Հայաստանում արդեն հաստատվել է A /H1N1 վարակով վարակման 15 դեպք: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը հայտնել է, թե ներկայումս 8 հիվանդ գտնվում են բժիշկների հսկողության տակ` Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, սակայն բացառված չէ, որ նրանցից մի քանիսը հենց այսօր դուրս գրվեն: Նրա խոսքերով, բժիշկները հիվանդների վիճակը բավարար են գնահատում: Հունանյանի փոխանցմամբ, հիվանդները գտնվում են բժշկական հաստատությունում առաջին հերթին այն պատճառով, որ վարակի տարածումն արգելվի: Շուշան Հունանյանն ասել է նաեւ, թե համաճարակաբաններն աշխատում են ուժեղացված ռեժիմով, մասնավորապես իրավիճակի դիտարկում են անցկացնում դպրոցներում եւ մանկապարտեզներում: Նաեւ ուժեղացված հսկողություն է իրականացվում Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում: