Սպասում են նոր արժեզրկմանը

17/11/2009

Հայաստանյան բանկերը ներկայումս գերադասում են ավելի շատ վարկեր տրամադրել արտարժույթով, մասնավորապես, ԱՄՆ-ի դոլարով, ինչը, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի գնահատմամբ, վկայում է այն մասին, որ Հայաստանի գործարար միջավայրը սպասում է դրամի հետագա արժեզրկմանը: Ըստ Բ. Ասատրյանի, բանկերը նույնպես կանխատեսում են, որ դրամի արժեզրկումը կշարունակվի, ուստի վարկերը տալիս են դոլարով, որպեսզի կորուստներ չկրեն: «Բացեք բանկերի վարկային պորտֆելը. մենք տարի մտել ենք, երբ որ պորտֆելում մեծամասնությունը կազմում էին դրամային վարկերը, իսկ ապրիլ-մայիսից հետո արդեն մեծ տեսակարար կշիռը կազմում են դոլարային վարկերը: Ես կարծում եմ` այսօր պորտֆելը մոտավորապես 55-45, 57-43 տոկոս է կազմում` հօգուտ դոլարի, այն պարագայում, որ տարին մենք մտել էինք ճիշտ հակառակ հարաբերակցությամբ»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է ԿԲ նախկին նախագահը: Իհարկե, ըստ Բ. Ասատրյանի, դրամի կտրուկ արժեզրկում` ինչպես այս տարվա մարտի 3-ին տեղի ունեցածը, երբ մեկ օրում դրամն արժեզրկվեց 20-25%-ով, չի ակնկալվում: «Կարծում եմ` այն, ինչ որ ունեցել ենք այս տարվա մարտ ամսին` նման իրավիճակ չի լինելու: Իհարկե, ինձ էլ է անհանգստացնում Կենտրոնական բանկի կրկին միջամտությունը արժութային շուկայում, որը Կենտրոնական բանկը չպետք է անի, բայց նաեւ ես հասկանում եմ, որ իրավիճակը որակապես այլ է»,- ասել է նա` պարզաբանելով, որ ի տարբերություն անցած աշնանը առկա իրավիճակի, որն ի վերջո հանգեցրեց դրամի նման կտրուկ արժեզրկմանը, այս տարի Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշիռը պակաս մտահոգիչ է: Տնտեսական ճգնաժամի պատճառով Հայաստանում ներմուծումը կրճատվել է մոտ 1 միլիարդ դոլարով, ինչը նշանակում է, որ արժութային շուկայում ճիշտ այդքանով նվազել է դոլարի նկատմամբ եղած պահանջարկը եւ թուլացրել է դրամի նկատմամբ եղած ճնշումը: Ըստ ԿԲ նախկին նախագահի, սա հարցն արմատապես չի լուծել, դրա համար էլ Կենտրոնական բանկը շարունակում է դոլար վաճառել` պահելու դրամի փոխարժեքը: «Սակայն դա ելք չէ»,- հայտարարել է Բագրատ Ասատրյանը: ԿԲ նախկին նախագահի գնահատականների ճշմարտացիությունը երեկ եւս մեկ անգամ ապացուցվել է. «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6մլն 675 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 387.33 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: