Պահել Թուրքիայի էքսպանսիան

17/11/2009

«Ոչ Հայաստանը եւ ոչ էլ Թուրքիան պատրաստ չեն շարունակել արդեն իսկ սկսված գործընթացը»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Իգոր Մուրադյանը, ում համոզմամբ, արձանագրությունները Ցյուրիխում ստորագրվել են ոչ թե Հայաստանի եւ Թուրքիայի, այլ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ, իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն «առանց արտաքին աջակցության» հնարավոր չէ: Սակայն, ըստ Մուրադյանի՝ ԱՄՆ-ը այլեւս ունակ չէ աջակցել գործընթացին: «Մեր տարածաշրջանը սերտորեն կապված է ԱՄՆ-ի կողմից Կենտրոնական Ասիայում վարվող ռազմավարության հետ: Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի վերնախավը եւ ղեկավարությունը կորցրել են իրենց, ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայի հետ հարաբերություններն էլ, իրենց հերթին, անհասկանալի բնույթ են կրում, Կովկասն ԱՄՆ-ի համար դառնում է ավելի պակաս կարեւորություն ունեցող տարածաշրջան,- ասել է քաղաքագետը` ավելացնելով,- Ստացվում է, որ Հայաստանին եւ Թուրքիային ձեռքից բռնած բերեցին բանակցությունների սեղանի մոտ եւ այնտեղ թողեցին մենակ»: Ըստ նրա, Թուրքիան ԱՄՆ-ի կողմից բավարար ճնշում չի զգում: Իսկ այս դեպքում «Թուրքիայի նպատակն է միջազգային ինքնուրույնություն ձեռք բերելը, քանի որ Թուրքիան մտադիր չէ ենթարկվել ԱՄՆ-ի բռնապետությանը»: «Նրանք, ովքեր ասում են, որ Ղարաբաղը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում, չեն հասկանում, որ Թուրքիային այլ բան է հետաքրքրում,- հայտարարել է Մուրադյանը` մանրամասնելով,- Թուրքիան հասկացել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թե ձախողումը եւ թե հաջող ելքը որեւէ կերպ չեն համընկնում Թուրքիայի շահերի հետ»: Թուրքիայի համար կարեւոր մյուս խնդիրը, ըստ քաղաքագետի, սահմանի բացումն է: «ՆԱՏՕ-ի անդամ եւ Եվրամիություն ձգտող երկրի 330 կմ սահման, որը նաեւ տարածաշրջանային հավակնություններ ունի»,- ասել է նա: Մյուս խնդիրը քաղաքագետը համարում է «հայկական գործոնը մի կողմ թողնելը», ինչը, Մուրադյանի խոսքերով, անհնար է, քանի որ ոչ մի եվրոպական խոշոր երկիր շահագրգռված չէ այս գործոնը մոռանալու մեջ: Ըստ Մուրադյանի՝ ամերիկացիների հայտարարությունները, թե Թուրքիան իրենց գործընկերն է, ոչ այլ ինչ են, եթե ոչ դիվանագիտական բլեֆ: Ըստ նրա, ԱՄՆ-ը հստակ խնդիր ունի` «աշխարհի չորս կողմերում Թուրքիայի էքսպանսիան պահելը»: