Նա ասաց. «Հը՜մմմ»

17/11/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Քանի դեռ Թուրքիայի խորհրդարանը չի շտապում վավերացնել հայ-թուրքական հայտնի Արձանագրությունները, իսկ այս թեմայով նոր ասելիք հնարավոր չէ գտնել անգամ հուսահատ փնտրտուքի արդյունքում, պետք էր համաժողովրդական քննարկման նոր թեմա: Գագիկ Ծառուկյանին Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամի կոչումով, ասպետի թիկնոցով եւ Մանթաշովի անվան մեդալով զարդարելու արարողությունը, այդ առիթով Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի ելույթը (ով անկեղծ էր նույնքան, որքան բոլոր ելույթ ունեցողները), եւ ով ԲՀԿ առաջնորդին եկեղեցաշինության ոլորտում գրեթե անհասանելի բարձունք համարեց, եւս հասարակական քննարկման առարկա չի կարող լինել: Օլիգարխի այսօրինակ մեծարումը չի կարող հասարակական քննարկման նյութ դառնալ, քանի որ այս մարդու հանդեպ օդում նաեւ մի տեսակ անբնական վախ կա: Նման մեծարման վրա զարմանալու համարձակություն չունի նույնիսկ երկրի նախագահը:

«Խոզի գրիպի» տարածման խուճապը եւս չի կարող քաղաքականություն սպրդել, ինչպես, ասենք, Ուկրաինայում եղավ: Ամեն դեպքում, Հայաստանում ոչ մի լուրջ մարդ առայժմ չի հավատում, որ երկրային կյանքում իր վերջը կարող է պայմանավորվել խոզի գրիպի վիրուսով: Խոզի մսի չարաշահումից` գուցե…

Թիվ տասը ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածուներից մեկի` ոմն դերասան Վլադիմիր Կոստանյանի ուղերձը նույն ընտրատարածքի պատգամավորության թեկնածուներին` քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանին եւ բնության մեջ ազատ հանդիպող թերեւս միակ մարքսիստ Դավիթ Հակոբյանին` ունիսոն հանել թեկնածությունները` հանուն Նիկոլ Փաշինյանի շահերի, քննարկման համար նույնքան անլուրջ են, որքան դերասանի դերերը:

Եվ, ահա, օգնության հասավ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այս անգամ եւս, քաղաքական վերլուծության պրոցեսը տպավորիչ եւ խորհրդավոր դարձնելու համար պարոն Տեր-Պետրոսյանը հայերենի բառամթերքից հանեց արխաիկ մի եզր`«տվչություն»: Սակայն ելույթի պսակը վերջն էր` Ամենայն Հայոց կաթողիկոս դարձած Եղիազար Այնթապցու եւ Էջմիածնի միաբանների պատմությունը: Եղան հոդվածներ, ուր մանրամասն պատմվեց այդ` գուցե հանիրավի, սակայն մոռացված կաթողիկոսի կենսագրությունը: Դաշնակցականներն անմիջապես գլխի ընկան հնարավոր դավադրությունը. այդ պատմությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձն էր անձամբ Սերժ Սարգսյանին` համագործակցելու եւ հանցավոր համաձայնության գալու: ՀԱԿ ներկայացուցիչները, հասկանալի է, հիացած էին` որպիսի ակադեմիական խոսք, պատմական ինչպիսի տիպական անցք` այնքան բնորոշ մեր ժամանակներին: Եղան հարցադրումներ` ո՞ւմ նկատի ուներ Տեր-Պետրոսյանը` հիշելով Եղիազար Այնթապցուն` Սերժ Սարգսյանի՞ն: Իսկ գուցե իրե՞ն:

ՀԱԿ առաջնորդի ելույթում կարելի է անվերջ տողատակեր փնտրել, ինչով եւ զբաղված են այժմ քաղաքական գործիչներն ու կուսակցությունները: Որոշ ուժեր նույնիսկ զերծ մնացին ելույթի մասին վերաբերմունք արտահայտել` խոստանալով, որ կուսակցությունն այդ թեմայով հայտարարություն կանի ավելի ուշ` ակտիվի նիստում Եղիազար Այնթապցու պատմությունն ուսումնասիրելուց հետո: Սա իրո՛ք լուրջ չէ: Հայաստանում, համոզվելը դժվար չէ, ոչ մի գործողություն, որն ունենա կոնկրետ, ռացիոնալ արդյունք, չի կատարվում: Հատկապես` քաղաքական դաշտում: Բոլոր ուժերն ու անհատները զբաղված են միմյանց ելույթներն ու ասածները մեկնաբանելով կամ հերքելով:

Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքի հմայքն, առհասարակ, այն է, որ վերլուծությունը չի ենթադրում դրանից բխող գործողություններ: Ավելի շատ ունի գեղագիտական, անգամ էսթետիկական արժեք: Նման ելույթները նաեւ ձեռնտու են քաղաքականապես ծույլ գործիչներին, ովքեր պայքարելու համար նախատեսված էներգիան սպառում են ռեստորաններում կամ սրճարաններում` համեղ սնունդ ընդունելուն զուգահեռ` քաղաքական անցուդարձը քննարկելիս: Վերջին օրերին նրանք ազատ ժամանակ չունեն. Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում հակասություններ են փնտրում եւ գտնում: Տեր-Պետրոսյանի ելույթում, այո, կան հակասություններ, սակայն նա ունի ինքն իրեն հակասելու իրավունք, ինչպես եւ մեզնից յուրաքանչյուրը: Սակայն եթե, օրինակ, ՀԱԿ առաջնորդն օգտվում է իր այդ իրավունքից, մեզնից շատերը սեփական մտքերն արտահայտելու, իրենք իրենց հակասելու հնարավորությունից կամավոր զրկվել են եւ սեւեռվել են այլոց մտքերին: Տեր-Պետրոսյանը ելույթը գրել է ինքնուրույն, իր անունից: Եթե նա պատրաստ է հրապարակայնորեն ներել Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ լինելը, ապա այդ մասին ի լուր ամենքի ասել գուցե թե անհրաժեշտ չէր: Եթե որեւէ ձեւով ոչ լեգիտիմությանը խոչընդոտելու փորձ չի արվում, նշանակում է` համակերպվել այդ մտքին: Եթե «համակերպվել» ձեւակերպումն այնքան էլ հետաքրքիր չէ, կարելի է գործածել «ներելը»: Կամ` «ներել` հանուն պետության շահի»: Սա ՀԱԿ առաջնորդի կարծիքն է, սակայն սա մեկ հոգու կարծիք է, որը հարյուրավորներն ընդունում են որպես սեփական միտք եւ անառարկելի ճշմարտություն` իրենք իրենց զրկելով սեփական կարծիքն ունենալու առավելություններից:

Վերլուծաբանները գտնում են, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը գնա համագործակցության Սերժ Սարգսյանի հետ (հիմքը դարձյալ եւ միմիայն Եղիազար Այնթապցու պատմությունն է), ապա ժողովուրդը կզրկվի միակ ընդդիմությունից: Խնդիրն այն է, որ մեր երկրում թե իշխանությունները, թե ընդդիմությունը ձգտում են վիրտուալության: Թվում է` կան, իրականում` իրենց մասին զգացնել չեն տալիս: Քանի որ ողջ, կենդանի լինելու հիմնական գրավականը գործողությունն է: Իշխանության լուռ մերժումը եւս գործողություն է, դիրքորոշում: Սակայն դա արվում է առանց ալեգորիաների` կոնկրետ եւ հասկանալի: