«Հայերի եւ թուրքերի մեջեւ հարաբերությունները այսուհետ նոր որակ են ստանալու»,- ասում է հրապարակախոս Գեւորգ Տեր-Գաբրիելյանը

17/11/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

– Ինչո՞ւ 1993թ. մեկնեցիք Հայաստանից:

– Ես աշխատում էի Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետում` որպես դասախոս: Այդ տարիներին արդեն սկսվել էր ղարաբաղյան շարժումը, եւ ամեն մեկը փորձում էր ինչ-որ ձեւով օգնել: Մենք ընկերներով հիմնեցինք անկախ կազմակերպություն, որը կոչվում էր Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն: Սկսեցինք Ղարաբաղից, Ադրբեջանից լուրեր ստանալ` դրանք տրամադրելով տեղեկատվական կենտրոններին: Բացի լուրեր հավաքելուց, մենք կատարում էինք նաեւ վերլուծություններ: Հետո ի՞նչ տեղի ունեցավ: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը դարձավ նախագահ, Աշոտ Մանուչարյանը դարձավ Ազգային անվտանգության գծով նրա գլխավոր խորհրդականը: Նրանք էլ մեր կենտրոնին, որը մինչ այդ գոյատեւում էր «Արցախ» հայրենակցական միության միջոցներով, հրավիրեցին դառնալ պետության մի մաս: Մենք համաձայնեցինք: Դա երկար չտեւեց: Ընդամենը երկու տարի հետո Աշոտ Մանուչարյանը հրաժարական տվեց, եւ մեր կենտրոնը կործանվեց: Ա. Մանուչարյանի հրաժարականից երկու շաբաթ առաջ ես գնացի Պրահայի Կենտրոնական եվրոպական համալսարան, քանի որ այդ տարիներին, երբ ես աշխատում էի կենտրոնում՝ որպես տնօրենի տեղակալ, մի բան պարզ դարձավ ինձ, որ մենք իրականում չունենք քաղաքագետներ, կան մարդիկ, ովքեր վերլուծություններ են անում, մինչդեռ քաղաքագիտությունը Խորհրդային Միությունում զարգացած չէր, եւ անհնարին էր, որ զարգանա: Դա է պատճառը, որ ես 1993թ. մեկնեցի Հայաստանից: Մեկ տարի Պրահայում մնալուց հետո մեկնեցի ԱՄՆ, որտեղ եւ՛ դասավանդում էի, եւ՛ սովորում էի Կիրառական փիլիսոփայության ֆակուլտետում: Այնուհետեւ գնացի Գերմանիա, որտեղ աշխատեցի որպես գիտաշխատող, հետո գնացի Լոնդոն, որտեղ աշխատում էի «International Alert» կազմակերպությունում: 2007թ. եկա Հայաստան, երբ «Եվրասիա համագործակցություն հիմնադրամը» տնօրեն էր փնտրում: Դարձա հիմնադրամի տնօրեն:

– Այդ տարիներին Հայաստան այցելո՞ւմ էիք:

– Հայաստան շատ եմ եկել, հատկապես, որ աշխատանքս կապված էր տարածաշրջանային զարգացումների, խաղաղասիրական միջոցառումների եւ ծրագրերի հետ: Այդ տարիներին գնացել եմ նաեւ Վրաստան, Աբխազիա, Հարավային Օսիա, Հյուսիսային Կովկաս, Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ, Ռուսաստան, եղել եմ նույնիսկ Ադրբեջանում:

– Փաստորեն, մինչեւ Հայաստանից մեկնելը Դուք եւս իշխանության մի մասն էիք:

– Այո: Բավական մոտ էինք կանգնած իշխանությանը: Նույնիսկ մի պահ ես նախագահականի աշխատակիցն էի: Մենք իշխանության մի մասն էինք, բայց իշխանություն չունեինք: Ի՞նչ էինք անում. պարզապես խորհուրդներ էինք տալիս իշխանավորներին, այն էլ` դրանում պրոֆեսիոնալ չլինելով: Չնայած դրան, պետք է ասեմ, որ այն ժամանակ շատ կարեւոր փորձ կուտակեցինք, որն այսօր եւս օգտագործելի է:

– Իսկ ինչպիսի՞ն էր Հայաստանի ներքաղաքական կյանքը այդ տարիներին:

– Ես այն մարդկանցից չեմ, ովքեր միտինգներին կանգնում են եւ ամբոխի մի մաս են դառնում: Բայց 1988թ. շրջապատի պրեսինգը հարկադրում էր միտինգի գնալ: Ես ընկերներիս հետ գնում էի, բայց երկար չէի մնում այնտեղ: Մենք այդ տարիներին նոր թերթեր էինք ստեղծում, գրում էինք այդ թերթերի համար: Դրանք բավական շատ էին: Ինչ վերաբերում է հարթակ բարձրանալուն եւ խոսելուն, ես դա չէի անում, որովհետեւ չէի զգում, որ ասելու բան ունեմ: Թեեւ իմ ընկերներից շատերն առանց ասելիքի դուրս էին գալիս հարթակ եւ խոսում: Այդ տարիներին «Ղարաբաղ» կոմիտեն հենց իր գործունեության առաջին քայլերից սկսած մի շարք սխալներ արեց, որոնք ինձ իսկույն սառեցրին: Ինձ համար պարզ դարձավ, որ «Ղարաբաղ» կոմիտեն բավական անփորձ ու հանգամանքները հաճախ հաշվի չառնող խումբ էր: Բայց այդ տարիների քաղաքականությունը իրական քաղաքականություն էր, այսինքն` ժողովուրդը, իրոք, կարող էր քաղաքականությամբ զբաղվել, կարող էր մտնել ՀՀՇ-ի շենք եւ ինչ-որ գործ առաջարկել: Պատերազմ էր ու հսկայական գործ պետք է արվեր Ղարաբաղի, ղարաբաղցիների, փախստականների համար: Կար անկախ մամուլ: Երբ մենք աշխատում էինք Մանուչարյանի հետ, բոլոր կուսակցություններն իրար հետ վիճում էին: Բայց ամենահետաքրքիրն այն էր, որ չնայած դրան, երեկոյան գժտված կուսակցականները գալիս էին Մանուչարյանի առանձնասենյակ, հավաքվում էին ու հարցերի քննարկման միջոցով լուծումների միասնական դիրքորոշում էր ստեղծվում: Քաղաքականության մեջ բարձր մակարդակով կոնսենսուս ստեղծելու պրոցես կար, ինչը տեւեց մինչեւ 1993թ. ամառը:

– Հետո ի՞նչ պատահեց:

– Հետո, երբ Մանուչարյանը հրաժարական տվեց, այդ պրոցեսը կասեցվեց:

– Այն ժամանակվա ընդդիմությունն ինչպիսի՞ն էր:

– Այն ժամանակվա ընդդիմությունից ինձ համար խորհրդանշական է ոչ թե ՀՅԴ-ն, որը սխալ գործեց, երբ Սոս Սարգսյանին առաջադրեց նախագահի թեկնածու, որովհետեւ չի կարելի հարսանիքի գեներալ առաջադրել նախագահի թեկնածու: Տեր-Պետրոսյանի կողմից ՀՅԴ-ի նկատմամբ որոշակի վատ վերաբերմունք կար: Դա հենց սկզբից էլ ակնհայտ էր: Կարծում եմ` այն ժամանակ ընդդիմադիր որոշակի կերպար ուներ ԱԺՄ-ն` Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Վազգեն Մանուկյանի գործոնը շատ նշանակալի էր, երբ նա «Ղարաբաղ» կոմիտեում էր, դա մի վիճակ էր, երբ դուրս եկավ ՀՀՇ-ից եւ ձեւավորեց ԱԺՄ-ն` այլ վիճակ:

– Բայց այսօր այդ նույն ընդդիմադիր կերպարը նշանակալի դիմադիր է:

– Այո, ես նրա փոխարեն չէի մտնի Հանրային խորհուրդ, թեպետ ամեն մարդ ինքն է ընտրում` ինչպես կողմնորոշվել քաղաքականության մեջ: Հանրային խորհուրդն էլ գուցե հետաքրքիր երեւույթ դառնար, եթե այլ կերպ եւ այլ հանգամանքներում կազմակերպվեր, եթե տպավորություն չստեղծվեր, որ սա` առաջին` այն բանի համար է, որ քայքայի ընդդիմությունը մարտիմեկյան դեպքերից հետո, երկրորդ` եթե տպավորություն չստեղծվեր, որ մենք Ռուսաստանի օրինակին ենք հետեւում, եւ Հանրային խորհրդի ստեղծումից հետո հասարակական կազմակերպությունները պիտի պարտադիր ենթարկվեն դրան:

– Գուցե 1998-ին այդ նույն օրինակին էլ հետեւեցի՞նք, երբ նախագահ դարձավ Քոչարյանը:

– Երբ Ռոբերտ Քոչարյանը գալիս էր իշխանության, ես ուրախ էի, որովհետեւ այդ տարիներին երկիրը ճգնաժամի մեջ էր: Ես Կարեն Դեմիրճյանին չէի համակրում, որովհետեւ նա ինձ համար կոմունիստական լիդեր էր, որը, 80-ական թվականներին չկարողանալով իրադրությունը պահել, բաց թողեց, հետո կրկին եկավ թատերաբեմ: Վազգեն Սարգսյանից էլ ունեի շատ հակասական տպավորություններ: Բայց ինձ համար ուրախալին այն էր, որ Տեր-Պետրոսյանի հետ կապված ճգնաժամը այդպիսի ուժեղ անձնավորությունների միջոցով պետք է հաղթահարվեր: Դա հույսի պահ էր, որը շարունակվեց մինչեւ պառլամենտում տեղի ունեցած սպանությունները: Այդ ժամանակից ես դադարեցի հետեւել Հայաստանի քաղաքականությանը: Բայց պետք է ասեմ` ինձ համար ուրախալի էր այն, որ Քոչարյանը ՀՅԴ-ին մղձավանջային իրավիճակից դուրս բերեց` դարձնելով Կառավարության անդամ, ուրախալի էր, որ սկսվեց Ցեղասպանությունը ճանաչել տալու ամբողջ շարժումը: Ինձ թվում է, դա նաեւ հող էր` այսօրվա հայ-թուրքական հարաբերությունների համար: Սակայն մյուս կողմից՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում կատարվեցին փոփոխություններ, որոնք պարզապես իմ սկզբունքներին ու ճաշակին դեմ էին` օլիգարխիկ մաֆիաների իշխանության գալն ու հսկայական ուժ ձեռք բերելը, անճաշակության հաղթարշավը: Թվում է, թե ճաշակը անհատական է, օրինակ, մարդ կա, որ անկեղծորեն սիրում է մուղամ, ես անկեղծորեն չեմ սիրում: Բայց այդ ո՞ր օրվանից մուղամը դարձավ մեր քաղաքաշինությունը, ճարտարապետությունը, հուշարձանները: Այդ ամենը պատճառ ունի: Ինչպե՞ս կարող էր անճաշակությունը հաղթանակել: Դա նրանից է, որ այդ բոլոր հուշարձանների տեղադրումը, եկեղեցիների ու շենքերի կառուցումը կատարվում է ոչ լեգալ, ոչ օրինական միջոցներով, բացեիբաց չի հայտարարվում մրցույթ, կամ կազմակերպված մրցույթն էլ իրական չի լինում, եւ ժողովուրդը քննարկման հնարավորություն չի ստանում: Գերակա շահի օրենքով առեւանգում են մարդու սեփականությունը: Կարծում եմ` մենք մի կողմից փոքր ժողովուրդ ենք, իրար ճանաչում ենք, եւ իրար վատություն անելը հաստատ իմացվում է: Դրանից պետք է խուսափել եւ իրար նկատմամբ անարդար չվարվել: Մյուս կողմից էլ՝ մենք շատ ավելի դեմոկրատիայի պատրաստ ենք, քան շատերը կարծում են: Հարցն այստեղ այն է, որ մարդիկ մի պահ ընկան լճացման դեժավյուի մեջ, որովհետեւ Սովետից ժառանգած ունեին լավն ու վատը չտարբերելու կարողություն, այսինքն` Սովետի ժամանակ, ասենք, դու ջինս էիր վաճառում, ինչը պետության կողմից արգելված արարք էր, 200 ռուբլու օգուտ էիր ունենում, իսկ գնորդին, բնականաբար, ջինսն էր մնում: Կար երկրորդ տնտեսությունը` սեւ շուկան, որը մեր բոլոր բարոյական սկզբունքները խեղաթյուրել էր, ասենք, պետությունից գողանալը անբարոյական չէր համարվում: Իսկ գողանալը պետք չէ միայն ուղիղ ձեւով հասկանալ, հենց այն, որ ինչ-որ մեկը գրասենյակում զբաղված չէ աշխատանքով, դա եւս գողություն է: Ու դա վերածվում է կոռուպցիայի, որն սկսվում է հենց ուղեղից: Կոռուպցիան հենց այն է, որ դասախոսը չի ուզում ճիշտ թվանշան դնել, իսկ ուսանողը չի ուզում սովորել: Դա էլ խեղաթյուրել է մեր հասարակությունը:

– Դարձնելով դեպրեսիվ ու իր երկրի ապագան չտեսնող հասարակությո՞ւն:

– Ոչ մի դեպքում չէի ասի, որ մեր հասարակությունը կորցրել է ապագայի նկատմամբ իր հույսերը: Մարտի 1-ը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժումը ակտիվացրեցին իրադրությունը` ավաղ, ողբերգական միջոցով: Ես հույսեր տեսնում եմ: Հայ-թուրքական հարաբերությունների զարգացումները եւս ակտիվություն հաղորդեցին հասարակական կյանքին: Ես նկատի չունեմ այն ձեւական ակտիվությունը, որը դրսեւորեցին որոշ կուսակցություններ, այլ այն իրական ակտիվությունը, որ այսօր հասարակության մեջ կա: Այո, ակտիվություն կա, այլ բան է, որ ես այդ ակտիվության միասնական առաջնորդություն չեմ տեսնում: Չկա հստակ ծրագիր, թե դեպի ուր ենք շարժվում: Բայց կան մի խումբ մարդիկ, ովքեր ձեւակերպում են այդ ծրագրի որոշակի տարրերը:

– ՀԱԿ-ի, ավելի ճիշտ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի յուրաքանչյուր քայլը մեր հասարակությունը վերածում է սիմվոլի` Տեր-Պետրոսյանի լռությունը ինչ-որ բան է խորհրդանշում, խոսքը, արարքը նույնպես, ինչպես, օրինակ, վերջին ելույթի վերջաբանը: Ինչո՞ւ:

– Հետաքրքիր դիտարկում է: Կապված ելույթի վերջաբանի հետ՝ նշեմ, որ ինչպես ասում են` ֆրեյդիստական սայթաքում էր, այսինքն` երբ հեղինակը կարծում է, թե խոսքը ուրիշի մասին է, այնինչ իրականում խոսքը հենց հեղինակի մասին է:

Մարդիկ կան, ովքեր, կարդալով Տեր-Պետրոսյանի ճառը, ասում են` ճիշտ է, այս մեկը մի քիչ անհաջող ստացվեց, բայց դա պատճառ ուներ: Հետսովետական հոգեբանության մեջ դավադրության տեսությունը շատ խորը նստած է: Այլ օրինակ. Իլֆ ու Պետրովի մոտ, երբ ծովի ափին հավաքվում են ծերունիները եւ խոսում են քաղաքականության մասին: Նրանցից մեկն ասում է` ես Բրիանի բերանը մատս չէի դնի: Հիմա այդ նույնը ինչ-որ մեկը կարող է ասել Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին: Այսինքն` այդ ամենը անլուրջ խոսակցություն է: Տեր-Պետրոսյանի ելույթում կային մի քանի լուրջ թեզեր, բայց, ավաղ, նրա կուսակցությունն ու շարժումը չկարողացան ուշքի գալ եւ ունենալ իրենց ռազմավարությունը: Սերժ Սարգսյանն իր հայ-թուրքական քաղաքականությամբ, կարելի է ասել, հափշտակեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հին քաղաքականությունը եւ մի քանի քայլ առաջ անցավ:

– Այսինքն` Տեր-Պետրոսյանը դեռ իր իշխանության տարիների՞ն էր ուզում բացել հայ-թուրքական սահմանը:

– Իհարկե, Տեր-Պետրոսյանի ծրագրում դա կար. առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատում: Ավելին` ախր, Վազգեն Մանուկյանը, երբ դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ էր, իր հրապարակումներում, ինչպիսին է «Գնացքից թռչելու ժամանակը» դասական հոդվածը, նաեւ այն թեզն էր առաջ քաշում, որ Ռուսաստանի հետ պետք է հարաբերությունները ավարտել, իսկ Թուրքիայի հետ` զարգացնել: Դա, իհարկե, այն ժամանակ լրիվ արտառոց էր հնչում, եւ դա անհնարին էր անել: Չէ՞ որ դրան զուգահեռ՝ զարգանում էր ղարաբաղյան կոնֆլիկտը: Այսինքն` մի կողմից ձգտում էինք դեպի Արեւմուտք, մյուս կողմից՝ Ղարաբաղի պատերազմն էր, եւ ստիպված ընտրում ես միակ տարբերակը` Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատելը` եւ պաշտոնական, եւ ոչ պաշտոնական գործարքներով: Դրանցից շատերը գաղտնի գործարքներ էին: Դա կոռուպցիայի առաջին հետսովետական մուտքն էր Հայաստան: Պատերազմը հայերը շահեցին, բայց հաղթանակը ամրագրված չէ: Զոհեր եղան, եւ, ավաղ, բացի այդ զոհերից՝ մեր իրականությունում հիմնադրվեց կոռուպցիան: Իհարկե, նաեւ այն հոգեբանությունը, որ Հայաստանը ոչ մի անշահ օգնող չունի: Միայն նրանք, որոնց կաշառել է:

– Հիմա, ասես, բոլորիս համար սպասման փուլ է: Ի՞նչ կլինի:

– Արձանագրությունների առիթով չէի սպասի` դա անձրեւի պես բան է: Դա մեզանից կախված չէ: Ընդհանրապես քաղաքականության մեջ կանխատեսումներ անել չեմ սիրում: Մի բան կարող եմ ասել` վերջերս հանդիպել էի ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեին, որն ասաց, որ ամենաուշը մինչեւ դեկտեմբերի վերջ կբացեն սահմանը: Եթե նա ճիշտ դուրս եկավ, ես ամեն ինչ այնուհետեւ նրանից կհարցնեմ եւ կիմանամ: Կարծում եմ` նվազագույնը մինչեւ ապրիլ դեռ կձգվի իրավիճակը: Կարեւորն այն է, որ, ըստ մեր թուրք գործընկերների, հետդարձ չկա, եւ երբ էլ սահմանը բացվի, հայերի եւ թուրքերի միջեւ հարաբերությունները այսուհետ նոր որակ են ստանում:

– Իսկ ներքաղաքական կյանքում ի՞նչ կփոխվի:

– Խորհրդային Միության փլուզումից հետո երբ ես գնացի արտասահման սովորելու, սովորածս նոր սկզբունքներից մեկն այն էր, որ մարդ պետք է սովորի անընդհատ ապրել ռիսկի մեջ: «Փափուկ խորշը»` Խորհրդային Միությունը, քանդվեց, ու դա անվերադարձ է: Ինչպես մայրական արգանդից դուրս գալուց հետո է լինում մշտապես անապահովության զգացողություն: Կապիտալիստական կարգերը պահանջում են ռիսկերը գնահատել եւ ռիսկի դիմել: Պետք է դու ինքդ քեզ համար ստեղծես քո ապագան, այլ ոչ թե սպասես, դիտես սին գուշակությունները կամ սին գուշակություններ անես: Կփոխվի այն, ինչ մենք բոլորս կանենք:

– Եվ վերջում` կրկին մեկնելո՞ւ եք Հայաստանից:

– Որտեղ էլ մեկնեմ, միեւնույն է` մնում եմ Հայաստանում: