որ մշակույթը շատ նման է գյուղատնտեսությանը. պետք է հողը մշակես, ցանես, խնամես, հետո երկար ժամանակ սպասես, թե երբ կծլի առաջին բերքը: Չէ՞ որ միտքը կանոնակարգվում է այնպես, ինչպես բերքը: Մեզ շատ հաճախ թվում է, որ պետությունը դա քաղաքական դաշտ է, բայց պետությունը առաջին հերթին մարդիկ են եւ նրանց ցանկությունները։ Քաղաքականությունը չի կարող լավը կամ վատը լինել, այն միշտ նույնն է, մարդիկ են տարբեր։ Եվ հենց ընկերային հարաբերություններում է երեւում տվյալ մարդկանց փիլիսոփայությունը, պահանջարկը, եթե կուզեք՝ նաեւ կոդը։ Որպեսզի մարդիկ արվեստասեր լինեն, պետք է որքան կարելի է շատ տարբեր ավանդույթներ ներկայացնող մշակութային կազմակերպություններ ստեղծվեն։ Եվ երբ պետությունը թույլ ու անզոր է, հենց այդ կազմակերպություններն են սկսում մեծ դեր խաղալ։ Դա նման է մարդու օրգանիզմի աշխատանքին. երբ որեւէ օրգան վնասվում է, մնացած բոլորը առավել լարումով են սկսում աշխատել։
– Մշակույթով կոդավորելու պրոցեսը ինչի՞ց է սկսվում։
– Մշակույթը, ինչպես նաեւ բարոյականությունը սկսվում է մանրուքներից։ Փոքր դետալների վրա ուշադրություն դարձնելով` կարելի է հսկայական գործեր անել։ Չմոռանանք, որ հենց մանրուքներն են մեզ երջանկություն պարգեւում: Մ.թ.ա 4-րդ դարում, Իտալիայում գրվել է էթիկայի մասին պատմող առաջին տրակտատը, որտեղ մանրամասն նկարագրվում էր, թե ինչպես է պետք սեղանը ձեւավորել։ Այդ գիրքը կոչվում էր «Կանոններ» եւ հենց այդտեղից է ծագել «կանոն» բառը, որը նշանակում է՝ գրված օրենք։ Օրենքները պետք է գրվեն միայն այդ ժամանակ, երբ ժողովուրդը դրանք կարեւոր է համարում ու հետեւում է դրանց։ Իսկ դա տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ օրենքում կարեւորագույն տեղ է հատկացվում մանրուքներին։ Օրինակ, սեղանի ձեւավորմանը։ Եվ նման մանրուքներին հետեւելու շնորհիվ էլ դարերի ընթացքում ձեւավորվում է ազնվական խավը (էլիտան), որն էլ առաջ է մղում հասարակությանը։
– Իսկ եթե ազնվականները քիչ են կամ էլ պարզապես չկան:
– Եթե հասարակության մեջ քիչ են արիստոկրատները, ուրեմն դոմինանտ դիրք են զբաղեցնում պարզապես հարուստները, որոնց համար գեղեցկությունը կողմնացույցի դեր չի կատարում։ Հայաստանում այդպե՞ս է։
– Թերեւս այո։
– Ազնվական լինել, նշանակում է՝ եւ՛ սեփական անձի, եւ՛ հասարակության համար պատասխանատու լինել։ Ազնվականությունը նկատվում է ամեն ինչում. շարժուձեւում, վերաբերմունքում, հերոսական արարքներին պատրաստ լինելու մեջ։ Բարձր խավի ուղերձը պետք է բարձր դիրքերից լսվի։ Ազնվական անձը միշտ պատրաստ է իր կյանքի ընկալումը տարածել հասարակության մեջ։ Եվ պատահական չէ, որ ազգի էլիտան համարվող արիստոկրատները միշտ կարեւորագույն ուղերձների տարածողներ են եղել, օրինակ են ծառայել, համախմբել են մարդկանց։ Եվ դա կարողացել են անել ցանկացած մանրուքով: Եթե խոսենք մոդայի լեզվով, ապա ամենաբարդը կոշիկի ընտրությունն է։ Հագուստը կարելի է տարբեր դետալներով ու աքսեսուարներով փոփոխել, ընդգծել զարդերով, իսկ կոշիկների դեպքում դա հնարավոր չէ։ Երբ հանդիպում եք նորաձեւ հագնված, հարդարված ու սանրված մարդու, որը, սակայն, վատ կոշիկներ է կրում, ուրեմն այդ մարդն արիստոկրատ չէ։ Եվ հակառակը՝ կարող ես շատ պարզ ու էժան հագնվել, բայց լավ կոշիկներ կրել, եւ միանգամից աչքի կընկնես, ցույց կտաս քո էությունը։
– Դուք երկար ժամանակ զբաղվում եք Մալթայի ասպետների օրդենի պատմությամբ: Կպատմե՞ք այդ մասին:
– Մալթայի օրդենը, որը զբաղեցնում է կղզու ընդամենը չորս պալատները, ինքնիշխան մի պետություն է, որը ձեւավորվել է խաչակիրների առաջին արշավանքներից հետո։ Օրդենն իր դարավոր պատմությունը, ավանդույթներն ու սիմվոլիկան ունի։ Եվ հիմա էլ գործում ու ասպետներ է պատրաստում։ Ինչպես տեսնում եք, ասպետների կարիքը միշտ կա (ծիծաղում է.- Ն.Հ.)։ Ի դեպ՝ հենց մալթական ասպետների ջանքերով է Թուրքիայի եվրոպական հարձակումը կասեցվել, նրանց քաջության շնորհիվ թուրքերը չեն հասել Վիեննա ու չեն մտել Եվրոպա: Հեծյալ զինվորներից բացի, օրդենի անդամներ են նաեւ բժիշկ վանականները, որոնք անվճար բժշկական օգնություն են ցույց տալիս աղետներից տուժած մարդկանց՝ ողջ աշխարհում։ Նաեւ աջակցում են դպրոցների, համալսարանների, հիվանդանոցների կառուցմանը՝ հանդիսանալով որպես կրոնական-տնտեսական հզոր մի միաբանություն։ Մալթայի ասպետները աննկարագրելի ուժեղ եւ գեղեցիկ ոգու տեր մարդիկ են։ Նաեւ չափազանց հարուստ մարդիկ են, ովքեր ամեն ինչ ունեն, նաեւ` անձնական օդանավեր։ Օրդենը այսօրվա մեր աշխարհի հզոր լեգենդներից է, որը 900 տարվա պատմություն ունի։ Եվ ես շատ եմ ցանկանում օրերից մի օր Հայաստանին ծանոթացնել նրանց պատմության ու մշակույթի հետ, միգուցե նաեւ Մալթայի օրդենի դեսպանատան բացմանը աջակցեմ:
– Հիմա հնարավո՞ր է ասպետ դառնալ:
– Իհարկե, սակայն չափազանց խիստ պահանջներ կան` երաշխավորագրեր են պետք, պետք է ընդունել համամարդկային արժեքների գերակայությունը, լինել ազնիվ մարդ, ձի վարել իմանալ, եւ այլն։ Ապա պետք է սպասել, որ Հռոմի պապն իր համաձայնությունը տա, քանի որ Մալթայի օրդենը գտնվում է Վատիկանի ենթակայության տակ։
– Լինելով Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մտերիմ ընկերը, ինչպե՞ս եք դիտարկում իտալական մամուլի ազատությունը: Չէ՞ որ նա նաեւ հարուստ մեդիա-մագնատ է:
– Իտալական մամուլը ազատ է, եթե իտալական թերթերը որեւէ շահ են հետապնդում, ապա միայն կոմերցիոն: Կարող եմ ասել, որ ամենաշատը Բեռլուսկոնիին քննադատում են հենց նրան պատկանող թերթերն ու հեռուստաալիքները: Ես դրա մեջ հակասություն չեմ տեսնում: Բեռլուսկոնիի հետ մենք ընկերություն ենք անում արդեն 25 տարի, եւ ես շատ բան կարող եմ պատմել նրա մասին: Իրականությունն այն է, որ թեեւ գրեթե բոլոր իտալացիները միշտ վատ են խոսում նրա մասին, բայց բոլորը հենց նրան են ընտրում, քանի որ տեսնում են, որ նա շատ լավ բաներ է արել Իտալիայի տնտեսության համար, ոտքի է կանգնեցրել արդյունաբերությունը, բանկերը, գրեթե վերացրել է գործազրկությունը:
Եթե, օրինակ, հիմա այցելեք Ակվիլլա քաղաք, որտեղ այս տարվա ապրիլին խոշոր երկրաշարժ էր տեղի ունեցել, ու հիմնովին քանդել էր քաղաքը, ապա կտեսնեք, որ շենքերի կեսն արդեն վերակառուցված է: Աղետից մի քանի ամիս անց մարդիկ արդեն վերակառուցված, կահավորված ու սննդամթերքով լցված սառնարաններով բնակարաններ էին ստացել կառավարության կողմից: Բոլորին տանը սպասում էր նաեւ տոնական սեղանն ու շամպայնը: Նման բան Իտալիայի պատմության մեջ երբեւէ չի եղել: Բեռլուսկոնին նոր շունչ հաղորդեց նաեւ Ջենովա քաղաքին, որը վաղուց արդեն լքված նավահանգստի էր վերածվել, իսկ հիմա այնտեղ հրաշք է տեղի ունենում: Շատ արագ զարգանում է մեքենաշինությունը:
– «Ֆերրարին», «Լամբորջինին» վաղուց արդեն ոչ միայն մեքենաներ են, այլեւ` ոճ:
– …Դուք մոռացաք «Բուգատտին», «Մազերատտին» (ծիծաղում է.- Ն.Հ.): Մոդան զարգացրեց նաեւ կահույքի արտադրությունը, եւ հիմա իտալական կահույքը համաշխարհային թրենդ է:
– Արվեստի գործեր գնելիս կոլեկցիոները մտածում է հաջող ներդրում անելո՞ւ մասին, թե՞ զուտ իր հաճույքի համար է դրանք հավաքում:
– Ցանկացած լավ կոլեկցիա սկիզբ է առնում հաճույքից եւ հետո է միայն ինվեստիցիա դառնում: Գեղեցիկով շրջապատված լինելու ցանկությունն է կարեւոր, այլ ոչ թե ֆինանսական աճի սպասումը: Օրինակ, երբ տարիներ առաջ ես իմ կտավների կոլեկցիան էի հավաքում, 7 հազար եվրոյով գնեցի մի նկար, որն ինձ շատ էր դուր եկել: Հիմա այդ կտավի գինը մի քանի միլիոն եվրոյի է հասել: Գնելու պահին ես գնի մասին չէի մտածում: Եթե որոշեք կոլեկցիա հավաքել, մի հաշվարկեք ապագայի գները, փորձեք գնել միայն այն, ինչը ձեր բնավորությանը, ներաշխարհին հարազատ է: Արվեստը պետք է գեղագիտական հաճույք եւ ուրախություն պատճառի:
– Ճի՞շտ է, որ գեղեցիկ հագնվող մարդը միշտ գեղեցիկ մտքեր է ունենում։
– Անկասկած այդպես է։ Երբ մարդը սկսում է զգալ, որ ինքն այլեւս աղքատ, անգրագետ, դատարկ չէ, անմիջապես ուշադրությունը դարձնում է արվեստին՝ ցանկանալով որեւէ քանդակ կամ նկար ձեռք բերել, թատրոն կամ ցուցահանդեսներ հաճախել։ Միայն սրտով եւ հոգով ազատ մարդը կարող է գեղեցիկը տեսնել, ճնշված մարդը դրան ունակ չէ:
– Որպես գեղեցիկ ուղերձ` ի՞նչ կասեք հայաստանցիներին:
– Մշակույթը կազմված է մեր գիտելիքից, ընկալումից, դաստիարակությունից: Հիշում եք Սոկրատեսի բառերը` ես գիտեմ միայն, որ ոչինչ չգիտեմ: Մշակույթը նույն այդ բառերով է ուղղորդվում: Հոռետեսները կարծում են, որ մենք հիմա կուլտուրայի ճգնաժամ ենք ապրում` մոռանալով, որ ժամանակակից մշակույթը հիմնվում է Սոկրատեսի մտքի վրա, ու ամեն օր պետք է աշխարհը նորովի բացահայտել:
– Հավանաբար նկատեցիք, որ մեր երիտասարդները սովորելու ցանկությամբ այդքան էլ տարված չեն։
– Ուսանողներին միշտ ասում եմ՝ երբեք մի վախեցեք այլ կարծիք հայտնելուց։ Վատ կամ լավ բան այս աշխարհում չկա, եւ իմն է լավը, եւ քոնը։ Եվ ուրեմն ավելի շահեկան է ոչ թե քոնը պնդել, այլ նաեւ իմ տեսակետի հետ ծանոթանալ։ Քննադատելուց առաջ պետք է ձգտել հասկանալ: Իսկ քննադատական չափանիշները ավելի ուշ ի հայտ կգան: Մեզանից յուրաքանչյուրն այն աշխարհ կտանի միայն իր հուշերն ու տպավորությունները: Եվ զարգացումը հենց տպավորությունների կուտակման մեջ է: Ես, օրինակ, շատ ջերմ ու հարուստ հայաստանյան հուշերով եմ տուն վերադառնում: