Երեկ հայտնի դարձավ, որ «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Վարդան Խաչատրյանը կրկին դարձել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ: Ավելին, այս անգամ նա նույնիսկ այդ կուսակցության քաղաքական դիվանի անդամ է: Վ.Խաչատրյանի քաղաքական կյանքի վերջին ոդիսականին անդրադառնալով` հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ի գիշերային որոշմամբ «Ժառանգության» վարչությունը կուսակցությունից հեռացրեց իր վարչության անդամներից երեքին, այդ թվում եւ՝ Վ.Խաչատրյանին: Ընդամենը մեկուկես ամիս հետո` հոկտեմբերի վերջին, Վ.Խաչատրյանը դարձավ ՍԴՀԿ անդամ: Դրանից էլ ընդամենը 1 շաբաթ անց ՍԴՀԿ հայաստանյան կառույցը նրան հեռացրեց կուսակցությունից` պարզաբանելով, թե իրենց կանոնադրության համաձայն՝ հայ ազգային կուսակցությանը նախկինում անդամակցած մարդիկ ՍԴՀԿ-ին անդամակցության դիմում կարող են ներկայացնել այդ կուսակցությունից դուրս գալուց առնվազն 1 տարի հետո: Այս ընթացքում ՍԴՀԿ թե՛ հայաստանյան կառույցը, եւ թե՛ կենտրոնական վարչությունն այլ մեկնաբանություններ չարեցին: Իսկ երեկ Վ.Խաչատրյանն ինքը մեզ հետ զրույցում ասաց, թե մի քանի օր առաջ ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը նորից անդրադարձել է իր հարցին եւ կրկին վավերացրել է այդ կուսակցությանն իր անդամակցությունը: Այդ դեպքում 4 տարի «Ժառանգություն» կուսակցությանն անդամակցած քաղաքական գործչին ի՞նչը դրդեց այս անգամ էլ անդամակցել ՍԴՀԿ-ին: «Մեր հասարակության նկատմամբ պատասխանատվության պահ կար: Այդ պատասխանատվությունը ես տեսա համահայկական կազմակերպությունների մոտ եւ դրա համար էլ որոշեցի անդամակցել ՍԴՀԿ-ին»,- մեր հարցին ի պատասխան՝ ասում է Վ.Խաչատրյանը:
Կարծիք կա, որ իշխանությունները փորձում են պառակտել այդ կուսակցությանը նույնպես: Ավելի ճիշտ, ծրագիր ունեն ավանդական երեք կուսակցություններին միավորել ինչ-որ համագործակցության պլատֆորմի շուրջ եւ ստեղծել վերահսկելի ընդդիմություն: Այդ ծրագրին չի միանում ՍԴՀԿ հայաստանյան կառույցը, որը ՀԱԿ անդամ է: Եվ այդ կառույցին ՀԱԿ-ից տարանջատելու համար փորձում են այնտեղ փոխել ուժերի դասավորությունը: Իշխանական ծրագրին դեմ է ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ղեկավար Լյուդմիլա Սարգսյանն` իր համախոհներով: Հիմա կարծես թե փորձ է արվում ներմուծված մարդկանց միջոցով Լ.Սարգսյանից խլել կառույցի «իշխանությունը»: Եվ Վ.Խաչատրյանն էլ պետք է այդ ծրագրի հիմնական իրականացնողներից մեկը լինի: Ընդ որում, խոսակցություն կա, որ կուսակցության հունվարյան համագումարի ժամանակ պետք է նոր ատենապետ նշանակվի, որի հնարավոր թեկնածուների շարքում նշվում է նաեւ Վ.Խաչատրյանի անունը: ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետի պաշտոնի համար ընտրություններում կառաջադրվի՞ Վ.Խաչատրյանի թեկնածությունը: Վերջինս մի քանի անգամ կրկնած մեր այս հարցին կտրուկ «ոչ» չպատասխանեց: Նա պարզապես ասաց, թե «այդպիսի խնդիր գոյություն չունի, այդպիսի հարց չի քննարկվում»: ՍԴՀԿ-ին Վ.Խաչատրյանի այս «վիճելի անդամակցության» հետ կապված այս անգամ եւս փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Լ.Սարգսյանից, սակայն վերջինս առայժմ հրաժարվեց կարծիք հայտնել:
Ի դեպ, ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետի թեկնածուների շարքում նշվում է նաեւ այդ կառույցին 2008թ. մարտի 2-ին անդամակցած պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի անունը, ով վերջերս դարձել է այդ կուսակցության ԿՎ անդամ: Ընդ որում, Շիրխանյանն էլ իր հերթին երեկ չի հերքել, որ ՍԴՀԿ-ն պատրաստվում է ատենապետությունից զրկել Լ.Սարգսյանին: «Ամեն ինչ պարզ կլինի կուսակցության համագումարից հետո»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նա: Ի դեպ, պարոն Շիրխանյանը երեկ խոսել է նաեւ «նոր ընդդիմադիր ուժի ձեւավորման» մասին: Ասել է, թե «ընդդիմությունն այսօր անընդունակ է որեւէ բան փոխել, լուրջ գործողությունների ընդունակ չէ» եւ այլն: Իսկ երեկ արդեն մեզ հետ զրույցում նա հերքեց, թե նման հայտարարություններ է արել: «Ես համարում եմ, որ այս քաղաքականությամբ` պասիվ պայքարի շնորհիվ Հայաստանում հնարավոր չէ իշխանափոխության հասնել»,- արդեն մեզ հետ զրույցում ՀԱԿ-ին նկատի ունենալով` ասաց նա:
Իսկ ի՞նչ պետք է անի ՀԱԿ-ը, որ իշխանափոխություն տեղի ունենա: «Ես համարում եմ, որ Հայաստանում հասարակությանը համախմբելու եւ իշխանափոխության հասնելու համար պետք է ներկայացվի ծրագիր, որի մեջ հասարակության ամեն մի անդամը տեսնի իր վաղվա ապագան: Առ այսօր այդպիսի ծրագիր հասարակությանը ներկայացված չի: Իշխանափոխություն հանուն իշխանափոխությա՞ն: Ես այդ գաղափարին դեմ եմ: Իշխանափոխությունը Հայաստանում պետք է տեղի ունենա նրա համար, որ իրականացնի երկրում համակարգային փոփոխություններ, առանց որոնց երկիրն այս ճահիճից դուրս հանել հնարավոր չի»,- պատասխանեց Վ.Շիրխանյանը:
Վերջինս, սակայն, ավելացրեց, որ ՍԴՀԿ-ում ՀԱԿ-ից դուրս գալու հարց չի քննարկվում:
«ՀԱԿ-ի հետ համագործակցությունը գնում է նրա հռչակագրի շուրջ»,- ավելացրեց Շիրխանյանը:
ՀԱԿ-ի նկատմամբ իր անդամների ունեցած այս թերահավատության համար էլ մեկնաբանություն խնդրեցինք ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից: «Եթե Շիրխանյանն իրեն համարում է այս ընդդիմության ու այս շարժման մաս եւ ունի նման գնահատականներ, ուրեմն դա ինքնագնահատական է: Եվ մենք ողջունում ենք առողջ ինքնաքննադատությունը,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Լ.Զուրաբյանը եւ ավելացրեց,- իսկ ինչ վերաբերում է ծրագրերին, ապա կա Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագիրը, կա քաղաքապետի ընտրության ժամանակ ներկայացրած ծրագիրը: Դրանք Հայ Ազգային կոնգրեսի կողմից մշակված ծրագրեր են, որոնց սատարել է պարոն Վահան Շիրխանյանը: Եթե նա հիմա արդեն չի ընդունում այդ ծրագրերը, ապա ինքը պետք է բացատրի, թե ինչո՞ւ: Եթե ժամանակին ընդունել է, որ դրանք լավ ծրագրեր են, եւ մասնակցել է մեր շարժմանը, ապա հիմա պիտի բացատրի, թե ինչու չի ընդունում»:
Ավելացնենք, որ Վ.Շիրխանյանի հետ գրեթե միաժամանակ ՍԴՀԿ-ին էր անդամակցել ու այդ կուսակցության ԿՎ անդամ դարձել նաեւ Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: Մենք փորձեցինք տեղեկանալ, թե կուսակցությունում ծավալված խմորումների առնչությամբ ինչ դիրքորոշում ունի նա: «Որքան ինձ հայտնի է, ՍԴՀԿ անդամ դառնում են կուսակցական սկզբնական կազմակերպությունում, Վ.Խաչատրյանը հայաստանյան կառույցի անդամ չէ: Իսկ պարոն Շիրխանյանին պետք է հարցնել, թե ո՞ւմ պատվերն է կատարում»,- պատասխանեց Գ.Եղիազարյանը: