ԱՄՆ-ում լույս տեսնող մի շարք հայկական պարբերականներ տեղեկություններ են հրապարակել այս ամսվա սկզբին ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի` Լոս Անջելես կատարած այցի եւ այնտեղ հնչեցրած որոշ հայտարարությունների վերաբերյալ: Մասնավորապես, «USA Armenian Life Magazine» հանդեսը գրել է, որ նոյեմբերի 3-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոնի կապակցությամբ Ա. Ղուկասյանը Լոս Անջելեսում տարբեր հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում խոսել է նաեւ հայ-թուրքական արձանագրությունների, դրանց վերաբերյալ Սփյուռքի արձագանքի մասին: Ըստ «USA Armenian Life Magazine»-ի, Ա. Ղուկասյանն ընդունել է, որ արձանագրությունները պարունակում են տարբեր թույլ կողմեր եւ բացթողումներ: Նա ասել է նաեւ, որ ինքը քաջատեղյակ է եղել Սփյուռքի դժգոհություններին եւ հասկանում է դրանք: «Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը շատ թույլ է եւ անպատրաստ»,- Ա. Ղուկասյանի խոսքերն է մեջբերել «USA Armenian Life Magazine»-ը, ըստ որի՝ ԼՂՀ նախկին նախագահն ասել է նաեւ, թե ինքը հասկանում է, որ սփյուռքի հետ երկխոսությունը շատ ուշ է կայացել, ինչը նույնպես սխալ է: Ավելին, թերթի փոխանցմամբ, Ա. Ղուկասյանը հայտարարել է, թե ինքը «տասն անգամ ավելի շատ է արտահայտել իր դժգոհությունը Սերժ Սարգսյանին արձանագրությունների հետ կապված, քան սփյուռքը»: Ըստ «USA Armenian Life Magazine»-ի, Ա.Ղուկասյանը հայտարարել է նաեւ. «Սերժ Սարգսյանը հավանական է, որ սխալ է գործել, բայց նա ազնիվ եւ հայրենասեր անձնավորություն է եւ իր ուսերին մեծ պատասխանատվություն է ստանձնել»: Մի խոսքով, Ա. Ղուկասյանը ԱՄՆ-ում բավական ուշագրավ հայտարարություններ է արել: Համենայնդեպս, մինչեւ երեկ վերը նշված տեղեկությունները ոչ Ա. Ղուկասյանի, ոչ էլ Հայաստանի որեւէ գերատեսչության, մասնավորապես՝ ԱԳՆ-ի կողմից չեն հերքվել: Բանն այն է, որ բացի ԼՂՀ նախկին նախագահ լինելուց, Արկադի Ղուկասյանը ի պաշտոնե նաեւ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան է: Այսինքն` բարձրագույն դիվանագիտական կոչում կրող Ա. Ղուկասյանը հրապարակավ «սխալ է» հանել հայ-թուրքական հարաբերություններում Ս. Սարգսյանի կողմից վարվող քաղաքականությունը: Սա հետաքրքիր է մի քանի առումով: Եթե ընդունենք, որ Ղուկասյանը Ս. Սարգսյանի թիմի ներկայացուցիչ է, ապա կարող ենք արձանագրել, որ իշխանական համակարգը հայ-թուրքական հարաբերությունների հարցի շուրջ տարաձայնությունների պատճառով սկսում է «ճաք տալ»: Իսկ եթե իրականությանը համապատասխանում է այն տեսակետը, որ ԼՂՀ նախկին նախագահը Ռոբերտ Քոչարյանի «մարդն է» եւ դեսպանի կոչում է ստացել նաեւ խորհրդանշական նպատակով, ապա կարելի է արձանագրել, որ ի թիվս այլ իրադարձությունների՝ նաեւ Ա. Ղուկասյանի այս հայտարարությունները վկայում են Ռ. Քոչարյանի` քաղաքականություն վերադարձի սցենարի ակտիվացման մասին: